«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը դժգոհում է, որ Տասնյակ հազարավոր վարորդներ այսօր, տուգանքների պատճառով դժվար իրավիճակում:
«Տուփերով տուգանքներ են բերում, հարցնում՝ ինչ անենք, ու դա տեղի է ունենում օրենքի սահմաններում»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Հովհաննիսյանը:
Իրեն ՀԿ դիմած վարորդների օրինակով պարոն Հովհաննիսյանը պատմեց, որ հիմնականում նրանք ժամանակին խախտման մասին չեն ծանուցվել ու գործը միանգամից հասել է ԴԱՀԿ:
Նրա խոսքով, եթե փոստատարը թակեց դուռը ու նրան չհաջողվեց տուգանքի մասին ծանուցումը հանձնել հասցեատիրոջը եւ ծանուցումը հանձնեց մի այլ անձի, հասցեատերը համարվում է պատշաճ ձևով ծանուցված. «Այս տարօրինակ օրենքի պատճառով, մարդիկ կրակն են ընկնում: Կամ պիտի վճարեն կամ դիմեն դատարան: Դատարան դիմելը քաղաքացու համար դառնում է անիմաստ, որովհետև նրա գույքի վրա դրվում է արգելանք: Իսկ Հարկադիրը, ՃՈ-ից ստանալով տեղեկանքը, քաղաքացու ամբողջ գույքին արգելանք է դնում` նույնիսկ 5000 դրամ տուգանքի դեպքում»:
Կարդացեք նաև
Իսկ արտասահման մեկնած քաղաքացիները, ավտովարորդների պաշտպանի խոսքով, ավելի սարսափելի իրավիճակում են հայտնվում, որովհետև արտասահմանում չեն կարողանում կիրառել իրենց բանկային քարտը, իսկ Երկու ամիս անց տուգանքի չափը հնգապատկվում է:
Պարոն Հովհաննիսյանը վարչապետին ու ԱԺ նախագահին դիմում է գրել՝ պահանջելով վերացնել տուգանքների եռապատիկ կամ հնգապատիկ ավելացումները: Նրա խոսքով, իրենց ներկայացրած առաջարկները դեռ քննարկվում են ԱԺ-ում եւ կառավարությունում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