Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը վիրավորեց քաղաքացուն «հոգեկան խանգարում ունեք», «կնոջ փեշի տակ եք թաքնվում»

Հունիս 13,2014 20:40

Այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստի ժամանակ քննվել են ազատամարտիկի ու գործով վկաների հեռախոսազրույցների արձանագրությունները:

Դատական նիստի հենց սկզբում դատավոր Լեւոն Ավետիսյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ դատական նիստը հետաձգվել էր դահլիճում աղմուկ ստեղծելու պատճառով, ապա զգուշացրեց, եթե այս անգամ էլ ազատամարտիկները խանգարեն, ինքը կքննարկի դռնփակ դատաքննության հարցը:

«Նախորդ անգամ քաղաքացիները փոխանակ նիստը խանգարող իրենց գործընկերոջը դիտողություն անեին, ընտրեցին նրան ոգեշնչելու, հովանավորելու ճանապարհը: Խնդրում եմ, կոչ եմ անում պահպանել կարգ ու կանոն ենթարկվել օրինական կարգադրություններին»,- ասաց դատավորը:

Հետո մեղադրողը սկսեց ընթերցել Վոլոդյա Ավետիսյանի ու գործով վկաների հեռախոսազրույցի արձանագրությունները:

Հենրիկ Զաքարյանի ու Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսազրույցի ժամանակ Վոլոդյա Ավետիսյանը պահանջել է  «Երեխու ծննդյան թիվ, անուն ազգանուն , կեսօր թե իրիկուն լինի բեր, ու ես երկու օրվա մեջ կսկսեմ  գործողությունները, մնացածն էլ պետք է պատրաստ լինի, որ ընթացքում էդ մարդկանց հարցերը լուծենք»: Հետո, ըստ հեռախոսազրույցի արձանագրության, պայմանավորվել են հանդիպման մասին:  Զաքարյանը հասել է ժամադրության վայր, զանգահարել Ավետիսյանին ու ասել, որ սպասում է իրենց տեղում՝ կամրջի մոտ:

Հաջորդ հեռախոսազրույցը Վարդան Կարապետյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի միջեւ էր: Վոլոդյա Ավետիսյանը հեռախոսահամար է ասել ու կարգադրել զանգել այդ համարին:

Մեկ այլ հեռախոսազրույցն էլ Վոլոդյա Ավետիսյանի ու  նրա ազգականի միջեւ էր: Ազգականին պարոն Ավետիսյանը պատմում էր, որ  ձեռքին արդեն փող ունի ու  կարող է պարտքերը փակել, հարյուր դոլար էլ նրան տալու մասին է ասել:

Ընթերցվեց նաեւ Վոլոդյա Ավետիսյանի եւ նրա կնոջ միջեւ հեռախոսազրույցը,

որի ընթացքում պատմել է, թե ինչպես է պարտքերն ու ապառիկները արդեն վճարել: Մեկ այլ զրույցի ընթերցման պահին, մեղադրյալը դժվարացավ ընթերցել, դատավորը հուշեց բառը, ինչը դահլիճում ազատամարտիկների ծիծաղն առաջացրեց, նրանք սկսեցին ռեպլիկներ անել:

Դատավորը պահանջեց խանգարողին կանգնել: «Ո՞վ էր խանգարում»,- հարցրեց դատավորը:  «Ընթերցողը»,- հեգնեցին դահլիճից:

«Ով որ խանգարել է թող տղամարդկություն ունենա կանգնի , ասի որ ինքն է խանգարում թե չէ կանանց փեշերի տակ թաքնվելով»,- դատավորի այս դիտողությունը մնաց կիսատ:

Ազատամարտիկները վրա տվեցին. «Ո՞ւմ փեշի տակ ենք կանգնում, մենք ոչ ոքի փեշի տակ չենք թաքնվում: Դու ո՞ւմ փեշի տակ էիր, երբ մենք պատերազմում էինք:  Փեշի տակ դուք եք թաքնվում»:

Սկսվեց իրարանցումը, դատավորը պահանջեց հեռացնել իրեն հակաճառող ազատամարտիկին, «խանգարող» ազատամարտիկը դուրս եկավ, հաջորդեցին ազատամարտիկների ծափահարությունները:

Դատավորը պահանջեց վերջ տալ, հետո հայտարարեց, որ դահլիճից հեռացված ազատամարտիկը հոգեկան խնդիրներ ունի: Այս հայտարարությունից ազատամարտիկներն ավելի զայրացան, սկսեցին սուլել, գոռալ, հարցնել՝ «ով է ձեզ իրավունք տվել վիրավորել քաղաքացուն»:

Ազատամարտիկները դատավորին  մեղադրեցին սադրելու, դիտավորյալ դատական նիստը ընդմիջելու մեջ:

Դատավորը Կրկին պահանջեց բոլորին ազատել դահլիճը, ազատամարտիկները պնդեցին, որ չեն հեռանալու պահանջեցին ներողություն խնդրել քաղաքացուց՝ վիրավորանքի համար:

Դատավորը հեռացավ դահլիճից: Ավելի ուշ վերադարձավ ու դատական նիստը անորոշ ժամկետով հետաձգեց:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30