Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում բացվեց Շվեդիայի դեսպանություն

Հունիս 16,2014 14:59

ՀՀ ԱԳ նախարարը հուսով է, որ դա կնպաստի հայ-շվեդական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Շվեդիայի առեւտրի նախարար Էվա Բյորլինգը՝ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Դայան Յանսի ընկերակցությամբ, ազդարարեցին Հայաստանում Շվեդիայի դեսպանատան բացումը՝ միաժամանակ նշելով Շվեդիայի ազգային տոնը: ՀՀ արտաքին գործոց նախարարը եւ Շվեդիայի առեւտրի նախարարը ոչ թե կտրեցին ժապավենը, այլ հակառակը՝ ամուր կապեցին Շվեդիայի եւ Հայաստանի դրոշների պատկերով ժապավենները: Կապելուց հետո Էդվարդ Նալբանդյանը նույնիսկ ստուգեց, թե որքան ամուր են հայ-շվեդական հարաբերությունները խորհրդանշող այդ կապերը: Շատ ամուր էին: Է. Նալբանդյանն ասաց, որ Շվեդիայի ԱԳ նախարարի հետ երկու տարի առաջ է ձեռք բերվել պայմանավորվածություն մեր երկրներում դեսպանություններ բացելու մասին, եւ այդ պայմանավորվածությունը կատարվել է՝ Շվեդիայում արդեն իսկ կա ՀՀ դեսպանություն, Հայաստանում էլ բացվեց Շվեդիայինը: Իսկ նախարար Էվա Բյորլինգը ասաց, որ իր հետ Հայաստան են եկել շվեդ գործարարներ՝ այստեղի ներդրումային միջավայրին ծանոթանալու եւ առեւտրատնտեսական կապեր հաստատելու նպատակով:
Հանդիսավոր մասի ավարտից հետո «Առավոտը» ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ունենք մենք առաջարկելու Շվեդիային, եւ ի՞նչ ունի Շվեդիան մեզ առաջարկելու: «Մենք բոլոր ուղղություններով պիտի զարգացնենք հարաբերությունները: Նախ պետք է ընդլայնենք իրավաբանա-օրենսդրական դաշտը, զարգացնենք տնտեսական, առեւտրային հարաբերությունները, որովհետեւ, ցավոք, մեր առեւտրաշրջանառությունը մեծ չէ՝ ընդամենը 21 միլիոն դոլար, դա մեծ թիվ չէ, մեր ներուժը շատ-շատ ավելի մեծ է: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք շատ ավելին անել, հատկապես, որ այդ առեւտրաշրջանառությունը տատանվում է՝ մեկ տարի առաջ մոտ 40 մլն դոլար էր, բայց ճգնաժամի պատճառով իջավ: Այն, որ Շվեդիայի առեւտրի նախարարն է գտնվում այստեղ, նշանակում է, որ Շվեդիան էլ մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, եւ մեր նորաբաց դեսպանությունն էլ Ստոկհոլմում այդ ուղղությամբ կաշխատի: Պետք է մտածենք նաեւ, թե ինչպես ընդլայնել հատկապես առետրատնտեսական հարաբերությունների խթանմանը նպաստող իրավապայմանագրային դաշտը, որովհետեւ բավական նախագծեր կան, որոնք մենք պատրաստում ենք ստորագրման, եւ հուսով եմ, որ շատ մոտ ապագայում հնարավորություն կունենանք հաստատելու դրանք»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե Շվեդիայի առեւտրի նախարարի հետ Հայաստան եկած գործարարների եւ մեր գործարար շրջանակների հանդիպումները ի՞նչ արդյունք տվեցին, եղա՞ն փոխադարձ հետաքրքրություններ, նախնական