Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:
Իրեղեն ապացույցների հետազոտումից հետո դատարանն անցավ ամբաստանյալների հարցաքննությանը:
Ամբաստանյալ Արտակ Վերանյանը դատարանին հայտնեց, որ ինքն է վիճաբանել Սամվել Շարբաթյանի հետ, վիճաբանության ժամանակ ինքն է միայն հարվածել Շարբաթյանին, վերջինս էլ իրեն:
Նրա խոսքերով`Սամվել Դիլոյանը եւ Արեն Վերանյանը ընդհանրապես չեն մոտեցել Սամվել Շարբաթյանին, չեն հարվածել, չեն հայհոյել նրան: Դեպքի վայրից հեռանալիս էլ Շարբաթյանը ոտքի վրա է եղել, այսինքն` որեւէ սպանության դիտավորություն կամ նրան վնաս պատճառելու դիտավորություն չի եղել:
Կարդացեք նաև
«Վեճի նախաձեռնողը եղել է Սամվել Շարբաթյանը, նա է առաջինը հայհոյել, նա է առաջինը հարվածել ինձ: Սենյակում ինքը վրդովվեց, որ կոնյակը վերջացել է, ինձ ասաց` մի կոնյակ էլ չես կարում բերել, փեսա ես ուզում դառնալ, սկսեց հայհոյանքներով, թե աղջիկ չունենք տալու, արդեն ինքը շատ հարբած վիճակում էր, ասեց, թե մեր խոսացածը ուժի մեջ չի: Ասեց, դուրս արի հետս, ուզում եմ քո հետ դուրս գամ, մտածեցի, մարդ ա, գինովցած ա, դրսում էլ ցուրտ ա, մի քիչ սառը օդին դուրս գանք, կարողա բան ունի էս մարդը ինձ առանձին ասելու: Իրար հետ զրուցելով սենյակից դուրս ենք եկել, քայլ արեցինք դեպի դուրս, աջ կողմի վրա, ինքը շուռ եկավ ու ավելի վատ հայհոյանքներով լկտի ձեւի, միանգամից հայհոյեց ու խփեց դեմքիս: Ես էլ իրեն հետ հրեցի, նույն ձեւի իրեն պատասխանելով, որ հերիք է էլի, չի կարելի, տանելի բան չի:
Ձեռքը տարավ գոտկատեղը, թե սատկացնելու եմ այ եսիմինչի տղա, հայհոյելով, ես էլ էդ պահին խփեցի ձեռքին, ինքը այդ պահին երկու անգամ կրակեց, ինձ չէր թողնում հետ քաշվեմ, մի ձեռքս էլ ինքն էր բռնել, կիսանստել ձեռքիցս բռնած քաշում էր ինձ, չէր թողնում, որ հետ քաշվեմ, անընդհատ ուզում էի իր ձեռքից զենքը խլած լինեմ, նորից նույն դիրքում հայհոյանքներ էր տալիս, զենքը ձեռքից վերցրի, կիսաընկած վիճակում, ես իրա վրա, տենց զենքը ձեռքիս մեջ հարվածել եմ իրա ձախ աչքի մասին, որպեսզի իրենից ազատվեմ: Մի պահ նկատեցի, որ Սամվելն ու Արենը այդտեղ կանգնած են: Մոտիկացել եմ իրանց, ինքն էլ կիսաընկած վիճակում, տենց թողեցի, մոտիկացա Արենանց զենքը ձեռքիս մեջ, Արենը թե բա էս ինչ ա , ասի` զենք ա, զենքով ուզում էր կրակել, մտածեցի,ես ասի Մակարով ա, բայց չէ, եսիմ ինչ ա, էսա նայեմ, կրակեցի գետնին, տեսա, որ շարիկ ա կրակում, էդ պահին նորից ինքը տեղից վեր կացավ, հայհոյելով: Մենք նստեցինք մեր մեքենան, շարժվեցինք մեր թաղամաս»,-դատարանում պատմեց Արտակ Վերանյանը:
Նա հիմնականում պնդեց իր նախաքննական ցուցմունքները:
Նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների հետ կապված առաջ եկած հակասություններից ելնելով`դատարանը որոշեց հրապարակել Արտակ Վերանյանի նախաքննական ցուցմունքը:
Նախաքննական ցուցմունքների հրապարակումը, սակայն, աշխատանքային օրվա ավարտվելու կապակցությամբ, չավարտվեց:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 24-ին:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