Լրահոս
Օրվա լրահոսը

Հետխորհրդային իրականությունը և ՀՀ ժամանակակից ՀՀ Սահմանադրական իրավունքի հիմնախնդիրները (Պատմաքաղաքական-իրավական համառոտ վերլուծություն ու առաջարկություններ ). սահմանադրական փոփոխություններին ընդառաջ

Հունիս 16,2014 12:56

(Կամ ինչու՞ պետք է ոչ ասել օլիգարխիական իշխանության ներկայացրած Սահմանադրությանը՝ կամ Սահմանադրական փոփոխությունների նախագծին)

Հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային բոլոր երկրներն անցան կապիտալիստական կամ այսպես կոչված շուկայական սոցիալ-տնտեսական և դրա վրա խարսխված բուրժուա-դեմոկրատական հարաբերությունների՝ կարգերի: Հայտնի դրական միտումների՝ բազմակարծություն, իրավունքի գերակայություն և այլ սկզբունքների ձևական-իրավական հռչակման հետ մեկտեղ նման անցումը բերեց նաև մի շարք կոնֆլիկտային իրավիճակների, սոցիալ-տնտեսական ծանր հետևանքների, որոնք ցավոք այսօր էլ խորանալով կարող են առավել աղետաբեր լինել: Դա մեր համոզմամբ հիմնականում արդյունք է այն բանի, որ անցումը սոցիալիստական պետական հասարակարգից դեպի ետ՝ կապիտալիզմի՝ պատմական զարգացման օրինաչափության խախտում էր՝ հետընթաց քայլ. եթե անցումը լիներ ստրկատիրությունից ֆեոդալիզմի, վերջինիցս էլ կապիտալիզմի ու բուրժուադեմոկրատական կարգերի, ապա հայտնի չափանիշներով դա կլիներ բնական, իրավաչափ և առաջադիմական, բայց անցումը կապիտալիզմին՝ սոցիալիստական-խորհրդային կարգերից՝ որն իր թերություններով, նույնիսկ արատներով հանդերձ անառարկելիորեն դրական էր մինչ այդ եղած կոնֆլիկտային հասարակարգերից, անօրինաչափ է: Այդ անցումը ծնեց գույքային աննորմալ բևեռացում՝ աղքատություն, գործազրկություն, սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով զանգվածային արտագաղթ ևն: Նախկին Խորհրդային Հայաստանում՝ այսօրվա Հայաստանի Հանրապետությունում օրինակ՝ 3 միլիոն բնակչությունից շուրջ 1 միլիոնը ( նվազագույնը… ) զանգվածաբար արտագաղթեց սեփական «անկախ», «դեմոկրատական» երկրից. այսօր էլ շարունակվում է արտագաղթը. բնակչության շուրջ 50%-ն աղքատ է. գործազրկությունը կրում է զանգվածային բնույթ. համատարած աղքատության ու գործազրկություն երկրում լույս աշխարհ են եկել ժողովրդի շահագործման, երկրի մակերևույթի և ընդերքի անխիղճ կողոպուտի շնորհիվ օրեցօր հարստացող ու գերհարստացող մի խումբ միլիոնատերեր ու միլիարդատերեր (դոլլարներով ու եվրոներով). երկրում հասունանում է սոցիալական աղետաբեր պայթյունը… Երկրում տեր ու տնօրինություն է անում պետական բարձրագույն իշխանության հետ սերտաճած. փաստորեն միաձուլված քրեածին-օլիգարխիական խմբավորումը, որը գործում է անսանձ ու անպատիժ. ժողովուրդը թե՛ իրավաբանորեն և թե՛ հատկապես փաստորեն հեռացված է իշխանությունից: Ստեղծված պայթյունավտանգ վիճակը, որը վտանգավոր է ոչ միայն ՀՀ-ի, այլև ոչ պակաս չափով ամբողջ տարածաշրջանի համար. նույնիսկ դրանից դուրս, վերացնելու կամ գոնե մեղմելու համար անհրաժեշտ է սոցիալ-տնտեսական և պետաիրավական բնույթի հրատապ ու արմատական փոփոխությունների իրականացում, որին ուղղված են և մեր առաջարկությունները, որոնք քանիցս արտացոլվել են մեր աշխատություններում (Տես օր. Մ. Մ. Թելունց, Աշխատությունների ժողովածու, «Էդիթ Պրինտ» հրատ., Երևան, 2011թ., Գրախոսականը՝ «Հայաստանի հանրապետություն», 2012թ., 6 ապրիլ N 62, Մ. Մ. Թելունց , «Լուսաշավիղ նախընտրական ծրագիր…», «Էդիթ Պրինտ» հրատ., Երևան, 2012թ. և ուրիշ.): Ստորև ներկայացնում ենք մեր մի շարք առաջարկությունները, որոնք ուղղված են վերը նշված հիմնախնդիրների լուծմանը. անցնենք դրանց համառոտ քննարկմանը:
***
2010թ. լրացավ 1995թ. հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 15 տարին: Դա անշուշտ, իրադարձություն էր, և միանգամայն բնական էր, որ երկիրը, իշխանություններն ու հանրությունը հանդիսավորությամբ նշեցին այդ տարելիցը: 1995թ-ի Սահմանադրությունը պաշտոնապես ընդունված և սահմանված չափանիշներին համապատասխան հայկական երկրորդ Սահմանադրությունն է (առաջինը՝ 1922թ. ընդունված Խորհրդային Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է. իհարկե, եթե նկատի չունենանք ՀԽՍՀ հետագա 1937, 1978թթ. Սահմանադրությունները ):
