ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերին:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ համարեց Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ Հայաստանի մարզերում իրականացված ծրագրերը՝ մասնավորապես առանձնացնելով սոցիալական բնակարանաշինության, գյուղական համայնքների, զբոսաշրջության զարգացման ուղղություններով կատարված աշխատանքները:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) կողմից Հայաստանի տարածքային զարգացման նոր հիմնադրամի վերակազմավորման եւ կայացման գործընթացին աջակցելու եւ այդ նպատակով դրամաշնորհային միջոցներ հատկացնելու համար: Կողմերն ընդգծեցին նոր հիմնադրամի դերը տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Քննարկվեցին նաեւ մարզերում իրականացվելիք զարգացման ծրագրերին շվեյցարական կողմի մասնակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես` անդրադարձ եղավ Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին Շվեյցարիայի կառավարության կողմից օժանդակության հնարավորություններին:
Կարդացեք նաև
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին