Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը երբ կամենա՝ «Որոտան» կասկադի գործարքը լուծարել կտա

Հունիս 16,2014 14:37

Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո ավելի հաճախ է խոսվում «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի գործարքը խափանելու մասին, ընդ որում՝ խափանելու դրդապատճառը ոչ միայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այս հիդրոկասկադի վաճառքի հարցում «սխալ հանելն է», այլեւ «Որոտանը» ամերիկացիներից վերցնելն ու ռուսներին տալը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» (Contour Global) ընկերությունը Հայաստանի կառավարության հետ ստորագրեց պայմանագիր, ըստ որի՝ ձեռք է բերում «Որոտան» համալիրի «Շամբի», «Սպանդարյան» եւ «Տաթեւ» ՀԷԿ-երը:

Մեր էներգետիկ համակարգը հիմնականում ռուսական ընկերություններին են պատկանում, վերջերս էլ Ռուսաստանը փորձում է իր դիրքերն էլ ավելի ամրապնդել Հայաստանում, եւ Եվրասիական տնտեսական գոտուն միանալու ճանապարհին զարմանալի չէ, որ ռուսները չեն հանդուրժում, որպեսզի ռազմավարական ու շատ եկամտաբեր «Որոտանը» ամերիկացիներին տրվի:

Ռուսների աչքը «Որոտանի» վրա լինելու լուրերի ֆոնին պատահական չէր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի՝ մեր կառավարությանն ուղղված «մեսիջը»: Դեսպանը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ «Որոտանի» ՀԷԿ-երի վաճառքն ամերիկյան ընկերությանը կարեւոր էր. «Խոսքը խիստ կարեւոր՝ էներգետիկ ոլորտի մասին է, որտեղ ի սկզբանե գերակշռում էին ռուսական ընկերությունները: Ես հույս ունեմ, որ գործարքն ազդանշան կդառնա ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի երկրների ներդրողների համար եւ մեզ կօգնի ապացուցել, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար»:

Նկատենք, որ ամերիկյան կողմի հետ կնքած պայմանագրով այն կարող է լուծարվել պայմանագրի ստորագրմանը հաջորդած 75 օրվա ընթացքում: Պայմանագրի կնքման օրվանից՝ հունվարի 29-ից, 75 եւ նույնիսկ ավելի օրեր են անցել, սակայն առայժմ այն լուծարելու մասին պաշտոնական հայտարարություն չկա, բայց նաեւ խոսք էլ չկա, որ շուտով պայմանագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի: Արդյոք պայմանագիրը լուծարելու մտադրություն ունի՞ ՀՀ կառավարությունը՝ մեր գրավոր հարցին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից պատասխանեցին, որ հայկական կողմը մտադիր չէ խզել պայմանագիրը, գործարքն ընթացքի մեջ է: Նշենք, որ ըստ պայմանագրի՝ ամերիկյան կողմը «Որոտանի» համար պարտավորվել է վճարել 180 միլիոն դոլար, որից 110 միլիոնը անմիջապես պիտի վճարեր, հետո՝ մնացած գումարը: «Առավոտի» այն հարցին էլ, թե «Կոնտուր Գլոբալը» վճարումներ կատարե՞լ է, նախարարությունից պարզաբանեցին, որ ներկայումս բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ, որից հետո պետք է ստորագրվի գործարքի փակման ակտը, այնուհետեւ կիրականացվեն վճարումներն ու մյուս գործընթացները:

Հունիսի 11-ին Ազգային ժողովում կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ հաստատել է, որ տեխնիկական բնույթի ոչ բոլոր իրավական հարցերն են լուծված՝ կապված «Որոտանի» կասկադի սեփականաշնորհման հետ: Եվ քանի որ պայմանագիրը խզելու հնարավորության ժամկետն արդեն լրացել է, պարոն Հարությունյանը նաեւ վստահեցրել է, որ որոշում է ընդունվել չեղյալ չհայտարարել պայմանագրի կնքումը:

«Որոտանի» պայմանագրից հետո աղմուկ բարձրացավ, որ այն խախտումներով է եղել, մասնավորապես՝ Սպանդարյանի, Տոլորսի, Շամբի, Անգեղակոթի ջրամբարների շուրջ. նախ այս ջրամբարները կառավարարությունը վերադարձրել է կասկադի կապիտալի մեջ, ընդ որում՝ ջրամբարների սահմանագծերն էլ ավելացնելով: Դավիթ Հարությունյանն էլ խորհրդարանում նշել է, որ «Որոտանի» կասկադի մի շարք ջրամբարներ չեն սեփականաշնորհվելու, բայց դրանք սեփականաշնորհման համաձայնության շրջանակներում չեն փոխանցվելու գնորդին: Վերը նշված չլուծված տեխնիկական հարցերից է ջրամբարների սահմանների որոշման հարցը: «Հարցի բարդությունը կայանում է նրանում, որ տարբեր իրավական ակտերում սահմանները տարբեր կերպ են ընկալվում: Մի դեպքում խոսքն ավազանի մասին է, մյուս դեպքում՝ նաեւ հարակից շինությունների»,- ասել է պարոն Հարությունյանը:

