Ազատ Արշակյանն այն մարդկանցից է, ով պայքարել է Հայաստանի անկախության համար, երբ դեռ շատ-շատերը մտքում անգամ չէին համարձակվում «անկախություն» ասել: «Առավոտին» հետաքրքիր էր նրա կարծիքը նախորդ օրը հայրենի խորհրդարանում ռուսական քարոզիչ Դմիտրի Կիսելյովի խոսքերի եւ պահվածքի վերաբերյալ:
Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում Կիսելյովի նման պահվածքը, պարոն Արշակյանը պատասխանեց. «Իմպերիա, կայսրություն՝ նշանակում է խտրականություն, անհավասարություն, երբ ինչ-որ մարդիկ իրենց իրավունք են վերապահում արհամարհել այլոց: Իմպերիան հետադիմություն է, իշխող ժողովրդի համար բեռ է՝ պարտավորություններ են ստանձնում, հոգսեր են վերցնում, բայց դրա դիմաց ստանում են այդ անհավասարության, խտրականության մրցանակը: Եթե Կիսելյովն իրեն այդպես չպահեր, կնշանակեր, որ դա ոչ թե կայսրություն է, այլ գործընկերություն, դաշինք:
Մեր՝ հավասարության կողմնակիցներիս պայքարը ոչ թե գովազդային վահանակի դեմ է, որտեղ գրված է «Վոդկա Պուտին» կամ «Մեդվեդ Ռասպուտին», դա չի մեզ խանգարում, մեզ խանգարում է այդ խտրականությունը, այդ մեծամտությունը, որ ունի տիտղոսավոր ժողովուրդը:
Հիմա Կիսելյովն արդեն իրեն համարում է կայսրություն ներկայացնող մարդ, ու այդ պատճառով իրեն իրավունք է վերապահում արհամարհելու մեզ, վիրավորելու: Դա իր հաճույքն է, հանուն դրա է իմպերիան ձեւավորել, որպեսզի նրանք իրենց լավ զգան: Դա բարոյական կողմն է, բայց դա բերելու է նաեւ նյութական կորստի, որովհետեւ իմպերիայի կցորդները պետք է ավելի վատ ապրեն, ավելի ցածր կենսամակարդակ ունենան… Ու մենք գնում ենք այդ ճանապարհով: Կիսելյովն արդեն տեղ է հասել:
Մենք մեր կարգավիճակի հետ չենք հաշտվում, դեռ չենք հասել նվաճվածի, գաղութացվածի հոգեվիճակին: Մեզանից ոմանք երբեք դրան չեն հասնի, թեեւ կան, որոնք արդեն հասել են՝ «սուզերեն-վասալ» խաղի մեջ են մտել: Բայց ավելի մեծ մի խումբ կա, որ ձեւավորվել է եւ ասում է, ասելու է՝ ո՛չ հետադիմությանը, ո՛չ 18-րդ դարին, կեցցե՛ 21-րդ դարը, կեցցե՛ ազատությունը, մենք վասալ չենք: Երբ 111 տարի առաջ ռուսական կայսրությունում այն ժամանակվա կիսելյովները փակում էին հայկական դպրոցները, չգիտեին, որ հետո լինելու են ռուսական երեք հեղափոխությունները, Սարդարապատի, Զանգեզուրի պաշտպանություն, Ղարաբաղյան շարժում, Անկախության հռչակագիր… նրանք չգիտեին, բայց սրանք արդեն գիտեն, չէ՞, էդ նույն փոցխի վրա ինչի՞ են կանգնումլ… Այդ շովինիստի արածը վնասարարություն էր, նաեւ դեսպանի կեցվածքը, այդ ամենը ցույց են տալիս, որ ռուսական կայսրությունը գնում է ինքնաոչնչացման: Իմպերիան դատապարտված է, քանի որ իր միջից վատերն ու անշնորհքներն են հասնում վերեւներ, լսելի ձայն դառնում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ճի՞շտ է համարում մեր պատգամավորների չեզոք կեցվածքը, օրինակ՝ այդ հանդիպմանը մասնակցած Կարինե Աճեմյանն ասաց, որ Կիսելյովին հակադարձելու կարիք չկար, Ա.Արշակյանը պատասխանեց. «Տիկին Աճեմյանն իրավունք ունի այս պահին լավամարդ լինելու, մատների արանքից նայելու այդ իմպերիալիստական դեմարշին, որպեսզի հանկարծ սպիտակ արջը չբարկանա: Բայց պետք է լինեն մարդիկ, որոնք չեն ուզում լավամարդ լինել, այդ թվում՝ իշխող կուսակցությունից՝ ավելի նրբանկատ ձեւով, իսկ քաղաքական ընդդիմությունը, հասարակությունն ու ազատ քաղաքացիներս ավելի սուր ձեւով պիտի ասենք, որ այդ արջին պետք է վանդակը մղել: Կարեւոր է հետեւողական եւ պատվախնդիր լինելը, ոչ ոք իրավունք չունի մեզ վիրավորելու՝ առավել եւս այն երկրի մտավորականը, որը գերտերության հավակնություններ ունի: Գերտերություն լինելու իրավունք ունի այն երկիրը, որն ապահովում է ավելի փոքր էթնոսների կայունությունը, ապահովությունը, արժանապատվությունը: Իսկ եթե չարաշահում է իր մեծ լինելը, նշանակում է գերտերության կարգավիճակին արժանի չէ: Նշանակում է՝ մնացել է թաթար-մոնղոլական խանության տակ ծնկի եկած փոքր մոսկովյան իշխանության մակարդակին: Մեծ երկրի մտավորականն իրավունք չունի փոքր երկրի, դաշնակից երկրի մշակույթի մասին նման կերպ արտահայտվելու»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.06.2014