Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության վստահեցումները, թե մաքսակետ չի դրվելու Արցախի սահմանի մոտ, եթե ոչ հանգստանալու, գոնե մտորելու տեղիք տալիս է. «Ազգ»

Հունիս 14,2014 10:15

Որ Հայաստան-Արցախ` այսպես կոչված «սահմանին» չի կարող մաքսակետ դրվել, կարծես թե բոլորն են ընդունում, բոլորը` Հայաստանում: Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի հնարավոր անդամակցությունից հետո այս հավանականության մասին խոսող` հիմնականում ընդդիմադիրները մեղադրեցին իշխանությանը Ղարաբաղը փաստորեն հանձնելու մեջ, ընդգծելով, որ որեւէ մաքսակետ Հայաստանի ու Արցախի միջեւ չի կարող դրվել, իսկ իշխանությունը` իր բազմաթիվ խողովակներով հստակ, կամ պատգամի ձեւով հասկացրեց, որ նման մաքսակետի տեղադրումը հնարավոր չէ:

Ճիշտ է, նախագահ Սարգսյանը, Աստանայից հետո, ՀՀԿ երիտասարդներին ասաց, թե` «Ո՞վ ասաց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն է մտնում Ղարաբաղի հետ….», բայց նախագահից հետո առաջինը երկրի վարչապետը, ապա ԱԺ նախագահը, փոխնախագահը, բազմաթիվ պաշտոնյաներ գրեթե երդվեցին, որ մաքսակետ հայկական երկու պետությունների միջեւ չի կարող դրվել: Ընդ որում, նման հայտարարություններ հնչեցին նաեւ Ստեփանակերտից:

Անկեղծ ասած, հայկական կողմերի այս խոստում-երաշխիքները մեզ ամբողջովին կհանգստացնեին-կբարարեին, եթե նախագահ Սարգսյանը` նույն ՀՀԿ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ իր վերոհիշյալ միտքը չշարունակեր` ասելով. «…Մեր օրենսդրությամբ ու պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի մաս չէ»: Օրենսդրությամբ` գուցե, բայց պատկերացումներով է՞լ: Մի՞թե Ղարաբաղը հենց միայն մեր պատկերացումներով չէ, որ Հայաստանի մաս է: Արդյո՞ք մեր հայրենիքի անունը Հայաստան չէ, հետեւաբարՙ եթե մի բան Հայաստանի մաս չէ, ուրեմն…

Այդուհանդերձ, հատկապես իշխանության վստահեցումները, թե մաքսակետ չի դրվելու Արցախի սահմանի մոտ, եթե ոչ հանգստանալու, գոնե մտորելու տեղիք տալիս է: Հնարավոր է, որ Եվրասիական տնտեսական միությունում անդամ պետությունների հետ Հայաստանն ունի պայմանավորվածություն, օրինակ այն մասին, որ Հայաստանը միացյալ եվրասիական տնտեսական տարածք է մտնում առանց Ղարաբաղի, բայց Հայաստան-Արցախ ազատ (ինչպես մինչեւ հիմա) ապրանքաշրջանառության վրա Միության անդամ երկրները աչք են փակում: Այսինքն, ըստ Միության կանոնադրության` մաքսակետ պետք է դրվի, եւ այդ մասին բարձրաձայնում են, բայց ըստ ներքին պայմանավորվածության, Հայաստանի պարագայում արվում է բացառություն: Եթե այսպիսի պայմանավորվածություն կա, ապա միանգամայն հասկանալի է իշխանության ներքին հանգստությունն ու վստահությունը, որ մաքսակետ չի դրվելու: Այս հնարավոր պայմանավորվածությամբ կարելի է արդարացնել նաեւ նախագահ Սարգսյանի` մեծ աղմուկ հանած լռությունը Աստանայում:

Ուշագրավ է նաեւ իշխանության պատրաստակամությունը` խորհրդարանում անցկացնել լսումներ` կապված «Աստանայի միջադեպի» հետ: Մասնավորաբար ԱԺ-ի այս շաբաթ տեղի ունեցած քառօրյայի առաջին օրը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման լսումների անցկացում առաջարկեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին, վերջինս էլ ի պատասխան նշեց, որ ինքը նախաձեռնելու է նման լսումներ, որոնց ընթացքում ԱԺ կհրավիրվեն անձամբ նախարար Նալբանդյանն ու այլ շահագրգիռ անձինք: Եթե իշխանությունը ցանկանում է` «հանձնել Ղարաբաղը», կամ իրադրությունը` կապված Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքի հետ, առնվազն Ղարաբաղի մասով գործող իշխանությունների կողմից վերահսկելի չեն, ապա հասկանալի է, որ իշխանությունը չէր գնա «Աստանայի միջադեպի» հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելու քայլին` հրավիրելով այդ լսումներին «բոլոր շահագրգիռ անձանց»: Սա նշանակում է, որ իշխանությունն ինքը կարիք ունի նման մեծ խոսակցության, որովհետեւ իշխանությունն այդ միջադեպի հետ կապված ասելիք ունի:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30