Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի մեծագույն մտածող, եկեղեցական և քաղաքական գործիչ Գևորգ վարդապետ Սկևռացու «Մեկնութիւն Գործոց առաքելոց» մեկնողական երկը:
Աշխատասիրությամբ Հասմիկ Բադալյանի և խմբագրությամբ Գևորգ Տեր-Վարդանյանի հրատարակված այս բարձրարժեք մեկնությունը կարևորագույն տեղ է գրավում հայ աստվածաբանական գրականության մեջ:
Վերոնշյալ խմբագիր մեկնությունը կազմելիս Գևորգ վարդապետ Սկևռացին օգտվել է Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Կյուրեղ Երուսաղեմացու, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Կիրակոս Արևելցու համաբնույթ թարգմանական և հայագիր բնագրերից` նպատակ ունենալով միահյուսելու վերոհիշյալ աշխատանքները և կազմելու «Գործք առաքելոց»-ի ըմբռնելի ու համառոտ մեկնություն:
Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին