Հերթական անգամ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացրեց «Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագիրը, որի շրջանակում Թեքեյան դպրոցների թվով 120 սոցիալապես անապահով, ինչպես նաեւ դպրոցում գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները եւ նրանց ուղեկցող ուսուցիչները հնարավորություն ունեցան այցելելու մեր հայրենիքի պատմամշակութային կենտրոններ: Հայաստանի` Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբիի թեքեյանցի դպրոցականների համար կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Գառնի եւ Գեղարդ, իսկ Արցախի` Բերձորի աշակերտներն այցելեցին Ամարասի վանական համալիրը:
Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած Վ. Թեքեյանի անվան չորս դպրոցների սաները հանդիպեցին Գառնիում: ԹԿ հիմնադրամի այլ ծրագրերի շնորհիվ արդեն մտերմացած երեխաներն ուրախ էին տեսնելու միմյանց եւ կիսվելու տպավորություններով: Աշակերտները Գառնիի տաճարի վերաբերյալ բաց դաս էին պատրաստել, որն էլ մեծ ոգեւորությամբ ներկայացրին, հաղորդելով հետաքրքիր մանրամասներ: Պատմեցին, որ Ազատ գետի ափին` բարձունքի վրա արծվի նման իշխող Գառնի հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ.ա. II դարում եւ նվիրված է եղել արեւի աստված Միհրին, իսկ 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Մ.թ. I դարում տաճարն ավերվել է հռոմեական զորքերի արշարավանքի ժամանակ, այնուհետեւ վերականգնվել է Տրդատ I թագավորի կողմից: Քրիստոնեության ընդունումից հետո տաճարը եղել է Տրդատ III թագավորի քրոջ`Խոսրովդուխտի հովանոցը: 1679թ. Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի ժամանակ Գառնին ամբողջովին կործանվել է, սակայն 1930-ական թթ. այն վերականգնվել է պրոֆ. Բունիաթյանի կողմից:
Թեքեյանցիները տաճարի տարածքով, գեղատեսիլ շրջապատով զմայլվելուց հետո, ուսումնասիրեցին նաեւ Գառնիի բաղնիքը, որը հին հայկական ճարտարապետության ուշագրավ նմուշներից է: Իր խճանկար հատակով, որի սյուժեն հունական դիցաբանությունից է, այն ունի գեղարվեստական մեծ արժեք:
Ուսուցիչները բաց դասն ամփոփեցին Գառնիի պատմությանը, շինարարական առանձնահատկություններին, կից շինություններին` բաղնիքին, պարիսպներին ու աշտարակներին առնչվող ուսուցողական խաղերով: Պատմական ակնարկից հետո Կարբիի դպրոցի երգչախումբը, որը էքսկուրսիայի մասնակից էր` խմբավար Մ. Մկրտչյանի ղեկավարությամբ կատարեց մի քանի երգ, անտարբեր չթողնելով նույնիսկ զբոսաշրջիկներին:
Կարդացեք նաև
Այնուհետեւ թեքեյանցիները ուղեւորվեցին դեպի Գեղարդ, որտեղ նույնպես բավականին հետաքրքիր եւ բովանդակալից ժամանակ անցկացրին: Վերհիշեցին, որ Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգեւոր եւ մշակութային կենտրոն: Յուրօրինակ քարայրային կառույցի համար այն նախկինում Այրիվանք են կոչել, իսկ XIII դարից նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում: Գեղարդավանքում, բացի պաշտամունքային կառույցներից, եղել են դպրանոց, գրադարան եւ գրչատուն: Վանքը 2000 թվականից գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
Երեխաները ամփոփեցին Գեղարդի պատմությունը, ներկայացրին նրա մասին ավանդազրույցներ, ուսուցիչների օգնությամբ կազմակերպեցին պատմամշակութային վիկտորինաներ: Իսկ վանքում Կարբիիի դպրոցի երգչախումբը կրկին կատարեց շարականներ. երգչախմբին միացավ ամերիկահայ 84-ամյա զբոսաշրջիկ տիկ. Սեդան:
Այնուհետեւ, Ազատ գետի ափին` գողտրիկ մի անկյունում թեքեյանցիները կազմակերպեցին իրենց հանգիստը. ճաշեցին, մրցեցին սպորտային խաղերում: ԹԿ հիմնադրամի նախաձեռնած էքսկուրսիայի շնորհիվ երեխաները ձեռք բերեցին նոր գիտելիքներ եւ ընկերներ, մտերմացան, անցկացրին հաճելի ժամանակ եւ անմոռանալի հիշողություններով վերադարձան տուն:
Երկու օր անց Բերձորի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիների համար կազմակերպվեց էքսկուրսիա` ճանաչելու հայրենի հողը: Էքսկուրսիան սկսվեց Ամարասի վանական համալիրից, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների մոտ: Նրանք շրջեցին վանքի տարածքով, զմայլվեցին եկեղեցու եւ բնության գեղեցկությամբ եւ մեկը մյուսին տեղեկություն հաղորդեցին Ամարասի պատմության վերաբերյալ:
Թեքեյանցիները տեղեկացան, որ Ամարասի վանական համալիրը հիմնադրել էր Գրիգոր Լուսավորիչը IV դ սկզբին, իսկ V դ սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել էր Արցախի առաջին դպրոցը: Ամարասի վանական համալիրը Արցախի միջնադարյան հոգեւոր եւ մշակութային կենտրոնն էր, ինչպես նաեւ` եպիսկոպոսանիստ, որն էլ ենթարկվել էր նույնիսկ Լենկթեմուրի ավերումներին: Այստեղ աշակերտները տեսան Լուսավորչի թոռան` քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում նահատակված Գրիգորիս եպիսկոպոսի շիրիմը: Աշակերտները եղան նաեւ վանքի հարսանյաց սրահում, որտեղ հնում հարսանիքներ էին կազմակերպվում:
Ամարասից թեքեյանցիների ճամփորդությունը շարունակվեց դեպի Ազոխի քարանձավ, որը հանդիսանում է քարի դարի Կովկասյան բնակավայրերից հնագույններից մեկը: Այն կարեւոր հնագիտական վայր է, որը նաեւ նշանակալի է մարդու էվոլյուցիայի ուսումնասիրման առումով: Քարանձավն ունի շուրջ 8,000 քմ տարածություն. առայսօր միջազգային հնագետներն իրականացնում են ինտենսիվ պեղումներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված, ինչպես նաեւ նախամարդկային շրջանի բազմաթիվ գտածոներ, այդ թվում քարե գործիքներ: Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Կովկասի շրջանում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ:
Քարանձավից դուրս գալուց հետո թեքեյանցի աշակերտները գետի ափին փոքրիկ հանգիստ կազմակերպեցին, որից հետո շարունակեցին էքսկուրսիան դեպի Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղ, որտեղ էլ գտնվում է ԱՊՀ-ի տարածքում ամենահին եւ ամենաբարձր ծառը: Այս հսկա չինարի ծառը ավելի քան 2000 տարեկան է. բարձրությունը 54մ է, իսկ խոռոչն ունի 44քմ մակերես: Ծառի ներսում կարող է հանգիստ տեղավորվել հարյուր մարդ: Հսկայական չինարին շողք է գցում 1400քմ մակերեսի վրա: Այս ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երեւելի մարդիկ` Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին (XIXդ.) եւ շատ ուրիշներ:
Այսպիսով, ավարտվեց թեքեյանցիների էքսկուրսիան, որը լի էր մեծ տպավորություններով եւ ոգեւորությամբ: