Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) եւ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Արամ Աբրահամյան.- Օգոստոսի 1-ից, ըստ երեւույթին, թանկանալու է էլեկտրաէներգիան: Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ թանկացումը կլինի մոտավորապես 10 տոկոսով: Միջին հայաստանյան սպառողի վրա դա, ըստ պարոն Նազարյանի, կնստի տարեկան 8-9 հազար դրամ: Համադրեք այս երկու թվերը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ միջին հայաստանյան ընտանիքը էլեկտրաէներգիայի վրա տարեկան ծախսում էր ընդամենը 80-90 հազար դրամ:
Միքայել Մելքումյան.– Ես կարծում եմ, որ պետք է իսկապես խորամուխ լինել թվերի մեջ, դրանք վստահություն չեն ներշնչում: Մենք նույնպես մեր խմբակցությունով հանդիպել ենք պարոն Նազարյանի հետ: Կան հիմնավորումներ, որոնց մասին ես դեռեւս դեկտեմբեր կամ փետրվար ամսին խոսել եմ ԱԺ լիագումար նիստում: Մենք ունենք «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բնական մենաշնորհ, որը բաշխող ֆունկցիա է ներկայացնում, եւ ունենք արտադրող կայաններ: Հայաստանի էներգետիկ հաշվեկշիռը մոտավորապես 7-7.5 մլրդ ԿՎՏ/ժ տարեկան էլեկտրաէներգիա է, որից 1-1.5 մլրդը մենք արտահանում ենք Իրան: Մենք ունենք հիդրոէներգետիկա, մոտավորապես 32-33 տոկոս, ունենք ատոմային էլեկտրակայան եւ 2 ջերմաէլեկտրակայաններ` Երեւանի ջերմաէլեկտրակայանը եւ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը մոտավորապես հավասար համամասնություններով էլեկտրաէներգիա են արտադրում: Սակագինը բարձրացնելու առաջին հիմնական փաստարկն այն է, որ անցյալ տարի շուրջ 88 օրով ավելի է ատոմակայանը կանգնել պլանային անջատման: Երկրորդը` որ ջրառատ տարի չի եղել, եւ ՀԷԿ-երը, հիդրոէներգետիկան շատ ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրել: Օրենքով սահմանված կարգով պետք է սկզբում ձեռք բերվի ամենաէժան էլեկտրաէներգիան, դա ատոմակայանից է՝ առանց ավելացված արժեքի հարկի` 5-5.5 դրամ, հետո հիդրոէներգետիկայից` միջին կշռված սակագինը այդտեղ տատանվում է 10-12 դրամ, եւ երրորդը` ջերմաէլեկտրակայաններից: Ահա այս 2 խնդիրների պատճառով «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ձեռք է բերել ավելի շատ էլեկտրաէներգիա ջերմաէլեկտրակայաններից: Հաջորդ փաստարկն այն է, որ այս տարվանից Հայկական ատոմակայանը պետք է սկսի իր անվտանգության եւ շահագործողական կարողությունների ավելացման գործընթացը եւ մեծ ծախսեր կատարի, դա պետք է մտնի սակագնի մեջ, այնուհետեւ` Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնը՝ պետք է վարկերը սկսեն սպասարկել, եւ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը նույնպես ունի ծախսեր, կապիտալ նորոգումներ: Այսպիսի համալիր զամբյուղ են ներկայացնում, գումարում են եւ ստանում, որ դա 20 մլրդի ճեղքվածք է առաջացնում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մոտ, դա փակելու համար մենք սակագին ենք բարձրացնում:
Ա. Ա.– Որպես պատճառ` բերվում է նաեւ, որ առաջ էլեկտրաէներգիա վաճառում էինք Վրաստանին, հիմա Վրաստանը կարողացել է ուրիշ տեղերից ճարի, դրա համար, այսպես ասած, մեզ վրա է մնում, իսկ մենք չենք կարող ամբողջը սպառել, որովհետեւ մեր բնակչությունը քչանում է:
Կարդացեք նաև
Գագիկ Մակարյան.– Եթե Հայաստանի տնտեսությունը եւ բնակչությունը այսօր հեռանալու պատճառով չի կարողանում սպառել արտադրվող էներգիան, դա չի նշանակում, որ դրա համար մեղավոր է բիզնեսը, մենք՝ այստեղ ապրողներս: Երկրորդ խնդիրը` եթե մենք այդ ցանցերը սեփականաշնորհել ենք, ապա դրվել են որոշակի պարտավորություններ եւ պատասխանատվություններ սեփականատիրոջ վրա, որ իրենք ինչ-որ ժամանակաշրջանում պետք է կատարեին, համակարգը մոդեռնիզացնելու, արդյունավետությունը բարձրացնելու, հնարավոր խափանումները բացառելու կամ կանխարգելիչ գործառույթների եւ այլնի առումով: Այսօր տեսեք ինչ է ստացվում` վերցնում եմ իմ թաղամասի կամ իմ տան օրինակով. բոլոր լարերը, ինչ որ 90-ականներին դրվեցին, ով ինչպես բերել անցկացրել է սեփական ուժերով, որեւէ սյան փոխելը կամ հաշվիչի տեղափոխելը, կատարվում է հիմնականում քաղաքացու հաշվին, «Էլեկտրական ցանցերը» գրեթե կոպեկ չի ուզում ծախսել, դեռ մի բան էլ փող է ուզում, որ տվյալ մասնագետը գա՝ տեղափոխություն կատարի: Բիզնեսի մյուս ոլորտներում տնտեսվարող սուբյեկտը ինքը կատարում է ծախսեր՝ իր արտադրության, իր մոդեռնիզացիայի, իր շուկայում դիրքը պահելու համար: Իսկ բաշխիչ ցանցերի սեփականատերը քանի որ ունի բնական մենաշնորհի կարգավիճակ, բացարձակապես հոգ չի տանում իր մոդեռնիզացիայի մասով, այսինքն՝ մտածում է՝ ոնց ուզեմ կաշխատեմ, կորուստներ կունենամ՝ կդնեմ, կբարդեմ բոլորի վզին, գները կթանկացնեմ, ու ես ինձ համար հանգիստ կապրեմ:
Քննարկումն ամբողջությամբ`
Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։
Ես կարծում եմ,որ շան գլուխը թաղված է Գազպրոմի հետ կնքված պայմանագրի մեջ՝ըստ որի ՀՀ-ն պարտավորվում է սահմանված ծավալով գազ օգտագործել՝չօգտագործելու դեպքում էլ վճարել նախատեսված ծավալի համար:Գազի համար ստեղծված պարտքերն նույնպես առաջացել են այս պատճառով՝օգտագործել ես թե ոչ՝պարտավոր ես վճարել:Ելնելով դրանից մերոնք ստիպված են զոռ տալ ջերմակայանների ավելի մեծ չափի շահագործման՝թանկ հոսանք արտադրելով: