Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը գյուղերում պետք է խնամի դառնա՝ գյուղապետի պաշտոնի համար

Հունիս 14,2014 15:05

«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը՝ վերջին ՏԻՄ ընտրությունների կեղծիքների մասին
Համապետական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միշտ բողոքում են, որ դրանք կեղծվել են, շեշտում են, որ ընտրությունները Հայաստանում կեղծվում են գյուղապետերի մակարդակով: Բայց կոնկրետ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին ընդդիմությունը թեկնածու չի առաջադրում ու չի մասնակցում:
Օրերս Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին: Ընդդիմությունն այս անգամ էլ որեւէ պայքար չտարավ գյուղապետի պաշտոնի համար:

«Առավոտը» ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ՀԱԿ-ը որեւէ համայնքում չմասնակցեց ընտրություններին՝ ռեսուրսների՞ խնդիր կար, թե՞ թեկնածու չունեիք: Նա պատասխանեց. «Ձեւականությունների հետեւից պետք չի ընկնել: Ընտրական ինստիտուտ չկա, գոյություն չունի: Չենք կարծում, որ ընդդիմությունը կարող է ընտրություններում ձեռքբերում ունենալ կամ մասնակցություն ունենալ, առավել եւս՝ ՏԻՄ ընտրություններին: Ձեւականություններ են: Այո, ընտրությունները կեղծվում են բոլոր մակարդակներով, այդ թվում՝ գյուղապետերի: Գյուղապետի պաշտոն վերցնել չի լինի: Ընտրական օրենսգիրքը պետք է փոխել, որպեսզի գյուղապետերի հարցն էլ լուծվի: Առանց դրա չի լուծվի: Ցուցակների հարցը չի լուծվում, մենք այդ հարցը բարձրացրել ենք, որ հրապարակվի: 90-ականներին ընտրությունների մասնակիցների ստորագրությունները փակցվում էին տեղամասերում, այդ ամեն ինչը վերացվեց»:
Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ մասնակցեցիք ավագանու ընտրություններին, եւ Դուք առաջադրվեցիք Երեւանի քաղաքապետի թեկնածու, նույն համակարգն էր, չէ՞, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ճիշտ եք: Մենք այդ ամեն ինչը փորձեցինք, որպեսզի հասկանանք՝ ի վերջո հնարավո՞ր է, թե՞ ոչ: Նույնը կարող եք ասել ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ՏԻՄ ընտրությունները խիստ վերահսկողության տակ են, որեւէ իրական քաղաքական պայքար տանել հնարավոր չէ. «Փոքր բնակավայրերում ում ազգն ամենաշատն է, խնամիական մեծ կապեր ունի, այդ ազգից էլ ընտրվում է համայնքապետ, եւ բացարձակ կապ չունեն քաղաքական տեսակետները, ապաքաղաքական է: Իսկ մի փոքր մեծ բնակավայրերում արդեն կեղծիքների այլ տեխնոլոգիա են կիրառում»: Մեր հարցին՝ եթե փոքր գյուղերում մեծ ազգ ունեցողն է դառնում համայնքապետ, հնարավոր չի՞ «Ժառանգության» մարդիկ նախօրոք խնամիական կապեր հաստատեն՝ ընտրությունների համար, պարոն Մարտիրոսյանը կատակեց՝ նշելով. «Ձեզ էլ որպես խնամախոս կտանենք՝ խնամիական կապեր հաստատելու համար»:

Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ՏԻՄ ընտրությունները կեղծելու կենտրոնացված համակարգ է գործում. «Օրինակ՝ Վարդենիսի գյուղերից մեկից զանգեցին ասեցին, որ օգտագործել են ցնդող թանաքներ եւ հետո իրենց ուզածն արել են: Որեւէ ՏԻՄ ընտրություն մեծ նշանակություն չունի, նույնիսկ եթե հաղթես, որովհետեւ միայն Երեւանի ավագանին է, որն օրենսդրորեն անկախություն ունի, լծակներ ունի: Մնացած դեպքերում դրանք, ըստ էության, մարզպետարաններից կախված միավորներ են, որոնք դոտացիաներ, սուբսիդիաներ ստանում են մարզպետարաններից, նրանց հրահանգով են աշխատում, դառնում են մարզպետարաններին կցված մարմիններ: Մինչդեռ ՏԻՄ-ը եթե կայանա, կարեւորագույն մարմին է»:

