Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միկոյան պլյուս

Հունիս 16,2014 11:03

Երբ խոսակցություն բացվեց Անաստաս Միկոյանի արձանը մեր մայրաքաղաքում դնելու մասին, ահավոր աղմուկ բարձրացավ:

Աղմկողները, բնականաբար, նրանք էին, ովքեր դեմ են Միկոյանի արձանը մեր մայրաքաղաքում դնելու գաղափարին: Քչերն այդ գաղափարին կողմ արտահայտվեցին, ընդ որում` բավական վախվորած, որովհետև դեմերը չափազանց շատ են և չափազանց ագրեսիվ:

Կողմ արտահայտվողները հիմնականում նախկին ու ներկայիս կոմունիստներն են` հիմնականում տարեց և միջինից բարձր տարիքի մարդիկ: Դեմերի մեջ տարբեր սերնդի մարդիկ են` երիտասարդ, միջին տարիքի և երբեմն նույնիսկ տարեց:
Դեմերից ամենահասկանալին, իհարկե, խորհրդային շրջանի քաղբանտարկյալների անզուսպ վրդովմունքն էր, և նրանց վրդովմունքը միանգամայն հասկանալի և միանգամայն պատկերացնելի էր:

Նմանապես պատկերացնելի ու հասկանալի է երիտասարդների դեմ լինելը: Նրանք չեն ապրել Խորհրդային միություն կոչվող երկրում, և այդ երկրի ու նրա ղեկավարների մասին հիմնականում բացասական բաներ են լսել:

Նրանք, ովքեր դեմ են Միկոյանի արձանը դնելուն, նրան ներկայացնում են իբրև ահավոր մի հրեշ: Եվ, ընդհակառակը, նրանք, ովքեր համակրում են Միկոյանին, վերջինիս ներկայացնում են իբրև բացառիկ բարեգործ ու անմեղ հրեշտակ: Այսինքն, երկու ծայրահեղություն` իրարից անսահմանորեն տարբեր:

Սա շատ հարմար առիթ է, որպեսզի խոսենք ոչ միայն Միկոյանի ու նրա արձանի մասին, այլ` հենց մեր մասին: Ինչու՞ են նույն երևույթի մասին մեր կարծիքներն այսքան իրարից տարբեր:

Առավել զարմանալին միջին ու ավագ սերնդի այն մարդկանց կարծիքներն են, որոնք տարիներ շարունակ ապրել են Խորհրդային Միությունում, իսկ ավելի կոնկրետ` Խորհրդային Հայաստանում և լռելյայն հանդուրժել են մեր մայրաքաղաքում դրված Ստալինի, Լենինի և այլազգի ու հայազգի կոմունիստական այլ կարկառունների մեծադիր արձաններն ու այսօր, օր ծերության, հանկարծ առյուծ են կտրել և հայտարարում են, որ Անաստաս Միկոյանը դահիճ է եղել:

Նման հայտարարություն անողները պիտի հասկանան ու իմանան, որ միապետության կամ բռնապետության ղեկավար անձանց մեջ անիմաստ է անմեղ հրեշտակներ փնտրել: Միկոյանն, իհարկե, հարմարվողական գործիչ է եղել, հրեշտակ չի եղել, բայցև դահիճ էլ չի եղել` ի տարբերություն Լենինի, Ստալինի, Ձերժինսկու, Բերիայի, Եժովի, Կագանովիչի և կոմունիստական բազում այլ կարկառունների: Եթե ինքն իր հաշվենկատության ու հարմարվողականության շնորհիվ Իլյիչից Իլյիչ է հասել, և եթե էդ հանգամանքին բացասաբար ենք վերաբերվում, կնշանակի` մենք մաքսիմալիստներ ենք և չենք հանդուրժում, որ Անաստաս Միկոյանն ապրել ու չի նահատակվել: Այդ դեպքում` ինչու՞ նահատակված Աղասի Խանջյանի արձանը մեր մայրաքաղաքի երևելի որևէ տեղում չենք դրել: Ինչու՞ Գարեգին Նժդեհի արձանը չենք դնում: Մանավանդ որ` ինքն, այս պահի դրությամբ, մեր իշխանական կուսակցության գաղափարական ուղենիշն է: Առավել զավեշտական է, որ Գարեգին Նժդեհի հրապարակում շարունակում է վեր խոյանալ Սուրեն Սպանդարյանի մեծադիր արձանը: Երբ այդ հրապարակը վերանվանվեց Գարեգին Նժդեհի անունով, ոմանք խորհուրդ տվեցին Սուրեն Սպանդարյանի արձանի գլուխը փոխել Գարեգի Նժդեհի գլխով: Սա պակա՞ս զավեշտ է:

Պակա՞ս զավեշտ ու աբսուրդ է, որ մենք տարիներ շարունակ անտրտունջ և նույնիսկ հետաքրքրությամբ հեռուստացույցով դիտում էինք « Զանգեզուր» ֆիլմը, որտեղ Գարեգին Նժդեհը ներկայացվում էր իբրև խեղկատակ, և մի քանի տարի առաջ նույն Գարեգին Նժդեհը հեռուստատեսային հարցումների արդյունքում ճանաչվեց բոլոր ժամանակների մեծագույն հայ: Գուցե էս ընթացքում մեր գլուխներն է՞լ են փոխել:

Եթե մենք մեր իսկ հանդուրժողականությանն ու ստրկամտությանն ըմբռնումով ենք վերաբերվում, ինչու՞ ենք ուրիշներին նույն բանի համար խստագույնս դատում:
Ինքս արձանամոլ ու կռապաշտ չեմ, և ոչ միայն խորհրդային քաղաքական գործիչների արձանները դնելուն եմ դեմ, այլև դեմ եմ ընդհանրապես քաղաքական գործիչների արձանները դնելուն, որովհետև քաղաքական գործիչների մեջ հրեշտակներ չկան, և պետք էլ չի` որ լինեն, և հնարավոր էլ չի` որ լինեն:

Մեր մայրաքաղաքի ամենակենտրոնական ու ամենագլխավոր փաղոցներից մեկը կրում է Մարշալ Բաղրամյանի անունը: Նաև մետրոյի կանգառն է Բաղրամյանի անունը կրում: Բաղրամյանի արձանը և մետրոյի ներսում կա, և դրսում` Ամերիկյան համալսարանի առաջ: Ամերիկյան դեսպանատան մատույցներում էլ Իսակովի արձանն է դրված:
Ճիշտ է, նրանք ոչ թե քաղաքական գործիչներ էին, այլ` ռազմական, այդուհանդերձ, հասկանալի է, որ խորհրդային ռազմական գործիչները ևս քաղաքականությունից ազատ ու անմասն չեն եղել: Եվ կարելի է կռահել, որ նրանք էլ իրենց ձևով ու իրենց չափով են տուրք տվել ստալինյան ռեժիմին ու քաղաքականությանը, այլապես դժվար թե գոյատևեին և իրենց բնական մահով մահանային: Բայց նույն Բաղրամյանը ոչ միայն խորհրդային բանակում է սխրանքներ գործել, այլև` Սարդարապատում:

Այսինքն, ցանկալի է առաջին հերթին մարդկանց կատարած լավ գործերը հիշել, այլ ոչ թե` վատ: Եվ հեչ վատ չի, որ Միկոյանի արած լավ գործերը հիշողներ էլ կան:
Էս ասածներս, էլի եմ ասում, ոչ մի կապ չունեն Միկոյանի արձանը դնելու կամ չդնելու հարցի հետ: Եթե մենք այդքան արձանասեր ու արձանապաշտ ենք, և եթե արձաններին այդքան կարևորություն ենք տալիս, կարող ենք Միկոյանի արձանի հարցը հետաձգել: Կարծում եմ` էս ընթացքում նաև որոշում կայացնողները հասկացան, որ Միկոյանի արձանը դնելու համար չափազանց անհարմար ժամանակ են ընտրել:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զարմանալի է երտասարդ ժուռնալիստների նման մտածելակերպը,
    Նախ ասեմ ՀՀ-ում արձան պետք է դրվի այն մարդկանց որոնք ՀՀ-ի համար այնպիսի գործունեություն են արել որոնք համընդհանուր հավանության է արժանացել արձան տեղադրել։ 100-ով զինվորներ որոնք զոհվել են այսօրվա անկախության համար արձանները մինչև հիմա չի տեղադրված, 2-րորդ ինչպես կարելի է արձան տեղադրել Ստալին կոչվող հրեշին քծնող, հրեշավոր մարդասպանություններին թեկուզ չուզելով լուռ աջակցող կատարացուին։ առավել զարմանալի է այսօրվա երիտասարդներին որոնք ավելի ազատական են կարող են այս տիպի մարդու արձան ուզենան տեղադրվի։ Ղարաբաղում կռված զոհված ազատամարտիկին դավաճանել է նշանակում մեր կողմից նման արձան տեղադրելը։ Ստրկամտի արձանը տեղադրելը նշանակում է փառաբանել նրան ու ապրել նման հոգեբանությամբ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30