«Օրինաց երկիր» կուսակցությունն այս օրերին քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ 100% համամասնական ընտրակարգի շուրջ քաղաքական միասնական օրակարգ ձեւավորելու համար: ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանն օրերս հանդիպել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ:
«Առավոտը» Խ. Քոքոբելյանից հետաքրքրվեց, թե մասնավորապես ի՞նչ են խոսել այդ հանդիպման ընթացքում, ի՞նչ պայմանավորվածություն ունեն ՕԵԿ-ի հետ: Նա ասաց, որ երկուստեք կարեւորել են 100% համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությունը. «Հայաստանում ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերն այն կարծիքին եւ համոզմունքին են, որ 100% համամասնական ընտրակարգին անցնելը հնարավորություն կտա ընտրությունները ժողովրդավար դարձնելու: Իհարկե, կա կարծիք, այդ կարծիքը ես էլ ունեմ, որ Հայաստանում ընտրական օրենսգիրք, երբ չկար, ամենամաքուր ընտրությունները տեղի ունեցան: Նկատի ունեմ 1991-ի ընտրությունները: Բայց դա չի նշանակում, որ չպետք է այդ մասին մտածել եւ փորձել կատարելագործել»:
Մեր դիտարկմանը՝ ժամանակ առ ժամանակ այս նույն նախաձեռնությամբ ԲՀԿ-ն էլ է հանդես եկել, ՀՅԴ-ն էլ, բայց ոչինչ չի փոխվել՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Իրավացի եք, դա նաեւ քննարկվում է սահմանադրական փոփոխությունների մեջ: Ես չեմ կարծում, որ կարելի է այդ հարցում այս փուլում հասնել հաջողության, բայց դա չի նշանակում, որ կարելի է այս խնդրի մասին չփորձել մտածել: Այդ հարցում, իհարկե, կան հերթապահ նախաձեռնություններ»:
Տեսակետ կա, որ այս քայլով ՕԵԿ-ն ուզում է քառյակի մեջ մտնել, համամի՞տ եք, այս հարցին Խ. Քոքոբելյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, նման տպավորություն չեմ ստացել: Կարծում եմ, որ քառյակի մեջ մտնել-չմտնելը 100%-անոց համամասնական ընտրակարգի մեջ չէ, այդ թվում՝ նախագահական եւ ոչ նախագահական քաղաքական համակարգի: Լավ կլինի, որ Հայաստանում քաղաքական դաշտի ջրբաժանները, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում եւ առհասարակ, լինեն գաղափարական հենքի վրա, այլ ոչ թե տեխնիկական խնդիրների: Տեխնիկական խնդիրների, այդ թվում նաեւ կարեւորագույն խնդիրների շուրջ կարելի է նաեւ համագործակցել ոչ գաղափարական քաղաքական ուժի հետ, բայց ընդհանուր առմամբ քաղաքական դաշտում, ուզեն թե չուզեն, բաժանումը գնալու է աշխարհաքաղաքական եւ ներքին խնդիրների լուծման տարբեր ռազմավարությունների տեսակետից: Եվ այդ տիպի բաժանումները կամ համախմբումները միեւնույն է՝ արհեստական են լինում եւ քաղաքական հեռանկար չեն կարող ունենալ»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
13.06.2014