«ՕԵԿ-ի համար այդ կետերն ընդհանուր առմամբ ընդունելի են, բոլոր կետերի մասով էլ ՕԵԿ-ը հանդես էր եկել»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետերին, այսպիսի կարծիք հայտնեց ՕԵԿ անդամ Արթուր Միսակյանը:
Այնուհետև շարունակեց. «Այսօր կան խնդիրներ, որոնք կարող էին տեղ գտնել այդ կետերի մեջ»: Ըստ Արթուր Միսակյանի՝ ցանկացած թանկացում այս սոցիալական պայմաններում անընդունելի է:
Նրա քննադատության թիրախում հայտնվեց նաև կարմիր գծերի հետ կապված խնդիրը. «Այդ գումարները պետք է ծառայեն համայնքային խնդիրների լուծման համար: Պետք է Երևանում լինեն այնպիսի կայանատեղիներ, որ վարորդները վստահ լինեն, որ կարող են անվտանգ կայանել: Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի անարդարությունը հաղթահարել»:
Արթուր Միսակյանն անգամ անձամբ է պատրաստ դուրս գալ փողոց ու հավելեց. «Մենք երբեք ջայլամային քաղաքականություն չենք վարել»:
Կարդացեք նաև
Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը նշեց, որ որևէ կուսակցության մասնակցություն չեն զգացել և չեն ուզում զգալ: Անցնելով 12 կետերի գնահատականին՝ նա նշեց. «Մեր տեսակետը տասներկու կետերի նկատմամբ խիստ բացասական է. առաջինը գազի խնդիրն է, որ ներառված չէ այդ կետերում, չկա մարտի մեկի մասով որևէ պահանջ, դա անընդունելի է, անընդունելի է նաև այն պատճառով, որ քառյակը հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո գալու է նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը: Թեժ գարունը փոխարինվում է թեժ աշունով ե այդպես շարունակ, դա անընդունելի է: Այս տասներկու կետերն ավելի հարիր են «Դեմ եմ» շարժմանը և այլ շարժումների, բայց ոչ խորհրդարանական ուժերին»:
Բլոգեր Տիգրան Քոչարյանը ոչ իշխանական քառյակին նմանեցրեց Կռիլովի քառյակին ու ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչով է քառյակը զբաղվում. «Սա ինձ համար անսպասելի էր: Այսպիսի բան սովորաբար կարող էր դրվել ինչ-որ թեկնածուի նախընտրական ծրագրի մեջ: Էլեկտրաէներգիայի թանկացումը ոչ մեկի պահանջի մեջ չկար: Մինչդեռ հիմա ամենաօրհասականն է: Ինձ համար անհասկանալի է, թե ինչով է զբաղվում քառյակը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