«Ուսումնասիրություն է իրականացվել բացառապես պաղպաղակի ամբողջ շուկայում՝ դիտարկվել են բոլոր պաղպաղակ արտադրողները»,- այսօր՝ հունիսի 13-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Ուսումնասիրվել են «Թամարա», «Էլիտ շանթ», «Բոնիլաթ», «Գրանդ քենդի», «Բիոկաթ», «Երեւան կաթ», «Անի», «Աշտարակ կաթ» եւ «Ասա» ընկերությունների արտադրած պաղպաղակները: Նա նշեց, որ ուսումնասիրել են պաղպաղակների մակնշումները, քանի որ պաղպաղակը համարվում է ռիսկային մթերք եւ մակնշման սխալը թույլ է տալիս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը իրացման ցանցում կասեցնել պաղպաղակի իրացումը.
«Սխալ մակնշումը բավարար է, որպեսզի մենք իմանանք, որ մեր երկրում վաճառվող պաղպաղակն անվտա՞նգ է, թե՞ ոչ, եւ հասկանանք ոչ թե, եթե չենք թունավորվել, ուրեմն՝ անվտանգ է հոգեբանությամբ, այլ լաբորատոր փորձաքննություններով եւ արձանագրություններով»:
Պարոն Պիպոյանի խոսքերով՝ իրացման կետերում տարբեր բնույթի սխալներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ շատերի վրա բացակայել է արտադրման ամսաթիվը՝ դրանք են «Թամարա» ընկերության «20 կոպեկը», «Էլիտ շանթի»՝ «Մեղեդի», «Աշտարակ կաթի»՝ «Տեմպո» պաղպաղակները:
Անդրադառնալով «Թամարա» ընկերության «20 կոպեկանոց» պաղպաղակին նա նշեց, որ իրացման կետերի տված տեղեկություններով առանց արտադրման ամսաթվի մակնշման պաղպաղակը իրացման կետ է բերվել հրապարակային աղմուկից հետո.
«Սա ամենալուրջ խախտումն է, որը մենք հայտնաբերել ենք, որովհետեւ հատկապես պաղպաղակը շատ բարձր ռիսկ է պարունակում, եւ նրա արտադրման օրը պարտադիր պետք է լինի, որովհետեւ չի բացառվում, որ այս մթերքներն արդեն ժամկետանց են: Նման մթերքի վաճառքը պետք է րոպե առաջ կասեցվի»:
Կարդացեք նաև
Հաջորդ խախտումը, որը գրանցել է Բաբկեն Պիպոյանը, երբ բուսայուղով պատրաստված պաղպաղակը վաճառվում է որպես պաղպաղակ, նրա խոսքով՝ գրեթե բոլոր ընկերությունների մոտ կա այս խնդիրը՝ բացառությամբ պլոմբիր արտադրող ընկերությունների.
«Մակնշման խախտումները հիմնականում եղել են «Թամարա», «Էլիտ շանթ», «Գրանդ քենդի», «Անի», իսկ «Աշտարակ կաթը» գերակայում է: «Բիոկաթի» եւ «Բոնիլաթի» մոտ խախտում չենք գրանցել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