Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երաժշտության եւ սիրո մեջ պետք է անկեղծ լինել»

Հունիս 14,2014 14:00

Սեւադա Համբարչյանը՝ ազգագրական երգի մասին

Ժամանակակից երիտասարդությունը հաճախ է քննադատության ենթարկվում իր ազատամտության, նոր տեխնոլոգիաներին կառչելու ու գրեթե կախվածություն ունենալու համար: Ոմանք համարում են, թե այդ ամենը երիտասարդությանը հեռացնում է ազգային արմատներից, «լղոզում» ես-ը: Սակայն իրականությունը հուշում է, որ մենք այսօր էլ ունենք շնորհալի երիտասարդներ, որոնց հայեցիությունն ու գործունեությունն ամենամեծ հարգանքի են արժանի: Նրանցից մեկը Սեւադա Համբարչյանն է, որին ծննդավայր Գորիսից դուրս սկսել են ճանաչել նաեւ մայրաքաղաքում:

«Ես ծնվել եմ Սյունյաց աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում, երաժիշտների ընտանիքում: Ծնողներս ժամանակին մեծ ու հարուստ գործունեություն են ծավալել Գորիսում, եղել ճանաչված ու սիրված կատարողներ: Նման փորձառու մասնագետների համար այնքան էլ դժվար չէր իմ օժտվածությունը նկատելը: Ավելին, ծնողներիս պատմելով, իմ տաղանդն ի հայտ է եկել «օրորոցում», երբ ես հինգ-վեց ամսական երեխա էի: Ամեն անգամ ինձ քնեցնելիս մայրս երգում էր, եւ այդ ժամանակ ես կրկնում էի մեղեդին նույն ճշգրտությամբ: Տարիների ընթացքում ծնողներիս հետեւողականության շնորհիվ ես սկսեցի զբաղվել երաժշտությամբ, աճել, զարգանալ եւ այսօր էլ շարունակում եմ քայլերս…. Չեմ կարող որեւէ փուլում չհիշել ծնողներիս, քանի որ մաքուր, որակյալ երաժշտության հետ նրանք միաժամանակ սերմանել են իմ մեջ հայրենասիրություն, սեր դեպի հայեցի երաժշտություն, հայկական մշակույթ, եւ ես գիտակցելով այդ ամենի կարեւորությունը՝ ձգտում եմ վերադարձնել այն մարդկանց, մատուցել յուրաքանչյուրին, որպեսզի յուրաքանչյուր հայ ճանաչի ու խորությամբ զգա հայկական երաժշտությունը»,- ասում է մեր զրուցակիցը:

Նա նշում է, որ փորձում է համատեղել նաեւ այլ ժանրերի երգեր, հետեւաբար՝ անընդհատ փնտրտուքի մեջ է. «Ես նաեւ «Վարք Հայոց» երգի-պարի ավանդական ազգագրական խմբի անդամ եմ, մենք եկեղեցական տոներին տարբեր եկեղեցիների բակերում ենք հանդես գալիս եւ այս ելույթներն ինձ իսկապես ուրախություն ու խաղաղություն են պարգեւում, որովհետեւ զգում եմ, որ մարդիկ ունեն նման երաժշտության կարիք ու կարոտ: Քայլեք ինձ հետ քաղաքում եւ ձեզ համար անակնկալ չի լինի, օրինակ, Կասկադում՝ իմ երգելը: Նման ելույթների հաճախ կհանդիպեք…Ըստ իս, իսկական երաժիշտը պետք է անկեղծ լինի, անմիջական: Փառքի հիմքը անկեղծությունն է: Ինչպես ասել է Ջուզեպպե Վերդին, երաժշտության, ինչպես նաեւ սիրո մեջ, առաջին հերթին պետք է անկեղծ լինել: Ես փորձում եմ ապրումներ, մաքուր հնչյուններ ու տրամադրություն փոխանցել մարդկանց եւ ինձ լիարժեք բավարարված եմ զգում, երբ ժպիտ եմ տեսնում իմ ունկնդիրների աչքերում, լույս ու կյանքի ապրող գույներ»:

ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30