Այսօր իմ կյանքի հիշարժան օրերից մեկն եմ անցկացրել Անիի ավերակների մոտ գտնվող պատմական Խարկով կամ վերջերս անվանափոխված Նոր Շեն գյուղում, որի խոնարհված եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատարագ մատուցեց: Անչափ շնորհակալ եմ մեր սիրելի Սրբազանին, այլապես մեզ ո՞վ կթույլատրեր ոտք դնել մեր իսկ հողի վրա:
Տխուր է, որ Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող այս գյուղը հասնելու համար պիտի աղաչանեք ու պաղատենք ռուս սահմանապահներին: Հենց այդ պատճառով էլ դատարկվել է Անիի ավերակներից ընդամենը մի ձորով բաժանված այս գյուղը. մարդիկ չեն կարողացել հյուրընկալել իրենց հարազատներին, հատուկ թույլտվություն է պետք եղել դրա համար:
Երբեմնի այս շեն գյուղում մնացել է ընդամենը մեկ բնակիչ` 78-ամյա տիկին Վահանդուխտը: Հետո էլ ասում ենք` հայրենիք ենք շենացնում….Անչափ ծիծաղելի է, որ մեկ բնակիչ ունեցող այս գյուղը վերջերս անվանակոչել են Նոր Շեն….Ի՞նչն եք շենացնում` ավերակ եկեղեցի՞ն, թե հողին հավասարված տնե՞րը…
Թուրքերը մի կողմից են ուրախանում`տեսնելով, որ հանգչում է գյուղի վերջին ծուխը, ռուսներն էլ մյուս կողմից են այս ամենին նպաստում, նեղում ու հրահանգներ են տալիս անգամ այս գյուղում ծնված մարդկանց, թե այդ տարածքում մնալու ձեր ժամանակը սպառվել է, արագացրեք, հեռացեք: Պարզվում է արտասահմանցի տուրիստների մուտքը այս տեղանք շատ ավելի ազատ է, քան մերը ….
Եվ սա այն գյուղն է, որի հողը Շուշին ազատագրած գեներալի` Արկադի Տեր-Թադևոսյանի պապերին է ծնել, եկեղեցու քահանան եղել է հենց նրա պապը` Տեր Թադևոսը….
Այս թեմայի մասին մեր ռեպորտաժները կներկայացնենք վաղը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շիրակի մարզի Խարկով գյուղ հասնելու համար նախ անհրաժեշտ է անցնել այս սահմանը, որը մեծամասամբ չի հաջողվում անգամ այդ գյուղում ծնված բնակիչներին: Ռուս սահմանապահները գրեթե միշտ մերժողի դերում են: Այստեղ ծնված մարդկանց ասելով, արտոնյալ են միայն տուրիստներն ու տուֆի հանքատերերը:
Սա անցակետն է, որտեղ նկարահանումներ իրականացնելն անգամ արգելվում է:
Չնայած արևը խանձում էր, դրսում շնչելու օդ չկար, անձնագրերս էլ նորմալ վիճակում էր ու պատարագից ուշանում էինք, սակայն սա էլ չէր հետաքրքրում սահմանապահներին: Շիրակի թեմի առաջնորդի երկարատև բանակցությունների ադյունքում նոր միայն թույլատրեցին անցնել Հայաստանի վարչական սահմանում գտնվող գյուղը:
Անիի ավերակները պատմական Խարկով գյուղից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում, բաժանում է ընդամենը մեկ ձոր: Կարելի է կանգնել գյուղի ցանկացած անկյունում ու շատ մոտիկից վայելել պատմական մայրաքաղաքի գեղեցկությունը:
Այս տանը բնակվել է Խարկովի նախավերջին ընտանիքը, որը լքել է գյուղը:Տանտերը մահացել է, իսկ նրա ժառանգները` հեռացել: Գյուղացիների ասելով, նրանք Կոմանդոսի ազգականներն են:
Երբեմնի շեն Խարկով գյուղի բոլոր տներից մնացել են միայն քարերը, խարկովցիների ասելով, տները փլվել են այստեղ գտնվող տուֆի հանքավայրերը շահագործման հանձնելուց:
Սա Խարկովի գյուղի խոնարհված եկեղեցին է, որի քահանան եղել է Կոմանդոսի պապը` Տեր Թադևոսը:
Խարկովի դպրոցի շենքն է, որը թեև բազմաթիվ նշանավոր մարդիկ է հայրենիքին պարգևել, բայց ժամանակի ընթացքում դարձել է 4-ամյա կրթությամբ: Սա ևս պատճառ է դարձել, որ գյուղի բնակիչները տեղափոխվեն հարևան Բագրավան:
Խարկովի միակ բնակիչն է` 78-ամյա Վահանդուխտը, որը 5 երեխաներ ունի, սակայն չի լքում գյուղը: Նա պահպանում է սկեսրոջը տված խոստումը, այն է` ամեն ինչ կանի, որ գյուղի թոնրատնից ծուխ դուրս գա, որպեսզի թուրքը չուրախանա, թե գյուղում այլևս մարդ չի մնացել:
Շատ տխուր է: Եվս մի կասկածելի իրողութան մասին, կարդացել եմ, որ մի քանի անգամ թուրքերը ահազանգել են այն մասին, որ մեր կողմում տուֆի հանքերում կատարվող պայթեցումները վնասում են Անիի ավերակներին: Իսկ մեր կողմից առայժմ հանուն քարի քար լռություն:
Իրոք շատ հուզիչ ու տխուր է:Շնորհակալություն որ դեռ կան մարդիք ում միեւնույն չե ՀԱՅԱՍՏԱՆԻ ներկան ու ապագան.
Իսկ երբ էին այդ գյուղում ապրում 200 @նտանիք?, չլինի սովետի տարիներին??? Այ,այ,այ!!!
Իսկ ի՞նչու հայի սահմանը պիտի հսկի ռուսը: Սա իրեն հարգող ազգի՞ հատկանիշ է:
Ահա և քեզ,՝ ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ։
Իսկ չեք կարծում,որ հայերս` ժողովուրդն, կառավարող օլիգարխներն են մեղավոր, որ մեզ` հայերիս թե ռուսները, թե ամերիկանցիներն ու թե եվրոպացիները մեզ` խամաճիկնեևի տեղ են դրել և անում են այն ինչ ուզում են ,էլ Հայաստան չթողեցին` այն ինչ թուրքերն անզոր էին ի կատար ածելու` մեր ղեկավարությունն արեց` իսկ դուք Գյումրի….