Անշուշտ, 1995թ. ընդունված Սահմանադրությունն իր իսկ գոյությամբ, միայն իրենով՝ իր իսկ գոյության փաստով, նշանավորում է դրական միտում՝ այն մեր պետության կարևորագույն խորհրդանիշներից է: Բացի այդ, անկախ նրանում հռչակված բազմաթիվ նորմերի սոսկ հռչակագրային բնույթից, այնուամենայնիվ, այն երկրի ժողովրդին ազդարարում է աշխարհում գոյություն ունեցող ժողովրդավարական գործընթացների մասին, մասնավորապես նրանց՝ երկրին ու ժողովրդին մղում դեպի կատարյալ իրավական ու փաստական ժողովրդավարացման՝ իրական ժողովրդաիշխանության հաստատման համար պայքարի: Դրա հետ միասին մեր ետևում կա ավելի քան 20 * տարվա բուռն իրադարձություններով լի մի փոթորկոտ շրջան՝ պատմություն, որը մենք պետք է օբյեկտիվորեն գնահատենք և անենք գործնական հետևություններ ( առանց որի, մեր համոզմամբ, Սահմանադրության հոբելյանն ամեն անգամ դառնում է անիմաստ ու անպտուղ ), եթե անկեղծ ցանկություն ունենք վերաիմաստավորելու մեր պետական գոյությունն ու ապահովելու առավել կամ պակաս չափով հուսալի ապագա՝ ժողովրդին հեռու պահելու անկանխատեսելի հետևանքներով հղի մեր դժվար ու բարդ ժամանակաշրջանի հնարավոր նոր փորձություններից : Ուստի, ըստ արժանվույն գնահատելով մեր Սահմանադրության գոյությունը, նրա ամենամյա հոբելյանը, առաջարկում ենք այն միաժամանակ դարձնել ժողովրդաիշխանական՝ ժողովրդավարական որակական փոփոխությունների ուղենիշ*: Ամենից առաջ անհրաժեշտ է ապահովել, սահմանադրորեն փաստական իրացման մեխանիզմներով ամրագրել ժողովրդի իրական մասնակցությունը երկրի պետական իշխանության ձևավորմանն ու իշխանության իրականացման նկատմամբ վերահսկողությանը:Այդ առնչությամբ հարկ է.
1. Ապահովել ժողովրդի՝ հասարակության լայն ներկայացուցչությունը ՀՀ Ազգային ժողովում՝ երկրի բնակչության թվաքանակի հետ համամասնաբար: ՀՀ ԱԺ-ն, իմ կարծիքով, պետք է ունենա երկրի 3 մլն. բնակչությունը ( ըստ մարդահամարների…) ներկայացնող ոչ պակաս 300 պատգամավոր ( ՀԽՍՀ-ում 1922թ. 300, մինչև երկրորդ հանրապետության անկումը 340 պատգամավորներ կային բարձրագույն օրենսդրական մարմնում ): Յուրաքանչյուր 10 հազար հայ, կամ պարզապես ՀՀ բնակիչ գոնե մեկ ներկայացուցիչ պետք է ունենա ԱԺ-ում՝ երկրի ժողովրդական ներկայացուցչական մարմնում: Ի դեպ մենք մոռացել ենք, որ դա ժողովրդական ներկայացուցչական մարմին է և ոչ թե անգլիական «գաղտնի խորհրդի» պես օլիգարխիական մարմին՝ կազմված 50, 100 կամ 131 հոգուց: Ինչ խոսք, գործադիր իշխանության համար քչաթիվ ԱԺ «կառավարելը» ավելի հեշտ է… Որ մեր երկրի բնակչությունը քիչ է՝ ընդամենը 3 միլիոն կամ փոքր-ինչ ավելի կամ պակաս, դա չի նշանակում, թե նրա ժողովրդական ներկայացուցչական մարմինը պետք է ընդամենը 131 պատգամավոր ունենա: Ընդհակառակը՝ ավելի շատ իսկական ժողովրդական ներկայացուցիչներ պետք է ունենա, որքան էլ դա գործադիր իշխանության համար «հոգս» դառնա… Պառլամենտում մշտական աշխատանքի (հանձնաժողովներ ևն ) համար կարելի է առանձնացնել՝ այսօրվա բարձր վարձատրությամբ, ընդամենը, օրինակ, 50 պատգամավոր, իսկ մյուս 250-ը կարող են համեմատաբար ցածր վարձատրվել, մեր պետության ֆինանսական վիճակը նկատի ունենալով, կարևորը ժողովրդական լայն ներկայացուցչության ( ուսուցիչ, բանվոր, բիզնեսմեն, գիտնական, անհամեմատ ավելի շատ, քան այժմ՝ կանայք ) ապահովումն է: Հարկ է, որ պատգամավորների ( 300 կամ ավելի ) առնվազն կեսը ընտրվի ոչ կուսակցական համակարգով՝ առանց ընտրագրավի և ընդգրկի ժողովրդի լայն ամենատարբեր խավերը ( այսօր նույնիսկ դասակարգերի մասին կարելի է խոսել … ) : Դա՝ ամենաբազմազան կարծիքների , թարմ մտքերի հոսքը խորհրդարան, կապահովի երկրի դինամիկ, հնարավորինս անկոնֆլիկտ զարգացումը: Այստեղ ավելորդ չեմ համարում բերել 19-րդ դարի մեր նշանավոր մտածողներից մեկի, բուրժուադեմոկրատական ուղղության գաղափարախոս Գրիգոր Արծրունու մտահոգիչ ու ուսանելի խոսքը. Արծրունին, մտահոգված նոր՝ կապիտալիստական կարգերի բերած՝ իր իսկ խոսքերով ասված, հրեշավոր բևեռացումներից, հասարակության մի փոքր մասի՝ հարուստների և նրա մեծ մասի՝ աղքատների միջև առաջացած անդունդից, ոչ միայն կոչ էր անում գոնե սոցիալ-տնտեսական՝ հարաբերական