Ռուսաստանի օրը Հայաստանում ըստ արժանվույն «նշվեց»
Հունիսի 11-ին «Էրեբունի» օդանավակայանում Հայաստանի եւ Ռուսաստանի օրհներգերով նշվեց Ռուսաստանի օրը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի օդաչուները, ռուս համայնքի եւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Հանդիսավոր ելույթներից հետո տեղի էր ունեցել զինվորական քայլերթ, ռազմաբազայի մի շարք օդաչուներ պարգեւատրվել էին մեդալներով եւ պատվոգրերով, իսկ միջոցառման ավարտին ռուս օդաչուները ներկաների համար ցուցադրական շոու անցկացրին: Օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի անձնակազմն իրականացրել էր անհատական եւ խմբակային ցուցադրական թռիչքներ:
Ռուսաստանի օրը երկրի գլխավոր պետական տոնն է, այդ նույն օրը հայ-ռուսական «դարավոր բարեկամությունը» փաստող երկու «շոու» էլ ցուցադրվեց Հայաստանի այլ վայրերում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քարոզչամեքենայի ներկայացուցիչը` «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն այդ օրը Հայաստանի խորհրդարանում, ոչ ավել, ոչ պակաս, սպառնաց, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա, եւ Հայաստանի անվտանգությունը կտուժի:
Ռուսաստանից ժամանած գործիչների «հատուկ գործողությունները» նորություն չեն: Առավել զարհուրելի է, երբ իշխող հանրապետական խորհրդարանականներն արդարանում են, երբ Կրեմլի խոսնակը հրամայական ու հեգնական տոնով պահանջում է Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել լեզվի մասին օրենքը, քանի որ ռուսաց լեզուն, նրա պատկերացմամբ` Հայաստանում նահանջ է ապրում:
Կարդացեք նաև
Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն էլ է «փայլել» նույն հավաքում: Ըստ yerkir.am-ի՝ նա էլ ասել է, թե Հայաստանը պետք է քաղաքական ընտրություն կատարի, թե ում հետ է ցանկանում լինել. «եթե պետք է ինտեգրվի Ռուսաստանին, ապա քաղաքակրթության հիմքը ռուսաց լեզուն է, ուստի պետք է տարածել ռուսերենը, ինչը, սակայն, հայ հասարակության շրջանում դժգոհության ալիք է բարձրացնում»: Այսինքն՝ Մաքսային միությանն եւ Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի ձգտմամբ դեռ Հայաստանի ընտրության հարցը չի լուծվել, մենք դեռ Մոսկվային պարտավոր ենք զիջել, հավանաբար, ինքնիշխանության բոլոր խորհրդանիշները, որպեսզի ապացուցենք մեր հավատարմությունը Կրեմլին:
Իսկ Մոսկվան մինչ այդ թող շարունակի զինել Ադրբեջանին: ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հայտնված տեղեկության համաձայն՝ 2007-2013թթ. ընթացքում ՌԴ-ն Ադրբեջանին վաճառել է 72 միավոր տանկ, 34 զրահապատ մեքենա, խոշոր տրամաչափի հրանոթային 456 համակարգեր, 1 200 միավոր հրթիռներ եւ հրթիռների արձակման համալիրներ, 37 մարտական ուղղաթիռ: ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի փոխանցմամբ մինչդեռ՝ 2007-2012թթ. ընթացքում ՌԴ-ից Հայաստան ծանր որեւէ սպառազինություն չի մատակարարվել, միայն 2013-ին մեր երկիրը ստացել է 35 միավոր տանկ, 110 զրահապատ մեքենա, 200 միավոր հրթիռ եւ 50 միավոր հրթիռների արձակման համալիրներ:
Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգության խնդրին… Կրեմլի խոսնակ Կիսելյովը հստակ արձանագրել է, որ հայկական պետականության գոյությունը աշխարհում կարող է երաշխավորել միայն մեկ երկիր՝ Ռուսաստանը, բայց եթե Երեւանում ռուսական դպրոցներ գործնականում չեն մնացել, եւ Հայաստանում ռուսաց լեզուն հեռացող երեւույթ է, դա նշանակում է, որ ռուսական մշակույթը նույնպես հեռանում է, եւ աստիճանաբար թուլանում է կապը ՌԴ-ի հետ. «Չի կարելի անվտանգության ինտեգրման առումով մի միություն ընտրել, մշակութային առումով՝ այլ»:
