Այսօր Երեւանում կայացավ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման համար ՀՀ արդյունաբերողներին եւ գործարարներին նախապատրաստման խնդիրները» թեմայով համաժողովը:
Համաժողովին ներկա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ համաժողովը նպատակ ունի Հայաստանի արդյունաբերողներին նախապատրաստելու Մաքսային Միության անդամակցության գործընթացին:
«Մեր առջեւ խնդիր է դրված, որպեսզի մեր արտադրողներին ծանոթացնենք Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ստանդարտներին»: Պրն Բադալյանը տեղեկացրեց, որ համաժողովին հրավիրված են ՄՄ անդամ երկրների տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, որոնք Հայ արտադրողներին կծանոթացնեն ՄՄ տարածքում գործող ստանդարտների հետ՝ 2015 թվականի հունվարի 1-ից ՄՄ շուկա իրենց արտադրանքը արտահանել կարողանալու նպատակով:
«Այսօր Հայաստանում գործող 76 տեխնիկական կանոնակարգեր կան, սակայն ՄՄ-ում դրանք 34-ն են: Հիմա ընթանում են բանակցություններ, որ 2015 թվականի հունվարի 1-ից դրանք սկսեն գործել»:
Կարդացեք նաև
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների հարցերին պատասխանելիս, նշեց, որ նախ եւ առաջ, պետք է հստակ պատկերացնել, որ Հայաստանի տնտեսությունը տարիներ շարունակ աշխատել է տեխնիկական ստանդարտներով եւ նորմերով, որոնք ընդունված էին ամբողջ ԱՊՀ տարածքում:
«Այսօր, երբ մտնում ենք ՄՄ, որոշ ապրանքների ստանդարտների հետ կապված հստակեցումներ են լինելու, որոնց շուրջ սեպտեմբեր ամսից տարվում են աշխատանքներ: Անցումը աստիճանաբար իրականացվում է: Այսօր բիզնես ճյուղերի հետ ավելի շատ աշխատանքային քննարկումներ անցկացնելու կարիք ունենք, որպեսզի մեր տեղական արտադրանքը լիարժեք անցնի տեխնիկական վերազննման եւ չափորոշիչները համապատասխանեցման»:
Ռուսաստանի արտադրողների եւ գործատուների միության փոխնախագահ Անդրեյ Լոցմանովն էլ լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Մաքսային Միության երկրների եւ Հայկական արտադրանքի ստանդարտների միջեւ տարբերությունը այդքան էլ մեծ չէ, քանի որ բոլոր ստանդարտների հիմքը սովետական ստանդարտներն են:
Համաժողովը կազմակերպվել է Ստանդարտների ազգային ինստիտուտի եւ ՌԴ տեխնիկական կանոնակարգերի եւ չափագիտության դաշնային գործակալության կողմից: Համաժողովին մասնակցում էին Հայաստանից եւ Ռուսաստանից տարբեր ոլորտների գործարարներ, արդյունաբերողներ, գերատեսչությունների եւ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