հավասարեցում ստեղծելու, այլև այդ անդունդը վերացնելու՝ հասարակության լայն զանգվածներին, բոլոր խավերի ներկայացուցիչներին լայնորեն ներգրավելու երկրի, պետության կառավարմանը՝ « … հարուստ դասի քնած, անշարժ, հետզհետե մտավոր անբերության մեջ սպառվող ուժերն ամբոխի կենսական հանճարի հոսանքով նորոգելու նպատակով»: Դա է, ըստ Արծրունու, ամեն ազգի մեջ միակ աղբյուրը կենսական և հասարակական մշտական վերանորոգման: «Ամբոխի (հասարակ ժողովրդի – Մ. Թ. ) անսպառելի հանճարը, իր թարմ, ստեղծագործ ոյժով, անդադար նորոգում է հասարակութեան բարձր (հարուստ – Մ. Թ. ) դասակարգերի, հետզհետե անշարժութեան և մտաւոր անբերութեան մէջ ընկնող զօրութիւնները: Այդ տեսակ հասարակութիւն միշտ առաջադեմ կլինի: Ընդհակառակը՝ այն հասարակութիւնների մէջ, որտեղ ստորին և միջին դասը մի անդունդով բաժանված է հասարակութեան բարձր դասակարգերից, այդ տեսակ հասարակութիւնների մէջ անկարելի է սպասել կանոնավոր հասարակական զարգացում, մշտական կանոնաւոր առաջադիմութիւն … «, – գրում էր Արծրունին : Սա բուրժուական կարգերի ջատագով գաղափարախոսի օբյեկտիվ մտահոգություն էր, իհարկե, էգալիտարիզմի դիրքերից, դեռևս կապիտալիզմի զարթոնքի՝ բուռն զարգացման ընթացքում, ուստի մեր օրերի արագորեն «արևմտականացող» , «եվրոպականացվող» բուրժուաշուկայական, լճացման ու անդունդի եզրին գտնվող՝ Օսվալդ Շպենգլերի արտահայտությամբ «դեպի իր մայրամուտն ընթացող հասարակարգի բարձր դասերի « համար այս խոսքերը պետք է որ ավելի մեծ տագնապ հարուցեն…
Իսկ ինչ վերաբերվում է Արծրունուն, ապա նա հստակորեն տեսնում էր, որ հրեշավոր գույքային բևեռացումը, « նոր հասարակարգի « մյուս կոնֆլիկտները, ժողովրդին իշխանությունից փաստացի հեռացումը, վաղ թե ուշ տանելու է այդ հասարակարգի կործանմանը:
2. Նոր Սահմանադրությունը կամ սահմանադրական նոր փոփոխությունը պետք է ամրագրի պատգամավորի վաղաժամկետ ետ կանչման հնարավորությունը նրա ընտրողի կողմից՝ օրենքով նախատեսված հիմքերով, այդ թվում ընտրողների վստահությունը չարդարացնելու հիմքով: Ի դեպ, այս հիմքը պետք է տարածել ընտրովի բոլոր պաշտոնյաների վրա՝ սկսած ՀՀ նախագահից կամ առաջին հերթին՝ ՀՀ նախագահից, եթե նա իրոք ծառայում է կամ իր կոչմամբ պետք է ծառայի ժողովրդին:
Չի կարելի դեմոկրատ լինել կամ որպես այդպիսին ներկայանալ՝ չպահանջելով վաղաժամկետ ետ կանչման ինստիտուտի ամրագրումը Հիմնական և մյուս օրենքներում: Ըստ որում, պետք է ետ կանչման իրացվող և ոչ թե խճողված մեխանիզմներ ստեղծել՝ այն դարձնելով համարյա չիրականացվող, իսկ գործող Սահմանադրության 66-րդ հոդվածի առաջին պարբերությունը պարզապես պետք է սահմանել հետևյալ կերպ.» Պատգամավորն իր գործունեության մեջ ղեկավարվում է օրենքով, առաջնորդվում իր խղճով և համոզմունքներով, հաշվի առնելով նաև ընտրողների պատգամներն ու օրինական շահերը՝ իր պատգամավորական գործունեության մասին պարբերաբար իրազեկելով նրանց «:
Դատական իշխանությունը, որը քաղաքացիների իրավունքների, օրինական շահերի ու ազատությունների իրական երաշխիք կարող է լինել, պետք է իրավաբանորեն ու փաստորեն սահմանազատվի գործադիր իշխանությունից. «իշխանությունների բաժանում» ազդարարող ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, այդ առնչությամբ, պարզապես զավեշտ է մի պայմաններում, երբ բոլոր դատավորներին՝ այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորների մի մասին, նշանակում և ազատում է գործադիր իշխանության գլուխը՝ ՀՀ նախագահը (միջանկյալ՝ Արդարադատության խորհուրդ ևն, բնականաբար, էական նշանակություն չունեն): Ըստ որում, ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` ՀՀ նախագահն իր հրամանագրով հաստատում է ( որից հետո նաև նշանակումներ կատարում ) Արդարադատության խորհրդի կազմած դատավորների ցանկը՝ իր համար ընդունելի թեկնածություններով: Դատավորների առավել կամ պակաս չափով անկախության, անաչառության երաշխիք կարող է լինել նրանց ընտրելն ու ըստ անհրաժեշտության վաղաժամկետ ետ կանչումն անմիջապես ժողովրդի՝ ընտրողների կողմից կամ գոնե ԱԺ կողմից՝ իհարկե, եթե վերջինս դառնա ժողովրդական ներկայացուցչական մարմին:
