Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկ է անվերապահորեն իրատեսական դարձնել «պատշաճ ծանուցման» ինստիտուտը

Հունիս 16,2014 14:33

Վարչական տուգանքների բազմապատկման վերաբերյալ օրենսդրության իրավաչափությունը ներկայումս հանրության ավելի ու ավելի լայն հատվածներ են գնահատում, մեղմ ասած, խիստ վիճահարույց: Հաշվի առնելով, որ խնդրին առնչվող օրենսդրական ակտերը ժամանակին քննարկվել են նաեւ Սահմանադրական դատարանում, պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանին:

Վարչական տուգանքի չափերը բազմապատկելու, մասնավորապես՝ եռապատկելու, այնուհետեւ հնգապատկելու իրավական հիմքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածն է, մասնավորապես այդ նորամուծությունը կատարվել է դեռեւս 2005թ. դեկտեմբերի 16-ին ընդունված օրենքով: Նկատենք, որ խոսքը բացառապես ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմանն առնչվող զանցանքների մի ստվար հատվածի մասին է:

Aragachap

Տեւական ժամանակ նշված իրավակարգավորումը տեսանելի խնդիրներ չի առաջացրել, քանզի ունեցել է խիստ մասնակի կիրառման շրջանակներ եւ, բացի այդ, տուգանքի չափերն ինքնին մեծ չեն եղել: Բնորոշ է այն, որ փաստաբան Կ. Մեժլումյանի նախաձեռնությամբ նշված օրենսդրական նորմը քննարկման առարկա դարձավ ՍԴ-ում, երբ արդեն սահմանվել էին տուգանքի զգալի չափեր եւ սկսվել էր ձեւավորվել, այսպես կոչված, «մեկ վարույթի շրջանակներում տուգանքի մի քանի որոշումներ կայացնելու», միանգամայն նոր իրավակիրառ պրակտիկա: Ինչեւէ, ՍԴ-ն, անդրադառնալով նշված 305-րդ հոդվածի սահմանադրականությանը, 2012թ. նոյեմբերի 13-ին ընդունել է որոշում այն մասին, որ վիճարկվող նորմերը համապատասխանում են Սահմանադրությանը: Նպատակահարմար եմ համարում հավելել մի անչափ կարեւոր ճշտում. օրենսդրական ակտի իրավաչափությունը քննարկվել եւ սահմանադրականության չափանիշներով գնահատվել է տվյալ պահին գործող իրավական կարգավորումների համատեքստում, երբ տուգանքի գանձումը կարող էր իրականացվել բացառապես դատարան հայց ներկայացնելու եւ, ըստ այդմ էլ՝ համապատասխան դատական ակտի միջոցով:

Անգամ այդ համատեքստում նույն այդ որոշման մեջ վերը նշված օրենսդրական ակտի իրավաչափության առնչությամբ արտացոլված են էական վերապահումներ: Այսպես, անդրադառնալով վիճարկվող օրենսդրական ակտին եւ դրա հիմնավորվածության վերաբերյալ տվյալ գործով որպես պատասխանող հանդես եկած օրենսդիր մարմնի ներկայացուցիչների փաստարկներին, հստակ իրավական դիրքորոշումներ է ամրագրել, որոնցում առնվազն նշված օրենսդրական ակտը բավարար չափով երաշխավորված չլինելու պարագայում «կարող է աղերսներ ունենալ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի, Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածներով նախատեսված՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների եւ արդար դատաքննության իրավունքների հետ»:

Արդյունքում ՍԴ-ն ընդգծել է, որ դիմողի կողմից բարձրացված հիմնախնդիրը պայմանավորված է. «… ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում համապատասխան իրավակարգավորման բացակայության հետ, որի քննությունը դուրս է ՀՀ սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից»: Տեղին է նկատել, որ վերջին շրջանում ձեւավորված այն մտայնությունը, թե ՍԴ-ն ոչ բոլոր դեպքերում է սպառիչ լուծումներ առաջադրում վիճահարույց հարցերի առնչությամբ, անհրաժեշտ եմ համարում նկատել, որ ՍԴ-ն իրավասու չէ դուրս գալ իր լիազորությունների շրջանակից եւ փոխարինել օրենսդիր մարմնին. դրանով իսկ անվերապահորեն խախտած կլիներ իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը:

Ասվածից բխում է, որ տուգանքի գանձման ընթացակարգն արմատապես վերանայելու եւ այն վարչական կարգով իրականացնելու պարագայում առավել եւս պետք է առաջադրվեին լիարժեք երաշխիքներ:

Ամփոփելով խնդրին առնչվող իրավական հիմքերը, այդ թվում՝ ՍԴ որոշումներով ամրագրված իրավական դիրքորոշումները, հարկ է առանձնացնել հետեւյալ հիմնական չափանիշները՝ ա) յուրաքանչյուր դեպքում տուգանք նշանակելիս պետք է իրականացվի վարչական վարույթ՝ պատշաճ ծանուցմամբ, բ) տուգանքի չափերը չեն կարող միատեսակ լինել, դրանք պետք է պայմանավորված լինեն իրավախախտի գույքային դրությամբ (բազմաթիվ երկրներում արդեն իսկ նախապատվությունը տրվել է միեւնույն իրավախախտման համար տարբերակված տուգանքի չափերին՝ պայմանավորված վերջինիս գույքային դրությամբ), գ) հարկ է անվերապահորեն կանխատեսելի ու իրատեսական դարձնել «պատշաճ ծանուցման» ինստիտուտը, բացառելով ինչ-ինչ ոչ ողջամիտ պայմանականություններ, դ) վարչական վարույթի ցանկացած փուլում քաղաքացին պետք է ունենա արդյունավետ դատական պաշտպանության, վարչական ակտերը վիճարկելու հնարավորություն (պետք է հստակ առկա լինի գանձման առնչությամբ քաղաքացու համաձայնությունը), ե) գանձումն ապահովելու նպատակով իրավաչափ է բացառապես տուգանքի չափին համարժեք գումարի ու այլ միջոցների վրա բռնագանձում տարածելը (այս կապակցությամբ տեխնիկական բնույթի պատճառաբանություններն իրավական արժեք չունեն) եւ այլն:

Խնդիրը չափազանց բազմանիստ է, այս դեպքում, բնականաբար, փորձել եմ սահմանափակվել հիմնական հարցադրումներով:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
14.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30