Լրահոս
Օրվա լրահոսը

25 տարի բողոք են գրել, անգամ փոխվարչապետի ճամփան փակել, մեքենան կանգնեցրել (տեսանյութ)

Հունիս 13,2014 18:02

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ շենքովի բողոք էին եկել նաև Անտառավան 3-րդ թաղամաս, 26 վթարային շենքի բնակիչները, որոնց տարիներ առաջ խոստացել են վերանորոգել շենքը, սակայն այդպես էլ տեղներից չեն շարժվել: 60-ական թվականներին կառուցված 5 հարկանի շենքի 60 բնակարաններից միայն 12-ն են բնակեցված. ընդ որում այդ ընտանիքները ճարահատյալ են ապրում` բնակության այլ տեղ չունենալով:

314

Քաղաքապետարան բողոքի եկած այդ նույն կանայք իրենց խնդիրը անցած տարի ուզում էին ներկայացնել Շիրակի մարզպետարանում խորհրդակցություն անցկացնող փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, սակայն, բարձրաստիճան պաշտոնյան հարկ չհամարեց անգամ կանգնել ու լսել նրանց, նստեց իր մեքենան, որ հեռանա: Կանանցից մեկը փակեց նրա ճանապարհը` կանգնելով մեքենայի դիմաց: Տիկնոջը փոխվարչապետի ճանապարհից մի կերպ` համոզելով ու աղաչելով հեռացրեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Տեսանյութը` ԳԱԼԱ հեռուստաընկերության

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում փոխվարչապետի ճամփան փակած կինը` Ռոզա Մեխակյանն ասաց. «Աղջիկ ջան, ես փոխվարչապետի ավտոմեքենայի դիմաց կանգնած կինն եմ, հիշո՞ւմ ես ոնց փախավ, որ մեր հարցերին չպատասխանի: Հենց էդ ժամանակ պարոն Բալասանյանը խոստացավ, որ 12 ընտանիքի հարցը որևիցե կերպով կլուծի, կարող ենք արխիվը քանդենք, մեր համակարգչի մեջ էլ կա և լսենք պարոն Բալասանյանի խոսքերը: Ապրել չի լինում, կռիսները իմ էրեխեքիս դուբլյոնկեքը, շորերը, տան զանավեսկեքը սաղ կրծել են, անգամ մեկ տարեկան թոռիս էին ուզում կրծել, ես առաջին հարկում եմ ապրում: Անցած տարի խոստացան, որ մի բան կանեն, բայց տարին անցավ ոչ գալացող կա, ոչ էլ մեզ հիշող… Եկել ենք, հարցնենք` ի՞նչ եղաք: Մարդկային խիղճը մեջները լրիվ մեռել է… Գյումրիում տներ կան, որոնք փակել ու գնացել են, թող վերաբաշխում անեն:

Իհարկե մենք ուրախ ենք, որ Գյումրին զարգանա, երգող ֆանտաններ դնեն, դրսից եկողը գա, տեսնի որ էստեղ մարդավայել ապրում են, բայց սա ապրել չի կոչվում, թող դրսից եկողին մեկ-մեկ էլ ծայրամասերը բերեն»:

Տիկինը նաև տեղեկացրեց, որ շենքի մյուս բնակիչները քաղաքապետարանի առաջին հարկում սպասում են, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել բարձրանալ վերև:

Գյումրու քաղաքապետը զրուցեց նրանց հետ, վատ զգաց, որ Գյումրիում դեռ 88 վթարային շենքեր կան ու խոստացավ նրանց իր մոտ հրավիրել քաղաքաշինության նախարարությունից պատասխան ստանալուն պես: «Մեր հույսը դուք եք ընկեր Բալասանյան», -ասացին բնակիչները ու հեռացան:

Նրանք քաղաքապետին դժգոհեցին նաև իրենց փողոցների անտանելի վիճակից ու իրենց թաղամաս գնացող թիվ 14 երթուղու սարսափելի վատ աշխատանքից:

Մանրամասները`  տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30