Արդարադատության անաչառության լրջագույն երաշխիք կարող է դառնալ երդվյալ ատենակալների ինստիտուտի ամրագրումը, որը նախատեսված էր 1995թ. ընդունված Սահմանադրությամբ և որը «լռելյայն» վերացվեց 2005թ. փոփոխություններով՝ լեթարգիական քնի մեջ գտնվող մեր ժողովրդի աչքերի առջև՝ հենց իր՝ «ժողովրդի ձեռքով» :
Դատավորների «ինքն իր հետ խորհրդակցելը» (խորհրդակցական սենյակում ու՞մ հետ խորհրդակցի) միանձնյա որոշումներ, վճիռներ և դատավճիռներ կայացնելն իսկական չարիք է դարձել և ծաղր հասարակության ու արդարադատության նկատմամբ… Իսկ երդվյալների ինստիտուտի, որը գործում է աշխարհի շատ երկրներում, և որի կայացումը Ռուսաստանում, օրինակ, վերջերս հպարտությամբ նշեց նախագահ (ներկայումս վարչապետ) Դ. Մեդվեդևը, բացակայությունը մեզ մոտ ի չիք է դարձնում արդարադատության, ժողովրդաիշխանության գոյության վերաբերյալ մեր բոլոր հավաստիացումները:
Ավելորդ չենք համարում վերստին բերել երդվյալների ինստիտուտը ՀՀ-ում մտցնելու անհրաժեշտության մասին մեր նշանավոր պետականագետ, ՀՀ 1995թ. Սահմանադրության ստեղծման ակտիվ մասնակից՝ իրավագիտության դոկտոր Հենրիկ Խաչատրյանի խոսքը. «Դեռևս ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին մեզ մոտ եռանդուն քննարկվում էր երդվյալների դատարան ստեղծելու խնդիրը: Եվ պետք է ասել, որ այդ հարցը լուծվեց դրականորեն և համապատասխան նորմ մտցվեց դատարանակազմության հիմունքների մեջ: Բայց այդ նորմը չկենսագործվեց (ինչպես նաև չկենսագործվեց 1995թ. ընդունված Սահմանադրության 91-րդ հոդվածը – Մ. Թ.): Այսօր. «Երդվյալների դատարանը ճանաչելու միտումը դրսևորվում է ամենուրեք: Ինչո՞վ է բացատրվում նրա լայն տարածումն աշխարհում: Առաջին հերթին պետք է ընդգծել, որ երդվյալների դատարանը, արդարադատություն իրականացնելու օբյեկտիվության և անաչառության հույժ կարևոր երաշխիք է դատավորի սուբյեկտիվ, կանխակալ վերաբերմունքից բխող սխալները կանխելու, հասարակության և առանձին մարդու կյանքում տեղի ունեցող բարդ ու բազմազան երևույթները հաշվի առնելու նկատառումով» (ընդգծումները մերն են – Մ. Թ.)»:
Մենք, իհարկե, ընդհամենը 1-2 հիմնախնդրի անդրադարձանք (մասնավորապես նկատի ունենալով, որ դրանց քանիցս անդրադարձել ենք մեր աշխատություններում և ընթերցողն անհրաժեշտության դեպքում կարող է դիմել դրանց և այլ աղբյուրների), սակայն խնդիրներն իրականում բավականին շատ են: Պակաս մտահոգող հարցեր չկան մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների իրացման փաստական և իրավական խոչընդոտները վերացնելու հարցում: Տեսեք, օրինակ, մի հասարակ ճշմարտություն՝ մարդը ստանալով բարձրագույն (կամ այլ) կրթության դիպլոմ՝ Վկայական, անառարկելիորեն իրավունք է ստանում իր մասնագիտությամբ աշխատելու: Սա հո վիճելի չէ: Դիպլոմ (Վկայական) ունես, աշխատանքային օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում ես. տեղ կա՝ կընդունեն, չկա՝ չեն ընդունի. մերժումն անօրինական կլինի՝ դիմիր դատարան: Բայց ահա տեսեք ինչ միջնադարյան համքարային խոչընդոտներ են ստեղծվել այդ՝ աշխատանքի ազատ ընտրության իրավունքի իրացման ճանապարհին՝ դիպլոմը ստանալուց հետո: Փաստորեն այդ դիպլոմը՝ կրթությունն առոչինչ համարելով՝ դեռ ինչ որ քննություններ, մրցույթներ, դպրոցներ պետք է անցնել, որ նոր միայն աշխատանքի ընդունեն կամ չընդունեն (օր.՝տես ՀՀ օրենքը փաստաբանության մասին՝ 14.02.2004թ.) : Այդ և մի շարք այլ համքարային՝ իրականում մարդու իրավունքներին հակասող հակասահմանադրական օրենքները և ենթաօրենսդրական ակտերը պետք է վերացվեն, Սահմանադրությունը այդ և բազմաթիվ այլ հարցերով պետք է իր արգելող նորմը նախատեսի, սահմանի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների երաշխիքները, փակի դրանց իրացման հնարավոր խոչընդոտների, մասնավորապես՝ գերատեսչական ճանապարհները:
Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, իրավագետի, պատմաբանի, գիտնականի, այս ավելի քան 20 տարիների ընթացքում միշտ զարմացրել, բնականաբար նաև մտահոգել է, որ մեր, այսպես կոչված, ընդդիմությունն իր գործունեության սլաքը միշտ ուղղել է այս կամ այն պաշտոնատար անձին քննադատելուն, փոխելուն, մեկ ուրիշով փոխարինելուն, և ոչ թե երկիրը խաղաղ ձևով փոխելուն՝ նրա Հիմնական օրենքն ու դրանում ամրագրված սոցիալ-տնտեսական, պետաիրավական հարաբերություններն արմատապես փոխելուն:
