Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգներն ու իր գործընկերները կավելացնեն «այն գինը, որը Ռուսաստանը կվճարի՝ Ուկրաինայի արևելք զենքի առաքումները չդադարեցնելու անջատողականների հետ կապերը չխզելու դեպքում»:
Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Արտգործնախարար Քերրին, բացի այդ, ցավակցություն է հայտնել Լուգանսկ քաղաքի օդանավակայանում տրանսպորտային օդանավի կործանման հետևանքով Ուկրաինայի 49 զինծառայողի մահվան կապակցությամբ:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսաստանամետ զինյալները տապալել են ռազմական տրանսպորտային մի օդանավ, ինչի հետևանքով զոհվել է 49 մարդ:
Կարդացեք նաև
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խորհրդակցությունների է հրավիրել երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ նախագահ Պորոշենկոն ասել է, որ ահաբեկչական այս գործողության մեջ բոլոր ներգրավվածները պետք է պատիժ կրեն:
«Ուկրաինային խաղաղություն է անհրաժեշտ: Ահաբեկիչները, սակայն համապատասխան արձագանքի կարժանանան», – շեշտել է Ուկրաինայի նախագահը:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում