Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարևան երկրներում ազգային նվագարաններին ավելի մեծ ուշադրություն է հատկացվում». թառահար

Հունիս 14,2014 17:21

2013 թվականին ստեղծված Հայ ավանդական երաժշտության անսամբլը հունիսի 16-ին՝ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում, հանդիսատեսին կներկայանա համերգ-շնորհանդեսով, որի շրջանակներում կկատարվեն կոմիտասյան, աշուղական, հոգևոր, համշենական մոտ 16 ստեղծագործություններ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ավանդական երաժշտության անսամբլի գեղ. ղեկավար, թառահար Հովիկ Սահակյանը:

nvag

«Գաղտնիք չէ, որ այսօր մեր մշակույթը և, մասնավորապես, երաժշտությունը շատ են աղավաղվում,- ասում է նա,- և ես հույս ունեմ, որ մեր անսամբլն ուղեցույց կլինի բոլոր այն երաժիշտների ու խմբերի համար, որոնք աղավաղում են հայ երգը»:

Հ. Սահակյանն ասաց, որ իրենց երգացանկը կազմել են Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ձայնադարանի հիման վրա և հավելեց. «Կոմիտասը, անշուշտ, չափանիշ է մեզ համար, բայց պետք չէ միայն նրանով սահմանափակել մեր ազգային երգն ու երաժշտությունը: Մենք հրաշալի պարեղանակներ ունենք, հոգևոր երգերի մի մեծ բաժին, որոնք Կոմիտասի հետ կապ չունեն, աշուղական երգեր և այլն»:

Անդրադառնալով ազգային նվագարանների գործածությանը՝ Հ. Սահակյանն ասաց, որ դրանց վերականգնման խնդիրը շարունակում է արդիական մնալ, և այդ նպատակով իրենք ստեղծել են նաև Հայ ազգային նվագարանների վերականգնման ու զարգացման հիմնադրամ, որում ներգրավված են նվագարանագործ վարպետներ, երաժիշտ-կատարողներ, տեսաբաններ և ուրիշներ, որոնք փորձում են վերականգնել գործածությունից դուրս մղված նվագարանները և վերծանել միայն անունով կամ նկարով մեզ հասած նվագարանները. «Միջնադարյան մանրանկարներում կան նվագարաններ, որոնք այս պահին չեն գործածվում, մեր մատենագիրները ևս իրենց աշխատություններում նշում են այնպիսի նվագարանների անուններ, որոնք նույնպես այսօր չկան, և մենք չգիտենք՝ դրանք որոնք են»,- ասաց Հ. Սահակյանը և հայտնեց, որ հիմնադրամն արդեն վերականգնել է հայկական տավիղը (սա դասական տավիղը չէ) համշենական քամանին, սանթուրը, ծնծղայավոր դափը, զիլերն ու չխկչխկաները:

Հ. Սահակյանի պնդմամբ՝ Թուրքիայում և Ադրբեջանում ազգային նվագարաններին անհամեմատ ավելի մեծ ուշադրություն է հատկացվում, քան Հայաստանում. «Տարածաշրջանում կայանալու հարցում Ադրբեջանը մրցակցության մեջ է մեզ հետ և մեծ ուշադրություն է դարձնում իր մշակույթին,- ասում է Հ. Սահակյանը,- հիմա նրանք թառով ու քամանչայով ավելի առաջավոր են, իսկ մեզ մոտ համեմատաբար լավ վիճակում են դուդուկն ու քանոնը, որովհետև դուդուկով կարելի է նաև գումար վաստակել, իսկ աղջիկները մեծամասամբ նախընտրում են քանոնը: Մենք այսօր մեծ խնդիր ունենք վերականգնելու և զարգացնելու հատկապես սազը, թառը, ուդն ու քամանչան: Դրա համար պետք է երիտասարդները հույս ունենան, որ երաժիշտ դառնալով՝ կարող են գումար վաստակել և ընտանիք պահել»:

Այս ոլորտում նաև նվագարանագործ վարպետների պակասը կա:

Հ. Սահակյանի խոսքով՝ նրանց թիվը 9-10-ից այն կողմ չի անցնում, բոլորն էլ արդեն տարեց են և աշակերտներ չունեն: Միայն դուդուկագործների մեջ կան մի քանի երիտասարդներ:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30