պայմանավորվածություններ, թե՞ ոչ: Գ. Մելքոնյանը պատասխանեց. «Մենք բոլոր հնարավորությունները ստեղծել ենք, որ ե՛ւ այցեր լինեն, ե՛ւ պետական կառույցների հետ հանդիպում-քննարկումներ լինեն, նաեւ Զարգացման գործակալությունն է ներգրավված եղել՝ մեր տնտեսությունը, պայմանները, ռեժիմները ներկայացնելու համար: Բիզնեսի մասով հանդիպումները, քննարկումները սկսվել են երեկվանից, այսօր էլ շարունակվեցին, այդ թվում՝ նախարարությունների, պաշտոնյաների հետ հանդիպումների ձեւաչափով, բացի այդ՝ ամբողջ բիզնես պատվիրակությանը՝ Շվեդիայի առեւտրի նախարարի գլխավորությամբ, ընդունեց նաեւ ՀՀ վարչապետը, այնուհետեւ ունեցանք կլոր սեղան-քննարկում՝ ողջ բիզնես պատվիրակության ներկայությամբ՝ ամենատարբեր հարցերին պատասխաններ են տրվել, եւ դրան զուգահեռ՝ կազմակերպությունները հանդիպել են հնարավոր պոտենցիալ գործընկերների հետ: Ես արդեն մի քանի դրական արձագանքներ, հետաքրքրություններ լսել եմ: Ներկայացվում էին էներգետիկայի, ֆինանսական, հեռահաղորդակցության ոլորտները եւ մի քանի այլ կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությամբ բավականին խոշոր եւ հաջողված ընկերություններ են, եւ ընդհանուր առմամբ՝ դրական տպավորություն կա: Իհարկե, դեռ վաղ է ասել, որ արդեն կոնկրետ պայմանավորվածություններ կան, գումարած դրան, որ մենք աշխատում ենք առավելագույն հնարավորությունները ստեղծել, բայց միաժամանակ՝ չփորձել հսկել, հետեւել մասնավորին, թե իրենք ի՞նչ խոսեցին, ի՞նչ արեցին, ի՞նչ չարեցին: Մեր խնդիրը պայմաններ ստեղծելն է, մնացածը՝ ոնց իրենք կուզեն, ոնց կարող են…»:
Այդուհանդերձ՝ ե՞րբ կարելի է ակնկալել շոշափելի արդյունքներ այս մեծամասշտաբ հանդիպումներից՝ մեր ճշտող հարցին էկոնոմիկայի 1-ին փոխնախարարը պատասխանեց. «Գիտե՞ք, բիզնեսը սովորաբար չի սիրում, երբ փորձում ես հետեւել իրեն, երբ հնարավորությունը ստեղծում ես, հետո ընկնում հետեւից՝ ի՞նչ եղավ, պայմանավորվեցի՞ք, չպայմանավորվեցի՞ք, ի՞նչ արեցիք, ե՞րբ եք մի բան անելու եւ այլն: Մենք աշխատում ենք նմանատիպ հսկողական գործառույթից դուրս մնալ, եթե որեւէ խնդիր լինի, մեր աջակցությունը կլինի՝ տեղեկատվական, կազմակերպչական, բացատրական մասով՝ օրենսդրությունը եւ այլն, միշտ պատրաստ ենք, բայց երբ երկու գործարար սկսում են իրենց պլանները կազմել, կարծում եմ՝ լավագույն տարբերակն այն է, որ հանգիստ թողնենք: Իհարկե, որոշակի ժամանակ անց ե՛ւ Շվեդիայի նոր ստեղծված դեսպանության, ե՛ւ մեր Զարգացման գործակալության միջոցով էկոնոմիկայի նախարարությունը պարբերաբար կանդրադառնա հարցին, որ տեսնենք, թե էս քննարկումները, հանդիպումները ի՞նչ ընթացք ստացան: Բայց ասեմ, որ նախնական տպավորությունս դրական է: Զրույցներից զգում եմ, որ կան մտքեր, գաղափարներ՝ որոշակի ոլորտներում ընդհանրություններ գտնել եւ գործ սկսել»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30