Ինչպես նկատում ենք, ռուսաստանցի քարոզիչը սովորական շանտաժի լեզվով է խոսել հայոց խորհրդարանականների առջեւ, ՌԴ-ի պահվածքը մոտավորապես այսպես ներկայացնելով` քանի դեռ հայ տաքսիստները ռուսերեն խոսել չգիտեն` ՌԴ-ն ինչո՞ւ պետք է ճանաչի ԼՂ անկախությունը: Որ Մոսկվան չի ճանաչի ԼՂ անկախությունը` դա պարզ է, եւ դա չի անում ոչ ամենեւին այդ պատճառով, եւ Պուտինի քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչը դա հստակ գիտակցում է:
Մի կողմից, իհարկե, դրական է, որ Կիսելյովների ու Լեոնտեւների միջոցով ի ցույց է դրվում հայ-ռուսական «դարավոր բարեկամությունն» իր ողջ շքեղությամբ: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանը ռուսական մարզի կարգավիճակ տալու ռուսների պատկերացումները կյանքի են կոչվում Հայաստանում իշխանության ներկայացուցիչների լուռ համաձայնությամբ:
Հունիսի 11-ին պարզվեց, որ Ծաղկաձորում ընթացող Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. ԼՂ-ից երիտասարդները թեեւ նախապես հրավիրված են եղել` չեն մասնակցել, քանի որ նրանց վերջին պահին տեղեկացրել են, որպեսզի Ծաղկաձոր չժամանեն: Այս դեպքը համացանցում արցախցի օգտատերերը կապել էին Աստանայում Ղազախստանի նախագահի ելույթի, Ադրբեջանի նախագահի ներկայացրած «պահանջի» հետ: «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի կազմակերպիչներից է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` ՀԵՀ-ը: Panorama.am-ին ՀԵՀ-ից երեկ տեղեկացրել են, որ հրավիրյալների հարցով զբաղվել է բացառապես Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը, որի նախագահ Մհեր Սիմոնյանն էլ վստահեցրել է, թե Ղարաբաղին հրավեր ուղարկվել է, բայց մասնակիցները անձնական խնդիրների պատճառով չեն կարողացել մասնակցել. «Բայց նրանք արդեն ճանապարհ են ընկել եւ երեկոյան կմիանան համաժողովի մասնակիցներին»: Panorama.am-ի հետ զրույցում ՀԵՀ-ի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն էլ պարզաբանել էր, որ հրավերներով ՀԵՀ-ը չի զբաղվել. «Հրավերները գնացել են մյուս կազմակերպության` Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի կողմից, եւ մեզ հավաստիացրել են, որ մասնակցություն լինելու է: Այսօր էլ իրենք հավաստիացրին, որ այդ տեխնիկական խնդիրը լուծվել է, եւ Արցախի ներկայացուցչի մասնակցությունը լինելու է»:
Այս միջադեպը ուշագրավ է թեկուզ այն պատճառով, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողն է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը, որը վերջին օրերին Աստանայում տեղի ունեցածի առիթով ելույթներ է ունենում ու բացատրում, որ Հայաստանում անհարկի թեժացրին Ադրբեջանի նախագահի նամակի ու Ղազախստանի նախագահի ելույթի թեմաները, իբր անհանգստանալու առիթ չկա, մենք անտեղի տրվեցինք ադրբեջանական սադրանքներին: Ասել կուզի` Նուրսուլթան Նազարբաեւը մեծ մարդ է, մի նամակ էր, կարդաց, հազարավոր նման նամակներ են ուղարկվում, ընթերցվում…
Ծաղկաձորում տեղի ունեցածի առիթով, անկախ տեխնիկական եւ անձնական դրդապատճառներից, որոնք, ինչպես նկատվում է, անմիջապես «առաջացել» են համացանցում բարձրացված աղմուկից հետո, արժե հարց ուղղել հանրապետականներին` Ծաղկաձորում արցախցիներից «ազատվելու» փորձն ո՞ւմ սադրանքն էր…
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.06.2014