Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Հայաստանում չկա կոնսենսուս

Հունիս 14,2014 14:57

Ոչ անցյալի, ոչ ներկայի հարցում

Հետաքրքիր պատմություն է տեղի ունեցել Գերմանիայում: Անցած տարի այդ երկրի նախագահ Յոահիմ Գաուկը, ելույթ ունենալով դպրոցականների առաջ, Ազգային-դեմոկրատական կուսակցության անդամներին (ըստ էության, նեոնացիստներին) անվանել է Spinner` մի բառ, որը կարող է թարգմանվել որպես «հիմար», «տհաս» «դմբո», մի խոսքով՝ ոչ այդքան ադեկվատ անձնավորություն: Աջ արմատականները վիրավորվեցին եւ դիմեցին Սահմանադրական դատարան, թե նախագահը, ըստ Գերմանիայի Սահմանադրության, պետք է չեզոք լինի եւ որեւէ կուսակցության չպիտակավորի:

Նախագահը Գերմանիայում իսկապես իրավունք չունի խառնվելու ընթացիկ քաղաքականությանը՝ նա ներկայացուցչական դեմք է, հանդիպում է արտասահմանյան պատվիրակությունների հետ, ընդունում է շքերթներ, ստորագրում է օրենքներ, որոնք, ըստ էության, չստորագրել չի կարող: Բայց նա կարող է արտահայտվել այս կամ այն ազգային նշանակության խնդրի շուրջ, եւ նրա խոսքը բավականին մեծ կշիռ ունի: Եվ տեսեք, թե ինչ է որոշել Սահմանադրական դատարանը. նախագահի ասածը անհատական վիրավորանք չէր, այլ ուղղված էր այն մարդկանց, որոնք, ըստ նրա ելույթի համատեքստի, չեն սերտել պատմության դասերը ու, չնայած նացիոնալ-սոցիալիզմի աղետալի հետեւանքներին, շարունակում են քարոզել աջ արմատական գաղափարներ: Հետեւաբար Գաուկը իրավունք ուներ նման բառ օգտագործելու: Ի դեպ, 2013 թվականի խորհրդարանական ընտրություններում (իսկ կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում դրանք, ինչպես հասկանում եք, ամենակարեւորն են) Գերմանիայի ազգային-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 1,3 տոկոս ձայն եւ Բունդեստագ չի անցել:

Ինչի մասին է վկայում այս պատմությունը: Ոչ միայն նրա մասին, որ Գերմանիայում նախագահն էլ իրավունք ունի օգտվելու խոսքի ազատությունից, եթե խոսքը ոչ թե անձնական, այլ քաղաքական մեղադրանքի մասին է: Կա ավելի կարեւոր խնդիր. հասարակության մեջ գոյություն ունի որոշակի կոնսենսուս այդ երկրի ոչ հեռավոր անցյալի վերաբերյալ: Ոչ միայն օրենքն է արգելում նացիոնալ-սոցիալիզմը, այլեւ քաղաքացիների մեծ մասը գիտակցաբար, անկեղծորեն մերժում են այն, եւ դրա թեկուզ հեռավոր ակնարկը գրեթե միաձայն մերժվում է: Մարդիկ, նրանց հայրերն ու պապերը «վառվել են» նացիզմի հարցում, հիմա այլեւս կրկնություն չեն ուզում:

Դա պետության հասունության դրսեւորումներից մեկն է: Ինչ-որ հարցերի շուրջ պետք է լինի հասարակական համաձայնություն, որը Հայաստանում չկա: Ոչ միայն վերեւից պարտադրված օրենք, այլեւ դրա գիտակցական ընկալում: Մեր կոմունիստական անցյալի վերաբերյալ կա, ինչպես տեսանք, աղաղակող անհամաձայնություն, որն արտահայտվեց, օրինակ, Միկոյանի արձանի շուրջ բուռն բանավեճերում: Ոչ մի օրենք (ասենք, լյուստրացիայի մասին) չի օգնի այդ համաձայնությանը՝ այն պետք է հասունանա գիտակցական մակարդակով:

Իհարկե, դա Հայաստանի ամենահրատապ խնդիրը չէ: Մեզ համար շատ ավելի կարեւոր է կոնսենսուսի հասնել օրինականության, լեգիտիմության հարցում: (Չնայած նախորդ հարցի հետ դա, այնուամենայնիվ, կապված է՝ եթե կարելի էր միլիոններով գնդակահարել անմեղ մարդկանց, ապա կարելի է ամեն ինչ): Լեգիտիմության հարցում մեզանում կոնսենսուս չկա՝ սկսած ամենապարզունակ բաներից, վերջացրած «ամենավերեւներով»:
Ես հետիոտն եմ: Երբ հասնում եմ անցումին, սպասում եմ կանաչ լույսին, ինչպես որ դա կանի ցանկացած գերմանացի հետիոտն: Սպասելը տեւում է ամենաշատը 3-4 րոպե. այդ ընթացքում հայտնվում են մարդիկ, որոնք իրենց ավելի արտոնյալ կամ «շուստրի» են համարում, քան ես, նրանք վազում են «կարմիրի» տակ: Եվս մի քանի հոգի, տեսնելով այդ «շուստրիներին», չեն ցանկանում նրանցից պակաս «աչքաբաց» լինել («սրանք ինչո՞վ են ինձնից լավը») եւ վազում են առաջինների հետեւից: Ես, ինձ նման մի քանի «հարիֆների» հետ, կանգնած եմ մնում՝ մինչեւ կանաչ լույս լինի:

Երբ ասում ես՝ օրենքով վարեք ձեր մեքենան եւ չեք տուգանվի, միշտ գտնվում են «ժողովրդի դարդուցավով տապակվողներ», որոնք ասում են՝ «բա էս խեղճ մարդիկ ո՞նց տուգանք մուծեն», «բա էն օրը տեսա՞ր էն ջիպը ինչ արեց՝ նա հաստատ չի տուգանվի»: Երբ ասում ես՝ չինովնիկը չպիտի կաշառք վերցնի, միշտ գտնվում են «հասկցող» մարդիկ, որոնք ասում են՝ «բա էս խեղճ մարդը ո՞նց չվերցնի, ո՞նց ընտանիք պահի՝ Պողոսն ու Կիրակոսը նրանից 10 անգամ ավելի շատ են վերցնում»: Երբ խոշոր հարկատուներին ասում ես՝ «հարկեր մուծեք», նրանք (իհարկե, ոչ պաշտոնապես) ասում են՝ «էդ խի՞ ես պիտի մուծեմ, թող Պողոսը մուծի, ես էլ կմուծեմ, բայց գիտենք, չէ՞, որ Պողոսը Պետրոսին ավելի մոտիկ ա, դրա համար էլ նա երբեք չի մուծի»:

Հիմա երբ իշխանավորներն ընտրություններ են կեղծում ու կռվով-դավով նստում են իրենց աթոռներին, էլի՞ ասենք՝ «էս խեղճ մարդիկ ո՞նց չկեղծեն, իշխանություն են, չէ՞, ուզում»: Ահա թե ինչ է նշանակում լեգիտիմության հարցում կոնսենսուսի բացակայություն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Վստահ եմ, ընթերցողը մեծ ակնածանքով է սպասում ձեր հաջորդ խրատա-դաստիարակչական հոդվածին: Իսկապես շատ մեծ գործ եք անում, Պ.-ն Աբրահամյան: Անշառ և սեփական անձը փառաբանող գործ: Ձեր հոդվածմերի հիմնական նպատակն է կրթել մեր անգրագետ ազգաբնակչությանը այնպես, որ ձեր բարձունքից գոնե տեսանելի դառնա նրա գիտակցության մակարդակը. Թե չե ես և դուք առայժմ ճախրում ենք մեր անհասանելի բարձունքներում: Так держать!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30