Ահա և Սահմանադրության 15-ամյա հոբելյանը հանդիսավորությամբ նշեցինք, մեկ անգամ ևս փաստեցինք, որ Հիմնական օրենք ունենք: Փաստենք նաև (թեկուզ միայն թվարկածս օրինակները հիմք ունենալով), որ այն բարեփոխելու խնդիր ունենք: Մեր հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, պետք է պետությունը, իշխանությունը «ժողովրդից պաշտպանող», ժողովրդից հեռացնող միջոցից դարձնենք ժողովրդին պաշտպանող, ժողովուրդ-պետություն միասնությունը հուսալիորեն ապահովող հզոր ուժ. սա պետք է խստորեն հաշվի առնի վերջերս (2013թ.) ՀՀ նախագահի կազմած սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը,* այլապես առկա իրողությունների պայմաններում՝ այսպես շարունակվելու դեպքում, հետևանքները կարող են աննախադեպ աղետալի լինել…
Մեծ հաշվով պետք է նկատի ունենանք, ինչպես արդեն ակնարկեցինք, որ մարդկային հասարակարգն իր ակունքներից սկսած ընթանում է պատմական զարգացման որոշակի հիմնարար օրինաչափությունների ուժով և այդ օրինաչափությունների ուժով էլ որոշակի փուլում անխուսափելիորեն տեղի են ունենում հասարակական խոշոր հերթափոխություններ: Եվ եթե ստրկատիրությունից անցումն ավատատիրության, վերջինից բուրժուակապիտալիստական կարգերի, սրանից էլ համայնավարականի՝ սոցիալիստականի՝ իր բոլոր թերություններով հանդերձ, առավել կամ պակաս չափով առաջադիմական, օրինաչափ էր, ապա սոցիալիստական հասարակությունից անցումը բուրժուակապիտալիստականի կամ, այսպես կոչված, «շուկայականի», առավել ևս վերջինիս ոչ թե զարթոնքի, այլ լճացման՝ ճգնաժամի փուլում, հետընթաց քայլ է՝ պատմական զարգացման օրինաչափության վտանգավոր խախտմամբ: Եվ խնդիրը ոչ թե նրանում է, որ նախկինը ներկայիս հասարակարգից լավ էր, թե վատ, կամ այն կարոտում ենք, այլ այն, որ նորը՝ հետսոցիալիստականն ըստ օբյեկտիվ օրինաչափության թե՛ նախկինից, թե՛ այսօրվա հասարակարգից պետք է լավ կամ ավելի լավը լիներ: Ընդհակառակը՝ մենք անցանք հին ու նոր անհաշտելի կոնֆլիկներով, խորացող սոցիալական ներհակություններով գերհագեցած, անկանխատեսելի ծանր հետևանքներով հղի մի իրականության՝ իր անհուսալի ապագայով, անբնական ու անբանական գույքային բևեռացումներով, անբուժելի ու ցնցող ճգնաժամերով և բոլորիս հայտնի «նոր» հասարակարգին բնորոշ բազում արատներով, բացասական երևույթներով (սոցիալական դաշինքի՝ միասնության վտանգավոր փլուզում, սոցիալական տարբեր խավերի միջև առայժմ «լուռ» թշնամության խորացում, զանգվածային արտագաղթ՝ որպես արդեն կատարված փաստ, նաև մասնակիորեն շարունակվող, համընդհանուր բարոյազրկում, ամուսնությունների թվի անկում, դրանց տարաժամկետում՝ սոցիալ-տնտեսական պատճառներով, ամուսնալուծությունների թվի աճ, բնակչության բնական աճի վտանգավոր անկում, քրեածին մթնոլորտի սրացում ևն): Պատկերավոր ասված մենք. «Ջրից դուրս եկանք, ջրհեղեղի մեջ ընկանք…»:
Ամենավտանգավորը՝ «70-ամյա» հանրային՝ սոցիալիստական հասարակարգը կործանելուց հետո մենք վերստին սկսել ենք դասակարգեր ստեղծել՝ հարուստներ և աղքատներ (բնականաբար նաև տիրող դասկարգերի «գերեզմանափորին»): ԽՍՀՄ-ում
դրանք չկային. ԽՍՀՄ-ում, այդ թվում, բնականաբար, Խորհրդային Հայաստանում, կային լավ, ավելի լավ կամ անհամեմատ լավ ապրողներ և պարզապես մարդիկ, ովքեր բավարար՝ տանելի մակարդակով էին ապրում. հարուստ և աղքատ հասկացությունները դասային՝ դասակարգային բովանդակություն ունեն, դրանք մեր օրերի բուրժուաշուկայական հարաբերությունների՝ կապիտալիզմի արդյունք են և բոլորովին էլ ամոթ չէ այդ ամոթալի ու անբնական իրողությունը տեսնելը…
