Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակտիվիստը շահել է դատը՝ ոստիկանների դեմ

Հունիս 15,2014 13:31

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Վարչական դատարանի վճռի ձեւակերպումներից գոհ չէ

ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանի գործով Վարչական դատարանը հունիսի 13-ին վճիռ է կայացրել հօգուտ ակտիվիստի եւ ոստիկանության գործողությունները ճանաչել հակաօրինական:

Արեն Մանուկյանը Փակ շուկայի ցույցի մասնակիցներից էր եւ օգոստոսի 31-ին բռնի բերման էր ենթարկվել ՀՀ Ոստիկանության  Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին:  Ոստիկանությունը դիմել էր դատարան՝ մեղադրելով ակտիվիստին՝ իրենց օրինական պահանջները չկատարելու մեջ: Արեն Մանուկյանն էլ հակընդդեմ հայցով էր դիմել էր դատարան:

Դատարանում Արեն Մանուկյանի ներկայացուցիչը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էր: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Զեյնալյանը իր վստահորդի այդ հաղթանակով այնքան էլ ոգեւորված չէր:

Նրա գնահատմամբ՝ դատարանները իրավունքի վերաբերյալ հարցը չեն լուծում. «Եթե խնդիրը լուծվի իրավունքի գերակայության տեսակետից, ապա մեր վստահորդների ներկայացրած որեւէ գործ ոստիկանությունը չի կարող շահել: Սակայն այնպես են ձեւակերպված հայցերը բավարարող վճիռները, որ տեղ են թողնում «ոստիկանի» հայցերը բավարարելու: Մենք շատ գլոբալ խնդիր ենք բարձրացնում՝ վարչական պատասխանատվության ինստիտուտին: Այդ պահի համար են միայն խնդիր լուծում, ոչ թե այնպիսի ձեւակերպումներ են տալիս, որը վերաբերի ընդհանրապես իրավունքի գերակայությանը: Բայց պիտի այդ ամենը մեկնաբանվի իրավունքի գերակայության ներքո եւ ոստիկանների գործողությունները պիտի համապատասխանեն դրան: Որեւէ պարագայում այդ գործողությունները չեն համապատասխանում»:

Մենք ճշտեցինք ՝այսինքն, այն, որ Դուք դատը շահել եք, առանձի՞ն դեպքեր են՝ նա պատասխանեց. «Մեր վստահորդների ներկայացրած հայցը բավարարվել է եւ կայացել է վճիռ՝ վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ, սակայն այն իրավունքի հարցերը, որ մենք բարձրացնում ենք, եթե ճիշտ ձեւակերպումով վճիռ լինի, ապա ոստիկանությունը որեւէ շանս չի ունենա, որովհետեւ այն ձեւով, ինչպես գործել է ոստիկանությունը, շանս չունի որեւէ գործ շահելու: Օրինակ, Բաբկեն Տեր-Գրիգորյանի գործով կայացված դատական ակտում նշում են, ասենք՝ դեպքը, տեղի է ունեցել ժամը 19.10-ի սահմաններում, այդ ժամանակ նա զբաղված է եղել, հետեւաբար…ու դատողություններ է արվում: Չի ելնում այն փաստից  ու իրողությունից, որ եթե անգամ 19.10-ին չի իրականացվել դա, էական չի: Այստեղ խնդիրը հետեւյալն է, անձը իրականացրել է իր՝ խաղաղ հավաքների իրավունքը: Վարչական հետապնդում իրականացնելն իրականում մի նպատակ է ունեցել՝ խաղաղ հանրահավաքներ իրականացնելու իրավունքը սահմանափակելը: Դա է իրականում հետապնդել վարչական պատասխանատվությունը, քողարկված է եղել օրինական պահանջը չկատարելու համար պատասխանի ենթարկելու ձեւակերպման տակ: Սա է ամբողջ խնդիրը: Խաղաղ հանրահավաքների ազատության իրավունքին, խոսքի ազատության իրավունքին առանցքային դերակատրություն տրված չի, այն, ինչ որ անում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ կոնվենցիայի լույսի ներքո»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30