Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավերժի ժողովրդին թող փորձության չտանեն տկարամիտներն ու տգետները». Սպարտակ Ղարաբաղցյան

Հունիս 15,2014 12:30

«Ծիրանի» մշակութային հանգույցը, որն զբաղվում է մշակութային տարբեր խնդիրների և առհասարակ մշակութային իրողությունների վերհանմամբ, բացահայտմամբ, ներկայացմամբ, հունիսի 14-ին Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտում ցուցադրեց արձակագիր, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանի և ռեժիսոր, օպերատոր Աշոտ Մովսիսյանի «Թորոս Ռոսլին» ֆիլմը:

Ֆիլմը ոչ այնքան Թորոս Ռոսլին մանրանկարչի մասին է, որքան Կիլիկիայի: Եվ կիլիկյան շրջանի մանրանկարչի կերպարը, կարծեք թե, առիթ է խոսելու Կիլիկիայի մասին:

Aravot.am-ը հետաքրքրվեց պարոն Ղարաբաղցյանից, թե հատկապես ինչն է ստիպել նրան ընտրելու մեր պատմության հենց կիլիկյան շրջանը:

«Ֆիլմում ներկայացված են իտալացի ճանապարհորդ, պատմիչ Մարկո Պոլոյի կարծիքները նրա երկու այցելություններից հետո: Առաջին այցելությունը Կիլիկիայի ծաղկման շրջանում էր, դա Կիլիկիայի բարոյական իշխանների շրջանն էր, և պատմիչն ասում է, որ Կիլիկիան հզոր իշխանների երկիր է: Իսկ վերջին այցելությունից հետո, երբ պետությունը կործանման եզրին էր, արձանագրում է, որ Կիլիկիան կործանվեց, որովհետև նրա թագավորները թույլ, ստոր, կենցաղասեր, ոսկու փայլից կուրացած մարդիկ էին:

Կիլիկիայի պատմության բոլոր այդ շերտերը՝ ծնունդը, հզորացումն ու անկումը, կան մեր ազգային բնավորության մեջ: Այսօր էլ պետականություն ունենք, այսօր էլ վտանգի առաջ ենք կանգնած, այսօր էլ նույն տկարամիտ իշխաններն են, այսօր էլ նույն ոսկու փայլից կուրացած, քրդերի հոգեբանությամբ մարդիկ ունենք, որոնք երկրի թամբին են: Այսինքն՝ Կիլիկիայի ընտրությունը պատահական չէ. հազար տարի էլ անցնի, պատմությունը կրկնվում է, ու հիմա պատմությունից դասեր քաղելու շրջան է:

Ինչո՞ւ Կիլիկիան: Որպեսզի Կիլիկիայի պատմությունը չկրկնվի, որպեսզի մեր վերջին կտորն էլ չկորցնենք»,- պատասխանեց Ս. Ղարաբաղցյանը:

Արդյո՞ք նա նման մտավախություն ունի:

«Մտավախություն չունեմ: Ես գիտեմ, որ մենք արևի հետ դուրս եկած ու արևի հետ էլ մայր մտնող ժողովուրդ ենք: Պարզապես, ուզում եմ, որ մեր ժողովուրդը նորից ժամանակ չկորցնի, մենք նորից ժամանակ կորցնելու իրավունք չունենք: Ես գիտեմ, որ մենք հավերժի ժողովուրդ ենք, բայց այդ հավերժի ժողովրդին նորից փորձության չպիտի տանեն տկարամիտներն ու տգետները»,- ասաց մեր զրուցակիցը և անդրադարձավ մի կարևոր հանգամանքի ևս. «Ֆիլմում ներկայացված բոլոր նամակները հայերեն են գրված ու կնքված: Սա նշանակում է, որ Կիլիկիայում լեզվի նկատմամբ մեծ հարգանք են ունեցել: Հռոմի պապին, օրինակ, նամակները հայերեն են ուղղել, իսկ այսօր մենք ուրիշներին հաճոյանալու համար մեկ-երկու բառ ենք սովորում ու սկսում ենք նրանց հետ իրենց լեզվով խոսել՝ ընկնելով հիմար վիճակի մեջ, այն դեպքում, երբ ունենք պետական լեզու»:

Aravot.am-ի հարցին, թե կարո՞ղ ենք արդյոք դաստիարակչական և դասեր քաղելու առումով մեր պատմության մեջ առանձնացնել հատկապես կիլիկյան շրջանը, Ս. Ղարաբաղցյանը պատասխանեց. «Մեր բոլոր շրջաններն էլ դաստիարակչական առանձնահատկություն ունեն, իսկ Կիլիկիան՝ հատկապես, որովհետև նա ինքը հզոր թագավորություն է եղել, որի հետ մեծերը նստել-վեր են կացել, մինչև անգամ գերմանցիներն ու ֆրանսիացիները վիճում էին, թե ով պիտի Կիլիկիայի թագավորին թագադրի»:

Մեր զրուցակցի խոսքով՝ «Թորոս Ռոսլին» կարճամետրաժ ֆիլմը նաև հիշողությունն արթնացնելու միտում ունի. «Հիշողությունը շատ հեշտ է թմբիրի մեջ պահելը, բայց հողն ինչքան էլ ուզում ես ասֆալտապատի, միևնույն է, եթե տակն արմատ կա, ասֆալտի տակից էլ ծիլ կտա,- ասում է նա:

Պարոն Ղարաբաղցյանը ցավով նկատեց, որ այսօր շատերի համար հայրենիքը դարձել է տարածք, և հայրենիքի մասին խոսելիս ասում են՝ էս երկիրը, էս ժողովուրդը. «Երբ դու «էս»-ով ես խոսում, նշանակում է՝ ինչ-որ մի շատ կարևոր բան արդեն տանուլ ես տվել: Այսօր մենք այդ հիշողության սահմանները վերականգնելու խնդիր ունենք,- համոզված է մեր զրուցակիցը:- Հիմա հայրենասիրության մասին ինչ ճառեր ասես, որ չես լսի, բայց հայրենասիրությունը ճառ չէ, հայրենասիրությունը զուսպ հայրենապաշտություն է: Կամ այն կեղծ հայրենասիրական անուններով ռեստորանները՝ «Էրզրում», «Իգդիր»… Որտեղ նայում ենք, ռեստորան է: Թե Իգդիրն ու Էրզրումը ի՞նչ կապ ունեն ռեստորանի հետ: Վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ նոր թանգարան կամ գրախանութ բացված լինի: Թուրքիան մեր թշնամին է: Ճիշտ է: Բայց երբ տեսնում ես, որ Ստամբուլում յոթհարկանի գրախանութ է բացվում, իսկ մեզ մոտ ճարտարապետական կառույց է քանդվում, մտածում ես՝ թուրքի տեսակը հիմա այստե՞ղ է, թե՞ այնտեղ»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30