Հունիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքից Հայրենիք ժամանած ուխտավորներին` ուղեկցությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Սիմեոն աբեղա Օդաբաշյանի և Հյուսթոնի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս քահանա Հակոբյանի:
Ողջունելով ուխտավորների այցը Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ամենքին` հորդորով, որ շարունակեն արդյունավոր կերպով կազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը և իրենց զավակներին կրթեն հայրենասիրական ոգով ու շնչով:
Նորին Սրբությունը կարևորեց աշխարհասփյուռ հայության ուխտագնացությունները դեպի Հայրենիք, որոնք վերանորոգում են հայորդիների ազգային-հոգևոր ձգտումները` հաղորդ դարձնելով սեփական ինքնությանը, հերոսական անցյալին և սուրբ հայրերի մաքառումներին:
Վեհափառ Հայրապետը վերհիշեց նաև Հյուսթոն կատարած իր հովվապետական այցելությունները և մասնավորապես հանդիպումները համայնքի երիտասարդության հետ:
Կարդացեք նաև
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին