Բողոքում են Անդրանիկի փողոցի բնակիչները
«Իմ աղջիկն ուսանող է, չի կարողանում իր ննջարանում զգեստափոխվի, դիմացի անօրինական շինություններն ուղիղ նայում են նրա սենյակի պատուհանին, ախր այսպես ապրելն անհարմար է եւ անհնար »,-դժգոհում է Անդրանիկի փողոցի թիվ 73 շենքի բնակչուհի Անուշ Պետրոսյանը: Նրա բողոքին միանում են սույն, ինչպես նաեւ 75-րդ շենքի բնակիչները (հատկապես մինչեւ 5-րդ հարկում ապրողները): Նրանք պնդում են, որ իրենց շենքերի հարեւանությամբ գտնվող շինությունները զրկում են իրենց արեւի լույսից: Դրանցից մի քանիսը կառուցվել են վերջին ամիսների ընթացքում. մեծ մասը նախապես ծառայել է որպես ավտոտնակ, իսկ այսօր բնակելի շենքեր են, բարձրահարկ սուպերմարկետ եւ խաղադրույքային կենտրոն: Բնակիչներին առավել զայրացնում է հատկապես այս շինությունը: Բանն այն է, որ ինչպես իրենք են ասում, իրենց երբեմնի լավ հարեւանը, ով ապրում է 73-րդ շենքի 5-րդ հարկում, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, իրենց քթի տակ ավտոտնակի վրա 2-րդ հարկ է կառուցում, ինչն էլ ավելի է փակում իրենց տեսադաշտը: «Մեր դրացին է, երբ կառուցեց ավտոտնակը, մենք շնորհավորեցինք նրան, բայց նա չարաշահեց մեր համեստությունը: Ուղղակի անընդունելի է 2-րդ հարկ կառուցել ու կտրել մեզ արեւի լույսից, դիմացի եկեղեցուն նայելու հնարավորությունից»,- ասում է Անուշ Պետրոսյանը: Իսկ հարեւանուհին` Գայանե Մելիքբեկյանն էլ հավելում է. «Անձնական ոչ մի խնդիր չկա այս հարցում, մենք շատ լավ հարեւաններ ենք եղել, նույնիսկ ես ուզում էի իրենց աղջկան հարս բերել մեր տուն…»:
Հարցին` փորձե՞լ են իրենց հարեւանի հետ բանավոր համաձայնության գալ, պատասխանում են` այո, սակայն շինության տերը համառորեն պնդել է, որ ինքը շարունակելու է կառուցել շենքը, թեկուզեւ քանդեն: Բնակիչների խոսքով` իրենք դիմել են Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայություն, բայց դեռ գրավոր պատասխան չկա, իսկ բանավոր հիմունքով տեղեկացրել են, թե զգուշացում կտան շինության տիրոջը, որ դադարեցնի շինարարությունը. «Ես խոսել եմ ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության աշխատակիցներից Աիդա Ղազարյանի հետ, ով ինձ ասաց, որ շինարարությունն անհապաղ կանգ կառնի, բայց, ինչպես տեսնում եք, շարունակվում է: Գուցե այստեղ ինչ-որ «խաղեր են գնում» կամ էլ իրենք նույնպես անկարող են կարգավորել այս հարցը»,- ասում է բնակչուհի Անուշը: Անդրանիկի փողոցի 73-րդ եւ 75-րդ շենքերի բնակիչները մտավախություն ունեն, որ այս դեպքը կարող է նախադեպ դառնալ մյուսների համար, եւ չի բացառվում, որ հետագայում բոլոր ավտոտնակները բարձրահարկեր կդառնան ու կսպառնան իրենց հանգստին` ոչ միայն լուսավորությունից զրկելու, այլեւ աղմուկ-աղաղակը շատացնելու պատճառով: «Ինձ ծանոթ է այս իրավիճակը: Տարիներ առաջ, երբ ես երկրում չէի, մեր պատշգամբի դիմաց կառուցվեց «Վիվարոն» ու «Գրին» սուպերմարկետը: Անկախ քեզանից՝ դու փակ վիճակում եւ կաշկանդված ես ապրում, մանավանդ՝ երբ տանը երիտասարդ աղջիկներ կան: Նույնիսկ գյուղերում այսպիսի բաներ չեն անում»,- բողոքում է 73 շենքի բնակիչներից մեկը (անունը չցանկացավ հրապարակել): Նա նաեւ հավելում է. «Մենք տեղեկություններ ունենք, որ «Վիվարոն» զգուշացրել է նրանց, թե հանկարծ մեր տարածքը չանցնեք, որովհետեւ մենք էլ պետք է «բարձրանանք»: Ստացվում է, որ մենք ընդհանրապես կզրկվենք լույսից ու անդորրից»:
Մյուս հարեւանները եւս դժգոհում են` այնգամ այդ դեպքում չեն կարողանա վաճառել իրենց բնակարաններն ու տեղափոխվել մեկ այլ վայր, քանի որ, ինչպես իրենք են ասում, գնորդները չեն ցանկանա ապրել լուսավորությունից զուրկ, բարձրահարկերով շրջաափակված վայրում: «Առավոտը» զրուցեց նաեւ մյուս կողմի հետ, ով ասաց, թե իր հարեւաններն իրեն դիմել են միայն այն ժամանակ, երբ արդեն կառուցվել է շինության 2-րդ հարկը: «Եթե ես իմանայի, որ իրենք դեմ են լինելու, պարզապես չէի շարունակի շինարարությունը»,- պատասխանում է բողոքի առարկա դարձած շինության տերը՝ Հարություն Ծատուրյանը: Նա պնդում է, թե Անդրանիկի 73-ի բնակիչները 75-ի բնակիչներից խաբեությամբ են կորզել բողոք-նամակի համար անհրաժեշտ ստորագրությունները, օրինակ, ասել են, թե բաց հորատանցքերի համար են ստորագրություններ հավաքում, որոնք վտանգավոր են երեխաների համար: «Ամուսինս 30 տարի ծառայել է մեր պետությանը, նա չի գնացել ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների դիմել: Նա Ղարաբաղի թիկունքում ավտոշարասյուներ է ուղեկցել, այդ ընթացքում 2-րդ կարգի հաշմանդամ է դարձել: Մի՞թե էս մարդը իրավունք չուներ ավտոտնակ գնելու, հետագայում շենք կառուցելու: Այդ նույն բողոքողներից մեկը ժամը 12-ին, 13-ին իր ավտոտնակում գործեր է անում, այսքան ժամանակ չի եղել, որ մենք բողոքենք, թե աշխատանքի ժամանակ առաջացած աղմուկը մեզ խանգարում է»,- ասում է Հարություն Ծատուրյանի կինը: Ամուսինները պնդում են, թե իրենց պատկանած շինությունը ընդհանրապես չի խանգարում Անդրանիկի 73 եւ 75 շենքերի լուսավորությանը: «Այս շենքից ոչ մի ստվեր չի ընկնում իրենց պատուհաններին: Մեզ բողոքում են, թե պատշգամբից տոնածառը չի երեւում, դա ուղղակի անտրամաբանական է, պարզապես դուշմանությունն են անում»,-ասում են ամուսինները եւ հավելում` բողոքողներից մեկն էլ իրենց հարեւանուհի Շուշանն է, ում պատշգամբի դիմաց կառուցվել են «Վիվարոն» ու «Գրին» սուպերմարկետը: «Դրանք էլ են խանգարում, դե թող գնան, դրանք էլ քանդել տան… »,- ասում են նրանք:
Մեր այն հարցին, թե իրենք ունե՞ն 2-րդ հարկ կառուցելու եւ շինարարական աշխատանքները շարունակելու համապատասխան թույլտվություն, պատասխանում են` ոչ, բայց այդ հարցը ընթացքի մեջ է:
ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.06.2014