Այդ առնչությամբ ուշագրավ դատողություններ է անում՝ ժողովրդի նախկին և ներկա կեցության վերաբերյալ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ԽՍՀՄ տարիների այլախոհ, պրոֆեսոր Ալեքսանդր Զինովևը. «Սովետական շրջանում ձևավորվել էր սոցիալական շերտերի որոշակի ստորակարգություն և դրան համապատասխան կենսամակարդակ: Բոլորը չէ, որ միատեսակ լավ էին ապրում: Շատերն ապրում էին գերազանց (բնակչության մինչև 5%-ը), շատերը՝ լավ ( մինչև 10%-ը), մեծ մասը՝ տանելի ( մինչև 60%-ը), մնացածը՝ միջինից ցածր կամ վատ: Բնականաբար՝ սովետական և ոչ արևմտյան չափանիշներով: Համաշխարհային սոցիոլոգիայում ընդունված է անհավասարության աստիճանը չափել հետևյալ կերպ՝ հաշվվում է կենսամակարդակի առումով բարձր մակարդակի վրա գտնվող 10%-ի հարաբերակցությունը ցածր մակարդակի վրա գտնվող 10%-ի նկատմամբ: ԽՍՀՄ-ում այն կազմում էր 4-ը 1-ի հարաբերակցությամբ (այսինքն՝ կենսակերպի, բարձր մակարդակի վրա գտնվողները 4 անգամ լավ էին ապրում ցածր՝ ստորին մակարդակի վրա գտնվողներից – Մ.Թ.), հետսոցիալիստական (կապիտալիստական՝ բուրժուաշուկայական – Մ.Թ.) Ռուսաստանում՝ 30-ը (որոշ տվյալներով 40-ը) 1-ի հարաբերակցությամբ (այսինքն՝ 10 տոկոս «բարձր», հարուստ խավը 30-40 անգամ ավելի լավ է ապրում – Մ.Թ.): Մեկնաբանություններ չեն պահանջվում» : Խորհրդային կարգերի նկատմամբ այլախոհ, ԽՍՀՄ-ից տարագրված գիտնականը ցավով է նշում, որ ԽՍՀՄ կուսակցական ղեկավարության համատարած դավաճանությունը հանգեցրեց այդ մեծ երկրի կործանմանը, որի արդյունքում. «Ինչ որ մտավոր պոռնկորդիներ և բարոյական տականքներ առանց որևէ ջանքերի, բոլորի աչքերի առջև, համընդհանուր թողտվության և անտարբերության պայմաններում մի քանի տարվա ընթացքում կործանեցին այն, ինչը ստեղծվել էր տասնամյակների ընթացքում՝ բազմամիլիոն ժողովրդի կողմից, տիտանական ջանքերի և հսկայական զոհերի գնով, ստեղծվել ժողովրդի լավագույն գլուխների, բարձր բարոյականության տեր քաղաքացիների կողմից» :
Ավելի սահմռկեցուցիչ տողերի ենք հանդիպում տնտեսագետ, ակադեմիկոս Վ. Խոջաբեկյանի մոտ, որը ՀՀ-ում տեղի ունեցած և տեղի ունեցող «նոր հասարակարգի կառուցման» գործընթացներն անվանեց ծանր հանցագործություն, ոճրագործություն՝ ուղղված հայ ժողովրդի դեմ : Միայն մեկ փաստ. 2000թ. դրությամբ ՀՀ-ում սեփականաշնորհված գույքի ( ըստ որում՝ հանրային և ոչ թե ֆեոդալական գույքի՝ սեփականության…) 90%-ից ավելին բաժին է ընկել ավելի քան 700 հազար ընտանիքների ընդհամենը 8%-ին, իսկ ազգային հարստության շուրջ կեսը՝ առավել հարուստ ընտանիքների 4-5%-ին: Սա լուրջ կոնֆլիկտ է, դեռ չհաշված նոր հասարակության բերած մյուս բացասական, աղաղակող երևույթները՝ սոցիալական դաշինքի փլուզում, բնակչության՝ ժողովրդի բնական աճի կտրուկ անկում, արտագաղթ, բարոյազրկում, թմրամոլություն, մարմնավաճառություն, անսանձ քրեածին մթնոլորտ ևն, ևն: Արագ թափով ընթացող «եվրոպականացումը», «արևմտականացումը» կամ «գլոբալիզացիան», ներսոցիալական ներհակությունները լուծելու հուսալի միջոցներ չեն, ընդհանրապես դրա համար միջոցներ չեն: Դեռ 19-20-րդ դարի բուրժուական առաջադեմ մտածողները (Օ. Շպենգլեր, Ա. Թոյնբի և ուրիշներ) զգուշացնում էին (թեպետ այսօր նրանց զգուշացման կարիքը չունենք՝ ամեն ինչ մեր աչքով ենք տեսնում), որ ներսոցիալական անհաշտելի կոնֆլիկտներով հղի, դեպի իր մայրամուտն ընթացող Եվրոպային, Արևմուտքին պատճենելն անհուսալի ուղի է :
Առավել քան անհուսալի ու անկանխատեսելիորեն վտանգավոր հետևանքներով հղի է իշխանություն-ժողովուրդ խորթացումը՝ որքան էլ որ ուժեղացվի պետական ապարատը՝ որպես ներսոցիալական կոնֆլիկտներից պաշտպանելու «ավանդական» միջոց: 19-րդ դարի մեր նշանավոր մտածողներից բուրժուական դեմոկրատ Ստեփանոս Նազարյանը արտահայտելով իր բացասական մոտեցումը հեղափոխությունների՝ ընդհանրապես, 18-րդ դարի ֆրանսիական մեծ հեղափոխության ավերիչ բնույթի նկատմամբ՝ մասնավորապես, վերջինիս հիմնական պատճառներից մեկը, եթե ոչ հիմնականը, համարում էր հենց պետություն-ժողովուրդ խորթացումը, ժամանակին սոցիալական ներհակությունները, ծառացած հիմնախնդիրները չլուծելը :
Անշուշտ, մի շարք հիմնախնդիրներ միայն Հայաստանին չէ, որ վերաբերվում են. դրանք համընդհանուր բնույթ են կրում, սակայն նույնիսկ ամենաավերիչ այդ գործընթացների հոլովույթում էլ ներսոցիալական խնդիրները լուծելու, ժողովուրդ-պետություն միասնությանն առնչվող այլ խնդիրները լուծելու գործում ամենամեծ պատասխանատվությունն ընկած է ազգային պետության վրա: Իսկ հիմնախնդիրների լուծման միակ հուսալի գրավականը, ընդգծում ենք վերստին, ժողովրդի լայն ու իրական մասնակցության, ըստ որում՝ վճռորոշ մասնակցության ապահովումն է երկրի կառավարմանը, այդ հիմնախնդրի սահմանադրական լուծումը: Հին լատինները (հռոմեացիք) ասում էին. «Historia est magistra vitae»՝ պատմությունը կյանքի խրատատուն է՝ ուսուցիչը. չի կարելի անտեսել պատմության դասերը…