Վերջին նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին մեծ աշխատանք տարավ Սյունիքի մարզում եւ հայտարարեց, որ Սյունիքն ազատագրվել է Սուրիկ Խաչատրյանի հետ կապված վախի մթնոլորտից: Մեր հարցին՝ Գորիսում ընտրություններ եղան, ինչո՞ւ գոնե այդ մեծ համայնքում «Ժառանգությունը» չմասնակցեց, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդտեղ առաջին հերթին Բուդաղյանների խնդիրը կար: Գորիսում քաղաքական առումով ընտրություն կարելի էր անել, բայց եղավ այն, ինչ եղավ: Հետո Կապանում իսկապես մթնոլորտ է փոխվել, մենք մեծամասնական ընտրություններում միայնակ մասնակցեցինք: Բայց մեր քաղաքացիների պասիվության պատճառով տեսնում ենք, որ վախի մթնոլորտը կարող է վերականգնվել:

անակահարության մասին էլ տեղեկանում ենք եւ պարզում ենք, որ այդպիսի դանակահարություն, ըստ պաշտոնական վարկածի, չի եղել, այնինչ իրականում բոլորս գիտենք՝ ինչ է եղել: Դա եղավ առաջադրումից հետո, եւ մարդիկ տեսնում են, որ անպատժելիությունը մեծացել է, վախի մթնոլորտը կարող է նորից խորանալ: Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ միայն համապետական արտահերթ միջոցառումներ են անհրաժեշտ, որպեսզի փոխելով իշխանությունը՝ նաեւ փոխենք պատժելիության մթնոլորտը Հայաստանով մեկ»:

Մեր հարցին՝ եթե ընդդիմությունն ասում է, որ ընտրությունները կեղծվում են գյուղապետերի մակարդակով, չպե՞տք է գյուղապետի պաշտոնի համար լուրջ պայքար մղել, որ մեծ ընտրություններին նրանք աշխատեն ձեր օգտին, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ դրանք քաղաքական ընտրություններ չեն, բավական ծավալով նաեւ կեղծում են, ուստի, ճիշտ է, հանձնաժողովի անդամ ունենալ հնարավոր է, բայց վերջին հաշվով անարդյունավետ է: Վարդենիսի գյուղերից մեկում ցուցակի 160 ընտրողից 19 հոգի մի քանի օր առաջ բերել են, կադաստրի գրքում գրանցելով՝ քվեարկելու իրավունք են ստացել: Նմանատիպ ընտրություններին մասնակցելու եւ ռեսուրս վատնելու իմաստը չեմ տեսնում: Եթե ցուցակները հրապարակեն, պարզ կլինի, որ այդ մարդիկ չեն ապրում, Հայաստանում չեն, նրանց փոխարեն կեղծելով էլ արդեն չեն կարող այդ մեծ ծավալն ապահովել»:

Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում ոչ մի ընտրությունների էլ պետք չի մասնակցել, նա չհամաձայնեց. «Համապետական ընտրությունները վերահսկելը մի քիչ ավելի դժվար է, որովհետեւ ամբողջ հանրապետությունով մեկ են ռեսուրսը տարածում: Իսկ այս դեպքում, կենտրոնացնելով ռեսուրսը, ավելի հեշտ է լինում ընտրություն կեղծելը: Բացի այդ, ՏԻՄ ընտրությունները հասարակության կողմից շատ կարեւոր ընտրություն չեն համարվում, ուստի քաղաքացիների մասնակցությունը քիչ է: Ուրիշ բան՝ եթե նախկին շրջանները կամ ներկա մարզերը լինեին համայնքներ, եւ ամբողջ տարածքով լիներ ընտրությունը: Այդ դեպքում մենք այլ արդյունքներ կունենայինք եւ կմասնակցեինք»:

Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ քանի դեռ այս իշխանություններն են խաղի կանոնները սահմանում, հերթական ընտրությունները որեւէ բան չեն փոխի:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30