Ինչպես արդեն գրել էինք, հունիսի 6-14-ը Երևանում անց է կացվում է Արամ Խաչատրյանի անվան 10-րդ՝ հոբելյանական միջազգային մրցույթը: Այս անգամ՝ մեծն կոմպոզիտորի 110-ամյակի տարում՝ մրցում են պատանի դաշնակահարները:
Հիշեցնենք, որ մրցույթն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի միացյալ ջանքերի շնորհիվ՝ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով միաժամանակ մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:
2010 թվականից Արամ Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթի գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն վաղը՝ հունիսի 14-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում սկսվող պարգևատրման պաշտոնական արարողության ժամանակ, որին կհետևի Գալա-համերգը:
Գալա-համերգի ընթացքում կհնչի Արամ Խաչատրյանի Դաշնամուրային կոնցերտը 2007թ.-ից մրցույթի պաշտոնական նվագախումբ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և մրցույթի առաջին դափնեկրի կատարմամբ:
Հարկ է նշել, որ մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը տարեց-տարի լայնանում է: Այս տարի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարեցին 26 մասնակից ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և մի շարք այլ երկրներից:
Հունիսի 8-ին ավարտվեց մրցույթի առաջին փուլը, որին մասնակցեցին 18 դաշնակահար:
Կիսաեզրափակիչ փուլ անցան 8 մասնակից՝ Նինո Բակրադձեն (Վրաստան), Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան), Դավիթ Հովհաննիսյանը (Հայաստան), Եվգենի Ստարոդուբցևը (Ռուսաստան), Ստեփան Սիմոնյանը (Ռուսաստան), Շուշանիկ Հովակիմյանը (ԱՄՆ), Ալեքսեյ Կուդրյաշովը (Ռուսաստան), Ռեն Ջիան (Չինաստան ):
Ցավո՛ք, Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը դադարեցրել է իր մասնակցությունը մրցույթին՝ վատառողջ լինելու պատճառով:
Մրցույթի եզրափակիչ փուլ անցան 4 մասնակից, որոնք ելույթ ունեցան հունիսի 12-ին և կմրցեն նաև այսօր՝ հունիսի13-ին ժամը 19:00 –ին:
Կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած մասնակիցները հետևյալն են.
Անաստասիա Նեստերովա, Եվգենի Ստարոդուբցև, Ստեփան Սիմոնյան, Ռեն Ջիա:
2008 թ.-ից մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր կոմպոզիտոր Արմեն Սմբատյանի վկայությամբ, այսօր այն լիովին կայացած և միջազգային ճանաչում նվաճած փառատոն է, Հայաստանի ՝ որպես հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող մի երկրի յուրօրինակ «բրենդ»:
Պրն Սմբատյանի հետ ծավալուն հարցազրույցը կներկայացնենք ընթերցողների ուշադրությանը հաջորդիվ:
Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