Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեծից փոքր խաղահրապարակի համար տարածքը մաքրել են

Հունիս 14,2014 14:30

Սակայն արաբկիրցիներն այդ խաղահրապարակն այդպես էլ չեն ունեցել

Արաբկիր համայնքի մի խումբ բնակիչներ՝ մեծից փոքր, օրեր շարունակ ոգեւորված հավաքել, բարեկարգել ու աղբից մաքրել են Ադոնցի, Տոբուխին, Մամիկոնյանց հասցեներին հարող տարածքը, որտեղ տարիներ ի վեր կիսախարխուլ շինություն է եղել, ժանգոտ ցանկապատեր ու աղբ: Բնակիչները պատմում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը խոստացել էին տարածքում խաղահրապարակ հիմնել: Խաղահրապարակի մասին խոստումը արաբկիրցիները «պոկել» են անցյալ տարի Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին՝ նշյալ հասցեների բակերում քաղաքապետի հետ կայացած հանդիպումներին:

Xaxahraparak-2

Արաբկիրցի երեխաները խաղահրապարակ ունենալու հույսով բակի տարածքն աղբից ազատում են:

«Առավոտը» Ադոնցի 13, 15, 17, 17/1, 17/2, 17/3, 17/4, 17/5, Մամիկոնյանց 36/6, 36/8, Տոլբուխին 34 բազմաբնակարան շենքերի շուրջ 200 բնակիչների ստորագրությամբ նամակ է ստացել, որով բնակիչները համայնքի ղեկավարին եւ քաղաքապետին հիշեցնում էին տված խոստումը: Ճիշտ է, վարչական շրջանի աջակցությամբ այդ շենքերի հարակից տարածքում շենքի բնակիչները մաքրել են, կարգի են բերել, թաղապետարանն էլ զրուցարան է տեղադրել, սալապատ ճեմուղիներ հիմնել ու եզրաքարերը փոխել, սակայն, ինչպես բնակիչներն են ասում, խոստացված խաղահրապարակն այդպես էլ չի կառուցվել:

Մեզ հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը վստահեցրել է, որ տարածքը կընդգրկեն խաղահրապարակների կառուցման ցանկում: Այդ առիթով, ինչպես արաբկիրցիներն են պատմում, նույնիսկ վահանակ է տեղադրվել՝ բովանդակությամբ, որ բակում կառուցվելու է խաղահրապարակ:
«Ձեր որոշումը եւ հեռանկարում մանկական խաղահրապարակ ունենալու հնարավորությունը մեզ շատ էր ուրախացրել: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ոգեւորություն էր տիրում, հատկապես բակի երեխաների շրջանում: Նրանք մեծ աշխատանք կատարեցին՝ օգնելով մեծերին հավաքել շինարարական եւ կենցաղային աղբն ու բարեկարգել տարածքը: Մեզ օգնելու ձեր խոստումն արթնացրել էր բակային ոգին, պատասխանատվության զգացում էր առաջացրել բնակիչների շրջանում, հույս էր արթնացրել, որ մեր երեխաներն ու մենք վերջապես իրականացված կտեսնենք մեր բակում խաղահրապարակ ունենալու բոլորիս երազանքը: Ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ վերը նշված տարածքում մանկական խաղահրապարակ կառուցելու հարցում, եւ ցանկանում ենք անձամբ ձեզ հետ հանդիպել եւ քննարկել այս հարցը»,- քաղաքապետին ուղղված նամակում գրում են բնակիչները: Վերջերս էլ բնակիչները նշյալ տարածքում ինչ-որ աշխուժություն են նկատել՝ ենթադրելով, որ խաղահրապարակի տարածքը հրապուրել է որոշ կառուցապատողների:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Արաբկիր վարչական շրջանից հայտնեցին, որ մոտ օրերս համայնքի ղեկավարը՝ Հրայր Անտոնյանը, ծրագրել է հանդիպել այդ հասցեների բնակիչներին: Նաեւ տեղեկացրին, որ բնակիչների մատնանշած տարածքի մի հատվածը մասնավոր սեփականություն է, որի շուրջ ներկայումս դատական գործընթացներ են տեղի ունենում: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ տարածքը վերադարձվի բնակիչներին, վարչական շրջանից ասացին, որ չեն կարող դատարանի որոշման վերաբերյալ կանխատեսումներ անել՝ միայն նշելով, որ սնանկության հետ կապված հարցով է տարածքի սեփականատերը դատարանում: Ինչ վերաբերում է բակի մի հատվածին, ապա ըստ նույն աղբյուրի՝ նշյալ տարածքում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ՝ ինչպես որ խոստացվել էր, եզրաքարեր են տեղադրվել, սալապատվել են ճեմուղիները, տարածքում առկա հին առարկաները հեռացվել են, ցանկապատերն ապամոնտաժվել են, նաեւ մարզասարքեր ու զրուցարան է տեղադրվել, այսինքն՝ փոքրիկ կանաչապատ հանգստի գոտի է ստեղծվել:

Իսկ թե ինչու խոստացված խաղահրապարակն, այնուամենայնիվ, չի կառուցվել, վարչական շրջանից դժվարացան պատասխանել:

ԼՈԻՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30