Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք իրավունք չունենք հավատալու և ոչ մի գերտերության». Մանվել Եղիազարյան

Հունիս 13,2014 17:16

Ուղիղ քսաներկու տարի առաջ՝ հունիսի 13-ին սկսվեց հյուսիսային Արցախի հայաթափումը, Շահումյանի շրջանի, ինչպես նաև Գետաշենի, Գյուլիստանի զավթումը: Այսօր մի խումբ ազատամարտիկներ, պատերազմի ականատեսներ, հրամանատարներ, քաղաքագետներ ու ազգագրագետներ հավաքվել էին Նախախորհրդարանի գրասենյակում՝ հիշատակի ու հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհվածներին ու հիշեցնելու, որ թույլ չեն տա մոռանալ ո՛չ հերոսներին ու դավաճաններին, ո՛չ էլ հաղթանակներն ու պարտությունները: Ըստ Տիգրան Խզմալյանի՝ եթե մենք մոռանանք մեր պարտություններն ու դրանց պատճառները, դատապարտված կլինենք կրկնելու նույն ողբերգական շրջանը. «Ասում են՝ բոլոր պատերազմների առաջին զոհը ճշմարտությունն է: Հյուսիսային Արցախի հայաթափումն արցախյան պատերազմի ամենագաղտնի մնացած էջերից է. կարծես թե ինչ-որ անհասկանալի արգելք կա դրված այս ողբերգության շուրջ: Տպավորություն է ստեղծվում, որ Գետաշենը, Շահումյանն ու Գյուլիստանը մերը չեն եղել: Հողերը հիշատակում են զավեշտալի ենթատեքստով՝ ճիշտ այնպես, ինչպես իրեն թույլ տվեց արտահայտվել մեր հողերի մասին Կրեմլի վարձու հրապարակախոսը՝ մեր հպարտության խորհրդանիշը դարձնելով խայտառակության և դավաճանության խորհրդանիշ: Մենք բոլորս հասկանում ենք այս զավեշտի գաղտնիքն ու պատճառը: 1992 թվականի հունիսին Հյուսիսային Արցախը զավթել ու թուրքերին են հանձնել ոչ թե խորհրդային, այլ՝ ռուսական զորքերը: Առ այսօր աշխարհի տարբեր կետերում ապրող մեր հայրենակիցների մեջ շատ վտանգավոր կարծիք է շրջանառվում, ըստ որի արցախյան պատերազմը հաղթել ենք ոչ թե մենք, այլ մեր ռազմավարական դաշնակիցը, ու հետո սկուտեղով հանձնել մեզ: Այսօր այստեղ հյուրընկալված մարդիկ իրենց սպիներով, սպիտակած մազերով ու խղճով թույլ չեն տա, որ նման խայտառակ կարծիքը կյանքի իրավունք ունենա»:

Գայանե Նահապետյանն իր մաշկի վրա է զգացել արցախյան պատերազմի ամբողջ չարիքը: Կինը հյուրերին պատմեց՝ ինչպես է կարողացել փրկել իր երեխաներին՝ չորս օր ու գիշեր շրջանի 16.000 բնակիչների հետ միասին անտառներն ու ռմբակոծությունները ճեղքելով ու ճանապարհին շուրջ 600 մարդկանց մահը տեսնելով: Բայց փախուստից առաջ հասցրել է հողին հանձնել ազատամարտիկ ամուսնուն, քանի որ գիտակցում էր՝ թշնամու ձեռքերում դիակն անպայման պղծվելու է, կյանքի գնով էլ պիտի իր վերջին պարտքը կատարի:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ավելացրեց. «Ես վստահ ասում եմ. առանց ռուսների մենք շատ հեշտ հասել ենք հաղթանակի ազերիների նկատմամբ ՝ կրկնակի-եռակի ավելի քիչ լինելով հանդերձ: Մենք պետք է գիտակցենք, որ ոչ մի գերտերության, ոչ մի զորքի իրավունք չունենք հավատալու, մեզ դարեր շարունակ խաբում են: Պետք է ապավինենք մեր ուժին, քանզի ոչ ոք մեր հողը չի պաշտպանելու՝ մեզնից բացի»:

Տիգրան Խզմալյանն էլ հավելեց. «Այսօր այստեղ են նստած «Արաբոյի» Մանվելը, ֆիդայի Պավլիկը, սպի Էդիկը…Եվ դուք կարծում եք, որ մենք թու՞յլ ենք: Կարծում եք, որ մենք թույլ կտա՞նք կործանել մեզ… » :

Սյունե ՍԵՎԱԴԱ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30