Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Առավոտը» աշխատատուն էր, ոչ թե աշխատավայր»

Հունիս 16,2014 14:16

«Թող առավոտները խաղաղ բացվեն «Առավոտում»,-
«առավոտցի» Ռուզան Արշակյանը շնորհավորում է «Առավոտին»

«Մեծ ակնածանքով մտա «Առավոտի» խմբագրություն: «Առավոտ» օրաթերթում աշխատատեղ ստանալը լուրջ լրագրողական դաշտում նույնն էր, ինչը ասենք՝ ամերիկյան կինոաշխարհում «Օսկար» ստանալը՝ եւ մասնագիտական կարողությունների, եւ պատասխանատվության առումով»,- «առավոտցի» Ռուզան Արշակյանն այսպես է հիշում 2002-ի այն ամառային օրը, երբ առաջին անգամ մտավ «Առավոտ» օրաթերթի խմբագրություն: Այստեղ էր եկել գործընկերուհուն՝ Արմինե Ուդումյանին տեսնելու. ընկերուհին «Առավոտի» լրագրող էր, իսկ ինքն այդ ժամանակ աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում:

«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում այս անգամ անդրադառնալու ենք Ռուզան Արշակյանին, որն արդեն յոթ տարի ապրում եւ աշխատում է Իսպանիայում: Իսկ մինչ այդ աշխատել է Հանրային, «Նորք», «Պրոմեթեւս», «ԱՐ» հեռուստաընկերություններում, «Հայոց աշխարհ» թերթում, եղել է «Տեսակետ» մամուլի ակումբի համահիմնադիրը:

«Մի անգամ Արմինեի հետ զրուցելիս պատմեցի հերթական նկարահանումներից մեկից դուրս մնացած «բոմբ» պատառիկների մասին, որ ուզած-չուզած՝ դուրս էի թողել հաղորդումից, որովհետեւ հեռուստատեսությամբ չէր կարելի ամեն ինչ եթեր հեռարձակել: Ընկերուհիս առաջարկեց հոդված գրել, որը տպագրվեց «Առավոտում»: Պատկերացնո՞ւմ ես իմ վիճակը. «օդերով» էի ման գալիս, թեպետ անուն, ազգանունս միայն առաջին տառերով էր՝ զգուշության համար, բայց իմ գրածն էր, որ տպագրվել էր «Առավոտում»… հետո էլի եղան հոդվածներ ու էլի… մինչեւ աշուն սկսեցի կանոնավոր թղթակցել արտահաստիքայինի կարգավիճակով, իսկ 2003-ին շատ անսպասելի Արամ Աբրահամյանն ինձ վստահեց սոցիալական բաժնի պատասխանատուի հաստիքը… այդպես սկսվեց…»,- պատմում է Ռուզան Արշակյանը: Հիշում է՝ աշխատում էր խմբագրության ամենամեծ՝ 12-րդ սենյակում. «Մեր աշխատասենյակը խմբագրության ամենամեծ եւ ամենաուրախ սենյակն էր՝ ծննդյան օրերն ու տոներն այդտեղ էինք նշում: Խմբագիրն ինձ տեղավորեց երկու հրաշալի մարդկանց՝ իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանի եւ սպորտային էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանի մոտ: Օրվա մեծ մասը միասին էինք, միմյանց տրամադրությունից, հոգսերից տեղյակ, մեր գործընկերներն էլ օրվա մեջ հասցնում էին «ծիկ» անել, ոտքի վրա մի անեկդոտ պատմել: Աշխատանքից հետո տուն չէինք շտապում, երաժշտություն էլ կար, երբեմն պարում էինք: Մի անգամ խմբագիրը պարգեւատրումից ինձ զրկեց՝ աշխատանքի ժամին պարելու պատճառով…,- ասում է նա եւ ավելացնում,- ուրախ մթնոլորտի «մեղավորը» հենց մեր խմբագիրն էր՝ իր թեթեւ, հումորաշատ բնավորությամբ եւ վերաբերմունքով: «Առավոտը» աշխատատուն էր, ոչ թե աշխատավայր…»:

