Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրով ենք արարում մեր երաժշտությունը»

Հունիս 16,2014 14:06

Երգչուհի Կարինե Առուստամյանը՝ The Band երաժշտական խմբի մասին

Երգչուհի Կարինե Առուստամյանը The Band երաժշտական խումբն իր լավագույն ձեռքբերումներից է համարում: Երազել է այնպիսի խումբ ունենալ, որի երաժիշտները կապրեն երաժշտությամբ, սրտացավ կլինեն եւ չեն վերաբերվի երաժշտական խմբին միայն որպես գումար վաստակելու միջոց: The Band-ի երաժիշտներն են Նիկ Էգիբյանը (վոկալ), Հովսեփ Երեմյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Համլետ Շաղոյանը (սոլո կիթառահար), Հակոբ Թորգոմյանը (բաս կիթառահար) եւ Հովսեփ Եգանյանը (հարվածային գործիքներ): Խումբը ստեղծել են Կարինեն ու Հովսեփը, հետո միացել են իրենց երաժիշտ-ընկերները: Հիմա խումբն ընտանիքի պես է ապրում՝ հացի փոխարեն կիսելով երաժշտությունն ու հետաքրքիր մտահղացումները:

-Կարինե, ձեր խմբի անվանումը երաժշտական ոճերի ո՞ր ցուցակում կարելի է գտնել:

-Ոճային առումով տարբեր ենք. փոփ, ռոք, բալլադներ, սոուլ, R&B… Հիմա սկսել ենք նաեւ էթնո-ֆանք գործեր կատարել, քանի որ ցանկանում ենք մատուցել մեր ազգագրական երգերը՝ համեմված արտասահմանյան տարրերով: Ինչքան էլ սիրում ենք օտարը, չպետք է մոռանանք, որ մեր ազգայինն ունենք, որը դրսի երաժշտությանը ոչնչով չի զիջում…

-Որո՞նք են այն դժվարությունները, որ հաճախ են «ոտքի տակ» ընկնում:

-Միշտ չէ, որ երաժշտությունը ըստ արժանվույն է գնահատվում. կարող ես ամիսներ աշխատել մեկ երգի վրա, իսկ մարդիկ այն երկու-երեք անգամ լսելուց հետո մոռանան ու այլեւս այդ երգին չվերադառնան: Այդ պատճառով պետք է ունկնդրիդ համար անընդհատ նոր բան մտածես, երաժշտությանը հետաքրքիր լուծումներ տաս, պայքարես ու չդադարես աշխատել: Պիտի հանդիսատեսիցդ մի քայլ առաջ մտածես, որպեսզի կարողանաս զարմացնել նրան: Խումբը փորձում է իր դիրքում մնալ եւ, որ ավելի դժվար է, պահպանել դիրքը: Բայց չեմ բողոքում. մենք սիրով ենք արարում մեր երաժշտությունը: Երբ մի բան սիրով ես անում, բեմում երգում, պարում ես ու խենթանում, բոլոր ապրումները փոխանցվում են հանդիսատեսին: Ինքն էլ սկսում է սիրել քո մատուցած երաժշտությունը, որ իրական է՝ զուրկ ձեւականություններից: Էական չէ, թե քանի հոգի է մեզ լսելու գալիս: Կարեւորն այն է, որ մարդիկ փաբ են գալիս հատուկ մե՛զ լսելու համար: Այս համատեքստում մնացած բոլոր դժվարությունները հետին պլան են մղվում:

-The Band-ի հետ ժամադրվելու վայրը հաճախ է փոխվում, ոճը՝ ոչ: Ձեզ կարելի է լսել տարբեր փաբերում: Ինչքանո՞վ է հարմար փաբերում ելույթ ունենալը:

– Անկեղծ ասած, փաբերում ելույթ ունենալը պատահական ստացվեց: Շատ խմբեր կան, որոնք փաբերում են հանդես գալիս եւ այդպիսով հայտնի դառնում: Ստանում ենք առաջարկներ, փորձում ենք հասկանալ՝ ինչքանով է տվյալ վայրը մեզ հոգեհարազատ եւ ըստ այդմ ընդունում ենք առաջարկը, կամ՝ մերժում: Փաբերում երգելը հիմնական աշխատանքի պես մի բան է դարձել: Այստեղ մեզ ավելի ազատ ու անկաշկանդ ենք զգում, հանդիսատեսի հետ շփում կա:

-Գիտեմ նաեւ, որ դասավանդում ես: Քո փոքրիկ ապագա գործընկերները մի օր իրենց ուսուցչուհուն կգերազանցե՞ն բոլոր լավ աշակերտների պես:

-Դասավանդելն աշխատանքիս ամենալուսավոր կողմն է: Անասելի շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ: Երբեմն այնպիսի սուր դիտարկումներ են անում, որ ուղղակի զարմանում ես: Շատ լավ սերունդ ունենք՝ խելացի եւ տաղանդավոր: Վոկալ առումով շատ ուժեղ են, շնորհալի: Նրանց համար հիմա շատ հնարավորություններ կան՝ դրսեւորվելու համար: Մի քանի տարի առաջ ամեն ինչ ավելի դժվար էր:

Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30