Այս օրերին ֆուտբոլային կյանքով ապրող աշխարհում հետաքրքիր իրադարձություններ են կատարվում ոչ միայն Բրազիլիայի խաղադաշտերում:
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը 90 օրով որակազրկել է գործկոմի նախկին անդամ, ԳՖՀ-ի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ, 68-ամյա Ֆրանց Բեկենբաուերին: Պատճառը՝ ՖԻՖԱ-ի ղեկավար կազմում 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրության հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելն է:
ՖԻՖԱ-ում այդ գործով զբաղվում է այդ կազմակերպության էթիկայի պալատի նախագահի տեղակալ Մայքլ Գարսիան: Վերջինը գործով ցուցմունք տալու առաջարկով դիմել է Բեկենբաուերին, սակայն մերժվել է: «Բավարիայի» պատվավոր նախագահի խոսքերով՝ ինքը պարտավոր չէ համագործակցել հետաքննության հետ, քանի որ ֆուտբոլային ակտիվ գործունեությամբ այլեւս չի զբաղվում:
Ավելի հետաքրքիր է այն, որ օրերս լրատվամիջոցները գրում էին, թե ցուցմունք տալուց հրաժարվելու մեկ այլ պատճառն էլ այն է եղել, որ «Կայզեր Ֆրանցը» անգլերենին չի տիրապետում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
14.06.2014