Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմվածք. Թոշակի չանցավ

Հունիս 16,2014 11:25
namak

Շուշանյանը սառույցի վրա սահել էր, վայր ընկել և կոտրել ձախ ոտքը: Տասն ամիս գիպսի մեջ պառկելուց հետո, մի կերպ անկողնուց վեր կացավ, ոտքի կանգնեց, բայց ի վիճակի չէր աշխատանքի գնալու:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածի` հիվանդին այլևս բյուլետեն չէր տրվում, ուստի ուժերն հավաքեց, հենակների օգնությամբ գնաց ԲԱԷՀ (Բժշկա-աշխատանքային-էքսպերտիզայի հանձնաժողով), հաշմանդամության կարգ ստանալու և ժամանակավոր թոշակի անցնելու խնդրով:
Երկար քաշքշուկից հետո ԲԱԷՀ-ի ծանուցագիրը ձեռքին ներկայացավ իրենց վարչական շրջանի Սոցապ բաժին:

-Տեղեկանք կբերես նաև աշխատավայրից, համատիրությունից, դիմում կգրես, այս ձևերը կլրացնես, անձնագիրդ և զինգրքույկդ չմոռանաս,-ասաց գործավարը` նրան պարզելով մի քանի թերթիկներ:

Շուշանյանը ուշադիր լսեց, իսկ դուրս գալուց առաջ հարցրեց.
-Ուրի՞շ..
-Հլա սրանք բե’ր, հետո կասենք, եթե անհրաժեշտ լինի:
Շուշանյանը երկու շաբաթում հավաքեց բոլոր պահանջված փաստաթղթերը և նորից գնաց սոցապի գիրուկ աշխատակցուհու մոտ: Վերջինս նայեց, հաշվեց բոլոր փաստաթղթերը և հանգիստ ասաց.
-Մի փաստաթուղթ պակաս է:

-Ի՞նչ փաստաթուղթ:

-Տեղեկանք բյուլետենների քանակի մասին` հաստատված հիմնարկի տնօրենի կողմից:
Շուշանյանը` նեղսրտեց, բայց ոչինչ չասաց ու դուրս եկավ` ծանոթ լինելով սոցապի խարդավանքներին, երբ մի բարեկամի գործերն էր ներկայացրել թոշակավորման համար: Այն ժամանակ դիմողին դժկամությամբ թոշակավորեցին, որովհետև համապատասխան վերաբերմունք չցուցաբերեց:

Բայց հիմա իր սեփական թոշակի հարցն էր լուծվում: Հիմնարկում էլ այս տեղեկանքը մի շաբաթ ուշացրին` պատճառ բռնելով, թե երկար ժամանակ է պահանջում տվյալները արխիվից հանելու համար:

-Ա’յ, մարդ, մի բան միշտ պակաս ես բերում,-նորից ասաց սոցապի գիրուկ աշխատակցուհին, երբ Շուշանյանը տեղեկանքով ներկայացավ սոցապբաժին:
-Հիմա ՞ինչը,-զայրացավ Շուշանյանը:
-Նախկին հիմնարկի աշխատավարձի հաշվարկը չկա, իսկ եթե միայն այս հիմնարկի ներկայացրածով հաշվեմ, կվնասվես,-լավություն անողի տոնով ասաց գիրուկը:
Շուշանյանը հավատաց, որ իր նկատմամբ բարի են տրամադրված, փափկեց և գնաց այդ տեղեկանքն էլ հայթայթելու: Նախկին հիմնարկ գնալու միտքը նույնիսկ ուրախացրեց նրան, որ առիթ էր ընձեռվել աշխատանքային նախկին ընկերներին տեսնելու համար:
Նախկին աշխատանքային ընկերները շատ վշտացան, որ Շուշանյանի հետ դժբախտ դեպք է պատահել, բայց նաև ուրախացան հին ընկերոջը տեսնելու համար և խոստացան մի քանի օրից հաշվարկը կատարել և տեղեկանքը տալ:

Մի շաբաթ անց հիշյալ տեղեկանքը ձեռքին` նա կրկին ներկայացավ սոցապբաժին: Հին ծանոթի նման սիրալիր ընդունեցին, բայց…

-Տնաշեն,-նեղացավ գիրուկ աշխատակցուհին,-չես նկատել, որ փաստաթղթի վրա կլոր կնիքը կա, բայց շտամպը չկա:

Շուշանյանը շատ ափսոսաց, որ այդպես անշրջահայաց է գտնվել, վերցրեց տեղեկանքը և տարավ շտամպը դնելու:

Երբ վերջին անգամ Շուշանյանը ներկայացավ սոցապբաժին, գիրուկ աշխատակցուհին սեղանին փռեց բոլոր փաստաթղթերը, նայեց, հաշվեց և սառնասրտորեն ասաց.
– Համատիրության տեղեկանքը, դիմումը պետք չեն, այս ձևերը պետք չեն, հինն է կարևորը…
-Ո՞նց թե պետք չեն, զարմացավ Շուշանյանը, բա՞…
-Հիմա պետք չեն, դուք էլ պետք չեք, քանի որ ըստ հաստատված նոր կանոնադրության` թոշակի գործերը ներկայացնում է տվյալ հիմնարկի համապատասխան տեսուչը, որտեղ դուք աշխատում եք, մենք իրավունք չունենք անհատ մարդուց գործ ընդունել, որ վերևներում իմանան, գիտես` ինչ կանեն…

-Իսկ ի՞նչ տարբերություն, եթե թոշակատերն է ներկայացնում…
-Կանոնադրությունն է ասում, գնացե’ք, ժամանակ չկա, գործեր կան, որ…
Շուշանյանը զայրացած դուրս եկավ սենյակից, որոշակի բառեր շռայլելով ինչ որ մեկի հասցեին:

-Պարո՚ն, պարո՚ն, ձեր փաստաթղթերը, ձեռնափայտը մնաց,-Շուշանյանի հետևից գոռում էր գիրուկ աշխատակցուհին:

Շուշանյանը նույնիսկ ետ չնայեց և հանկարծ նկատեց, որ առանց ձեռնափայտի է, ուրախացավ և իրեն բռնեց այն մտքի վրա, որ մի քանի շաբաթվա բյուրոկրատական քաշքշուկը իրեն հոգեպես տանջել է, բայց ֆիզիկապես առողջացրել: Վազվզոցը տվել էր իր ցանկալի արդյունքը: Նա քայլում էր առանց ձեռնափայտի:

Հաջորդ օրը նա աշխատանքի ներկայացավ, նստեց իր աշխատանքային աթոռին, ստացավ համապատասխան առաջադրանքը և սկսեց իր աշխատանքը:

Մեր օրերում հաճախ են բամբասում, թե պետական հիմնարկներում բյուրոկրատական քաշքշուկ կա, կոռուպցիան խեղդում է, փլան-փստան, բա եղա՞վ: Իսկ որ բազմաթիվ Շուշանյաններ են ֆիզիկապես առողջանում այդ քաշքշուկներից, ոչ մեկը բարձրաձայն չի ասում դրա մասին:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30