Ամերիկյան կողմի հետ վերջնական համաձայնության չգալու տեխնիկական մեկ այլ հարց էլ կա. 2010-ին ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը KfW բանկի հետ ստորագրել է 51 միլիոն եվրոյի վարկային ծրագիր, վարկը նախատեսված էր ուղղել «Որոտան» ՀԷԿ-երի համակարգի վերակառուցմանն ու վերազինմանը, այդ միջոցները հատկացվել էին 15 տարի մարման ժամկետով, որից չորս տարին` արտոնյալ, տարեկան 2% տոկոսադրույքով: Այս վարկի պարտավորություններն ըստ էության «Որոտանի» հետ փոխանցվում են գնորդին: Վերջերս էլ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն ակնարկել էր, որ այդ տեխնիկական հարցերից է նաեւ այս վարկը. «Կվերցնե՞ն արդյոք նրանք վարկը, կամ կվերցնե՞ն այն պայմաններով, որը մենք ենք առաջարկում: Նրանց ձեռնտո՞ւ է արդյոք աշխատել այդ պայմաններով: Կան ձեւակերպումների, պարտավորությունների հետ կապված հարցեր»:

Եթե, ինչպես ասում է Դավիթ Հարությունյանը, ջրամբարները չփոխանցվեն գնորդին, բայց վարկային պարտավորություններ փոխանցեն, ապա դժվար թե «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը ձեռնտու լինի «Որոտանի» գործարքը:

«Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ առանց ջրամբարների «Որոտանի» կասկադի նշանակությունը զրո է դառնում: Պարոն Խաչատրյանի դիտարկմամբ՝ «Կասկադի սեփականաշնորհման գործընթացը սխալ է կատարվել. մի կողմից՝ չպիտի առնվեր ջրամբարը, բայց մյուս կողմից էլ՝ ջրամբարի ամբողջ կառավարումը պետք է տային սեփականատիրոջը, որովհետեւ առանց ջրամբարների այդ հիդրոկայանների նշանակությունը զրոյանում է»:

Եթե նոր կառավարությունը մեծ ցանկություն ունենա եւ, իհարկե, պարտադրանք լինի, ապա ըստ երեւույթին, կարող է գործարքը լուծարել՝ հիմնավորելով նախկին կառավարության կողմից արված խախտումներով վաճառքը: Սա հաստատեց նաեւ պարոն Խաչատրյանը. «Որոտանը» պետական գույքի մասնավորեցման օրենքի խախտումով է վաճառվել, այն պետք է որպես պետական գույք մասնավորեցման ցուցակում ներառվեր, ապա մրցույթ հայտարարվեր, ինչը կառավարությունը չի արել: Իմ կարծիքով՝ այստեղ շտապողականությունը շատ է եղել, որի արդյունքում էլ օրենսդրական շատ բացթողումներ են եղել: Ցանկացած նոր կառավարություն եթե ցանկանա, կարող է այս պայմանագիրը հետ ֆռռացնել կամ գոնե այլ պայմաններ առաջարկել»:

Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի «մեսիջին», որ այդ գործարքով ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի երկրների ներդրողների համար Հայաստանը վստահություն է առաջացնում բիզնեսի համար եւ դիվերսիֆիկացիա է լինում էներգետիկ ոլորտում, ապա պարոն Խաչատրյանն ասաց, որ միանշանակ դեսպանն ակնարկում է, որ պետք չէ գործարքը խզել. «Որովհետեւ եթե հետ գնանք, Իրանի հետ էլ կար նույն խնդիրը՝ ինչո՞ւ Իրանը չկառուցեց ալտերնատիվ գազամուղը Հայաստանի հետ, ինչո՞ւ Իրանը չդարձավ Հրազդանի 5-րդ բլոկի ներդրողը, ներդրման եւ շահագործման հայտ կար. սա էլ քաղաքական ենթատեքստ ուներ, որը Ռուսաստանը պարտադրեց: Այդ դեպքում ամերիկացիներն ինչ-որ առումով Ռուսաստանի պարտադրանքի դեմ ոչինչ չարեցին, որովհետեւ այն ժամանակ Իրանի խնդիր ունեին: Բայց եթե իսկապես մեր մասին են մտածում, բայց ես չեմ կարծում, որ այդպես է, ու եթե իրականում Հայաստանի տնտեսական անկախության մասին են մտածում, ուրեմն իրենք պետք է մեզ հնարավորություն տային, Իրանն էլ օգտվեր այդ հնարավորությունից: ԱՄՆ-ն, իհարկե, հիմա ճնշում է գործադրում, որպեսզի մերոնց մտքներով չանցնի այդ գործարքը չեղյալ դարձնել: Գործարքի հետ կապված այլ բան կա. ԱՄՆ-ը թող խոսի՝ ո՞ւր է 180 միլիոնից 110 միլիոնը, որը պիտի անմիջապես փոխանցվեր. չկա այդ գումարը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30