Առաջադրված հարցերից շատերը ՀՀ Սահմանադրական իրավունքի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրներ են. դրանք սակայն ոչ միայն մասնագիտական լուծում են պահանջում, այլև մեր իրավագետ-գիտնականներն՝ առաջին հերթին, պետք է դրանց լուծման հրատապության հիմնախնդիրները ներկայացնեն իշխանությանը, քանզի դրանց արմատական լուծումից էապես կախված է նաև հնարավոր սոցիալական աղետաբեր պայթյունների կանխումը…
Իրենց անհասկացողությամբ կամ անպատկառությամբ. անպատժելիությամբ քրեածին օլիգարխիան շարունակում է վիճակը հասցնել նրան, որ միայն մի տարբերակ է մնացել՝ ժողովուրդը պետք է առաջադրի իր Սահմանադրությունը՝ մերժելով իշխանության ու նրան հավատարիմ ծառայող ձեռնասուն դոկտորների ներկայացրածը… Համաժողովրդական համընդհանուր պայքար՝ ըստ որում արմատական-հեղափոխական ՝ այլ ճանապարհ, մեր համոզմամբ, այլևս չի մնացել… Այսպես ավելի շատ կորուստներ ենք կրում…

x x x

Այժմ համառոտ իշխանությունների կամ Սերժ Սարգսյանի ներկայացրած Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին և թե ինչու պետք է ոչ ասել իշխանության՝ կառավարող քրեածին-օլիգարխիական խմբավորման ներկայացրած Սահմանադրությանը կամ սահմանադրական փոփոխությունների ՛՛ կարկատանային՛՛ նախագծին՝ որպես իրականում իրենց համաժողովրդական իշխանությունը երկարաձգելու, սոցիալական հնարավոր պայթյունը կանխելու փորձի (մեր կարծիքով հերթական անհաջող փորձի…):
Այդ նախագծում արմատական ոչինչ չի փոխվել, այսպես՝
Ազգային ժողովի պատգամավորների թիվը չի ընդլայնվում (ըստ որում, այն պետք է ընդլայնվի որակապես …): Ընտրական գրավը , որպես ակնհայտ հակաժողովրդական չի վերացվում՝ գոնե մեծամասնական համակարգով կատարվող ընտրությունների համար, դատավորների՝ առաջին հերթին՝ Սահմանադրական դատարանի անմիջական ընտրությունը ժողովրդի կողմից չի սահմանվում: Չի նախատեսվում պատգամավորի, ՀՀ նախագահի և մյուս ընտրովի պաշտոնյաների վաղաժամկետ ետ կանչումը՝ օրենքով նախատեսված հիմքերով ու կարգով՝ անմիջապես ընտրողների կողմից ևն:
Սահմանադրական փոփոխությունների հայեցակետն իրականում հաշվի չի առնում երկրի այսօրվա աղետալի վիճակը, ներսոցիալական և աշխարհաքաղաքական իրողությունների զարգացման ընթացքը. քրեածին-օլիգարխիական իշխանությունը վերստին ինքն իր համար է ,,Սահմանադրություն՛՛ ստեղծում՝ հերթական աչքակապություն շաղախված փարիսեցիական կարգախոսներով փորձելով հնարավոր սոցիալական պայթյունը կանխելու նպատակով երկարացնել իր հակաժողովրդական իշխանությունը. ահա թե ինչու ոչ միայն ոչ պետք է ասել այդ ,,Սահմանադրությանը՛՛ այլև պարզապես արդեն պահն է՝ իշխանությունից հեռացնել քրեածին-օլիգարխիական իշխանությանն ու ընդունել ժողովրդի Սահմանադրությունը ՝ երկիրը հանելով այս աղետալի վիճակից…
Պետք է նաև հիշել, որ ,,Խորհրդարանական Հանրապետություն՛՛, ,,Նախագահական՛՛ կամ ,, Կիսանախագահական՛՛ ևն հասկացությունները, հռչակումներն աբսուրդ են՝ խաբեություն՝ եթե չեն սահմանվում մեր մատնանշած հիմնարար ինստիտուտները * :
Ամենից առաջ՝ լայն ներկայացուցչական հիմունքներով պետք է կազմվի Սահմանադրական նոր հանձնաժողովը՝ ոչ միայն բացառելով նրանում Գ.Հարությունյանի ( ի դեպ, որի գլխավորած ,,ՍԴ՛՛-ն մինչ այժմ սոսկ օրինականացրել է քրեածին օլիգարխիայի ապօրինի իշխանությունը, դրանով իսկ ավելի մեծ վնաս հասցրել երկրին ու ժողովրդին, քան նույնիսկ արտաքին թշնամին …) պես դրածո ,,դոկտորները՛՛ և այլք, այլ տեղերում հասարակական ժողովներում այդ հանձնաժողովների կազմում առաջադրվեն ժողովրդի ներկայացուցիչներ (կարծում ենք, որ առայժմ իրավաբանների և այլ մասնագետների պակաս չկա). ըստ որում ոչ միայն իրավաբաններ և այլ մասնագետներ, այլև ,,հասարակ՛՛ անձինք՝ աշխատավորության, մտավորականության ներկայացուցիչներից:
Երկրորդ՝ ժողովրդի՝ լայն հասարակայնության քննարկմանը պետք է ներկայացվեն Սահմանադրության երկընտրական նախագծեր՝ իշխանության ներկայացրած նախագծին զուգահեռ.
Անշուշտ այս հարցերը, և ընդհանրապես իրապես ժողովրդական Սահմանադրություն ընդունելու համար , ինչպես ցույց է տալիս նախընթաց և ներկա իրողություններն , այսօր արդեն կառավարող օլիգարխիական իշխանության հեռացումն այլընտրանք չունի …
Սույն աշխատությունում (Հավելվածում) ներկայացրած* Սահմանադրության նախագիծը, որը հազարավոր ընթերցողների, նաև գիտնական-մասնագետների՝ տես հրապարակային գրախոսականները, հավանությանն է արժանացել՝ իրոք առկա պայմաններում առավելագույնս ժողովրդական է, պատրաստի միջոց է՝ գործիք ժողովրդի ձեռքին իմանալու համար թե կոնկրետ ինչի համար պետք է պայքարել՝ ոտքի կանգնել, համընդհանուր հուժկու պայքարի ելնել ու ամեն գնով ՝ իշխանական- քրեածին-օլիգարխիաին հեռացնել իշխանությունից, եթե նա այս անգամ էլ խոչընդոտ հանդիսանա ՝ բացահայտ կամ քողարկված ձևերով ու հասնել հաղթանակի … ՛՛ Carthago Delenda east ՛՛. Պատրանքներով տարվել այլևս չի կարելի…
x x x

Հրապարակի վրա է ՀՀ սահմանադրական փոփոխությունների ,,Հայեցակարգ՛՛-ը՝ նախագիծը՝ մարտ 2014, որն արժանացել է ՀՀ նախագահի հավանությանը…
Այդ նախագիծ-հայեցակարգը ընդհանուր առմամբ, ինչպես և սպասվում էր, բովանդակում է վերացական դրույթներ՝ ,,իրավունքի գերակայություն՛՛, ,,մարդու իրավունքներ՛՛ ևն, ևն . :
Հայեցակարգում կառավարման խորհրդարանային համակարգին անցնելու հնարավորության մասին գաղափարն անշուշտ որոշակի հետաքրքրություն կարող է ներկայացնել. այդպիսի որոշակի հետաքրքրություն կարող է ներկայացնել նաև ՀՀ նախագահին 7 տարով խորհրդարանի կողմից ընտրելու մասին դրույթը (նախագահին խորհրդարանի կողմից ընտրելը մեր կարծիքով թեպետ և հրապուրիչ, այնուամենայնիվ, այնքան էլ ճիշտ չէ. պարզապես ուժեղ նախագահի կողքին՝ նախագահի վրա արդյունավետ ազդեցություն ունեցող ուժեղ, իրականում ժողովրդի կողմից ընտրվող խորհրդարան պետք է լինի և ոչ թե ժողովրդի կողմից չընտրվող նախագահ … Ավելի լավ է նախագահ չլինի (լինի միայն վարչապետ), քան լինի այդպիսի նախագահ …). սակայն ինքնին վերցրած դրանք ոչինչ չեն նշանակում, քանզի Հայեցակարգում բացակայում են կոնկրետ ու արմատական սոցիալ-տնտեսական, պետաիրավական փոփոխությունների մասին գաղափարները՝ որոնք են՝ անմիջապես ժողովրդի կողմից բոլոր պաշտոնյաների, այդ թվում դատավորների ընտրովիությունը , ընտրողների առջև նրանց պատասխանատու, հաշվետու լինելը, քաղաքացիական նախաձեռնության կարգով՝ օրենքով նախատեսված հիմքերով նրանց, բնականաբար առաջին հերթին պատգամավորների՝ իրենց չարդարացրած, վաղաժամկետ ետ կանչումը, գրավի՝ միջնադարյան այդ խայտառակ մնացուկը վերացնելու մասին ևն:
Բացակայում է նաև Ազգային ժողովի կազմն արմատապես ընդլայնելու՝ մեծացնելու (օր. 300 կամ ավելի պատգամավորներ), ըստ որում հիմնականում անմիջապես ժողովրդի կողմից՝ մեծամասնական համակարգով ընտրվող պատգամավորների միջոցով, գաղափարը: Ոչ մի խոսք չկա նաև մարզպետների ինստիտուտը ընտրովի դարձնելու մասին: Ոչ մի խոսք չկա մի քանի հոգու կողմից թալանվող ընդերքը՝ հանքարդյունաբերությունը, էներգետիկ, այդ թվում ջրային համակարգը, կապն ազգայնացնելու՝ դրանք մասնավոր ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես սեփականություն կամ օգտագործման հանձնելն արգելելու մասին ևն: Ընդհանուր առմամբ՝ դա սոսկ մանր բուրժուական, դեկլարատիվ փոփոխությունների հայեցակարգ է, համեմված ,,մեր դոկտորների՛՛ ճոռոմաբանությամբ, փարիսեցիությամբ , որն արմատական սոցիալ-տնտեսական, պետաիրավական, իրավական ու փաստական փոփոխությունների չի բերելու, երկիրն այս աղետալի վիճակից չի հանելու. ավելին՝ շարունակելու է վիճակն ավելի վատթարացնել, ավելի ու ավելի աղետալի դարձնել…
Այդ հայեցակարգը, բնականաբար նաև դրա հիմքի վրա նախատեսվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը հերթական կարկատանային աչքակապություններ կարող են լինել միայն՝ միտված կառավարող քրեածին օլիգարխիայի իշխանությունն երկարաձգելուն՝ կեղծ ճանապարհով սոցիալական լարվածությունը թուլացնելուն… Ուստի ժողովուրդն այսօր պետք է անհապաղ իշխանությունից հեռացնի կառավարող խմբավորմանը՝ նախագահ, վարչապետ, գործող Ազգային ժողով, մարզպետներ ևն, և ներկայացնի Սահմանադրության իր նախագիծը՝ փրկելու համար ցեղասպանության ցավալի ողբերգական 100 ամյակին ընդառաջ գնացող այս դատարկվող, ավերվող , մի խումբ բիրդան աղաների կողմից հոշոտվող երկիրը… ,,Carthago Delenda est՛՛
Մալիկ Միրաքի Թելունց
Իրավագետ, պատմաբան, պատմական գիտությունների
թեկնածու. Արդարադատության առաջին դասի խորհրդական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30