Ռուզան Արշակյանն անկեղծանում է՝ մինչ խմբագրություն գալը՝ հատուկ պատկերացում չի ունեցել «Առավոտի» աշխատանքի մասին. «Քիչ-քիչ ծանոթացել եմ բոլորին, աշխատանքային պայմաններին: Գոհ լինելու էլ, դժգոհելու էլ լիքը առիթներ կային, բայց գոնե ես այդպիսի համերաշխ, միմյանց հետ կապված աշխատանքային կոլեկտիվ չեմ տեսել: Ես վստահ եմ, որ ոչ թե մենք ենք «հատուկ», այլ մթնոլորտն է եղել ի սկզբանե այդպիսին»: Հիշելով «Առավոտում» աշխատած ժամանակաշրջանը՝ Ռուզան Արշակյանը նկատում է, որ մեծ տարբերություն այսօրվա հետ համեմատած՝ չկա, միայն արտագաղթն այսօր ավելի շատ է: «Մեր սիրելի, խիստ բարեկիրթ տնօրեն Պետրոսը միշտ ասում էր. «Աշխատում եմ արագ անցնել ձեր սենյակի մոտով, էնքան «սթրեսավորված» մարդիկ են ձեզ այցելում»: Բնական է, սոցիալական ու իրավաբանական բաժինները նույն սենյակում են: Ընդհանրապես «Առավոտի» այցելուները հիմնականում մեր ժողովրդի ճնշված, ոտնահարված մասն էին, գալիս էին վերջին հույսով, թե որ «գրեք, բան էլ չփոխվի, գոնե սիրտներս կհովանա»: Իհարկե, մեր խնդիրը ինչ-որ մեկին հատուկ խայտառակելը չէր ու անիմաստ, աննյութ բողոքականներին մերժում էինք, նեղանում էին, շատ անգամ հեռանում էին՝ մեզ վիրավորելով, ի՞նչ արած: Գոնե ես հետապնդման չեմ ենթարկվել, «կհանդիպենք դատարանում» սպառնալիքներն էլ մնացել են օդում»,- պատմում է նա: Հիշում է, որ խմբագրությունում նշվում էին բոլոր տոները, մասնակցում էին թերթի ներկա եւ նախկին աշխատակիցները: «Նաեւ սպորտային էջի պատասխանատու Աշոտի շնորհիվ, պարբերաբար սպորտային մրցումների էինք գնում: Ուրախ հիշողություններ կան, բացասական էլ՝ բնականաբար, բայց ոչ նշանակալի, իսկ իմ յոթ տարվա բացակայությունն ու յոթ հազար կիլոմետր հեռավորությունը դրանք ընդհանրապես աննշան են դարձնում»,- հավելում է Ռուզան Արշակյանը:

«Առավոտ» բառն արտասանելիս տարբեր զգացողություններ են առաջանում Ռուզանի մոտ. «Հոգս, ուրախություն, հիասթափություն, պաշտպանվածություն…, բայց ամեն ինչից առաջ ու միշտ հարազատ ու տաքուկ վայր՝ «Առավոտ»:

Օրաթերթում աշխատել է չորս տարի. «Էլի կաշխատեի, եթե առողջական խնդիրներ չունենայի, մտածեցի, որ «կռվի» առաջին գիծը թողնեմ, թեթեւ լրատվությամբ զբաղվեմ, կանցնի, կշտկվի, բայց՝ ոչ: Երկու ամիս աշխատեցի «Հայոց աշխարհում», հետո գործընկերոջս՝ Հովիկի հետ հիմնադրեցինք «Տեսակետ» մամուլի ակումբը, չորս ամիս աշխատեցի, հետո անձնական պատճառներով մեկնեցի Վալենսիա: Բայց ստացվեց այնպես, որ ամուսնացա եւ մնացի մինչ օրս՝ նախ Վալենսիայում, հետո արդեն Բարսելոնում…»: Ռուզան Արշակյանն անկեղծանում է՝ Իսպանիայում ապրում է հանգիստ կյանքով. «Երեւանում անընդհատ աչքս միայն վատն էր նկատում՝ մասնագիտական թերություն էր: Ամեն քայլափոխի ցավ էի զգում՝ մեր անկարող ու ոչնչով չփոխվող վիճակի համար: Իսկ այստեղ հանգիստ եմ, չնայած իմը չէ…»:

Այժմ «Առավոտի» աշխատանքին հետեւում է առցանց տարբերակով. «Կարող եմ ասել, որ «Առավոտի» ձեռագիրը չի փոխվել, մնացել է «առավոտյան»՝ հստակ, հավասարակշռված, փաստերով նյութեր են, ինչպես պահանջում էր, որ գրեինք մեր սիրելի «շեֆը»: Հիշեցի Արամ Աբրահամյանի մի կարգախոսը՝ գրեք այնքան պարզ, որ նույնիսկ բեռնատարի վարորդը հասկանա»:

Շնորհավորելով «Առավոտի» 20-ամյակը՝ նա նորից հիշում է խմբագրությունում անցկացրած օրերը. «Մեր թերթում հստակ էր մի բան. եթե վաղ առավոտյան, գործը նոր սկսած, մեզ չէին «պաշարում» բողոքելու, շատ անգամ «պատերազմելու» եկած այցելուները, նշանակում էր՝ օրը խաղաղ կշարունակվեր: Այդ պատճառով մաղթանքն այն ժամանակ եւ հիմա նույնն է մնացել՝ թող առավոտները խաղաղ բացվեն «Առավոտում»:
Մեր զրույցի ժամանակ Ռուզան Արշակյանը հուզվել էր, ասում է՝ ինքն ավելի շատ է ստացել, քան տվել է «Առավոտին». «Իմ գործընկերները շարունակում են մնալ իմ ընկերները, այս հարցազրույցի առաջարկն էլ դրա ապացույցն է: Բոլորիդ շատ սիրում եմ, Ֆեյսբուքով հետեւում եմ, Ժենյայի եւ Նառայի համար ձեզ հետ միասին ես լաց եմ եղել… կարճ ասած, իսկական ընկերները կարող են հեռու լինել, բայց ոչ հեռացած: «Առավոտն» ու «առավոտցիները» Հայաստան գալու իմ գլխավոր հինգ պատճառներից են»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30