Համաշխարհային ճանաչում ձեռք բերած երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանն առաջին անգամ հանդես կգան միասին:
Հունիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրանք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ կհնչեցնեն Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները: Առաջին բաժնում մենակատարները միասին հանդես կգան Բրամսի՝ Ջութակի, թավջութակի և նվագախմբի համար Կրկնակի կոնցերտի կատարմամբ, իսկ երեկոյի երկրորդ մասում կհնչի Բրամսի թիվ 2 սիմֆոնիան:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին երիտասարդ արվեստագետները:
«Անձամբ ինձ համար Հայաստանն ամենահուզիչ տեղերից մեկն է նվագելու համար,- ասում է Ն. Հախնազարյանը,- որովհետև այստեղ իմ տունն է, իմ ժողովուրդն է, իմ ազգն է: Ես փորձում եմ ավելի հաճախ այցելել Հայաստան: Երբ հենց այնպես, առանց համերգի ես գալիս, ավելի հաճելի է. չես մտածում, չես անհանգստանում, չես պարապում»:
Կարդացեք նաև
«Հայաստանում նվագելն առանձնահատուկ զգացողություն է,- հավելեց Ս. Խաչատրյանը,- որովհետև գիտես, որ քո ազգի համար ես նվագում և քո հայրենիքում ես նվագում, բայց եթե համերգներ չլինեին, ես հազիվ թե գայի, որովհետև պահեր են լինում, որ այնքան հոգնած ես լինում, որ ոչ մի տեղ չես ուզում գնալ: Իսկ համերգներն ինձ համար շարժիչ ուժ են, և հաճախ հենց դրանցով է շատ բան որոշվում: Լավ է, որ համերգներն առիթ են դառնում, որ թեկուզ երեք օրով գաս քո հայրենիք: 1998-ից սկսած՝ իմ կյանքում ընդամենը մեկ անգամ է եղել, որ եկել եմ Երևան ոչ նվագելու համար: Եվ ես ինձ մի տեսակ ավելորդ էի զգում, որովհետև երբ չես նվագում, կարծես ինչ-որ մի բան չես տալիս, իսկ երբ գալիս ես հատկապես քո ժողովրդի մոտ, պիտի տաս նրան այն, ինչն ամենաուժեղն է քո մեջ»:
Երիտասարդ արվեստագետների համար ավելի կարևոր է հայկական երաժշտությունը ներկայացնել արտասահմանում, քան հայրենիքում. «Եվրոպայում մեծ հետաքրքրությամբ են հայկական երաժշտություն լսում: Մեր ժողովրդական երաժշտությունը նրանց համար էկզոտիկ երաժշտություն է,- ասում է Ս. Խաչատրյանը:- Ես արտասահմանում հայկական երաժշտություն ավելի շատ եմ կատարում, քան Հայաստանում, որովհետև կարծում եմ, որ ավելի կարևոր է հենց այնտեղ դա ներկայացնելը»:
«Բացի այդ,- հավելեց Ն. Հախնազարյանը,- մեր արտասահմանյան գրեթե բոլոր համերգներին մեծ թվով հայեր են լինում դահլիճում, և կարծում եմ՝ այդ հայերի համար ավելի արժեքավոր է, որ մենք նվագում ենք Կոմիտաս օտար երկրում, քան եթե նվագեինք այստեղ»:
Նշենք, որ հունիսի 15-ին կայանալիք համերգի տոմսերն արդեն սպառված են:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը դա այսպես է բացատրում. «Մենք շատ քիչ թվով, բայց հիանալի պատրաստված ունկնդիրներ ունենք, որոնց իսկապես հետաքրքրում է դասական երաժշտությունը, իսկ մարդկանց մեծամասնությանը «իրադարձություն» է պետք: Նարեկի ու հատկապես Սերգեյի դեպքում այդ երկուսը համընկել են, և ես շատ ուրախ եմ, որ այդ մարդիկ հենց նրանք են, բայց այդ ցանկում ուրիշ անուններ էլ կան, ասենք՝ Վլադիմիր Սպիվակովը, որը եթե գա մեր բեմի վրա պարի էլ, էլի տոմսերը մի քանի օր առաջ սպառված կլինեն: Այսինքն՝ մեզանում այդ երևույթը կա»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