Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր անձնակազմի հետ հայտարարել էր քաղաքացիների ընդունելության օր: Քաղաքապետարան բնականաբար եկել էին բողոքավոր մարդիկ` կենտրոնական շուկայի առևտրականները, որոնց տեղահանում են, առնետների դեմ պայքար մղող վթարային շենքերի բնակիչներ` մոտ 20 հոգի, ազատամարտիկներից մեկի ծեր մայրը, որին տարիներ շարունակ հասանելիք 1 սենյականոց բնակարանը չեն հատկացնում…
Մի խոսքով, աննկարագրելի իրավիճակ էր քաղաքապետարանում. բողոքավորներից շատերը շրջափակել էին քաղաքապետարանի շենքը` ներքևի հարկում սպասելով քաղաքապետի մոտ ուղարկած իրենց «պատվիրակությանը», մյուսները քաղաքապետի մոտ դեռ չմտած` վրդովված, բարձր տոնով խոսում էին:
Իսկ ազատամարտիկի մայրը, դուրս գալով Սամվել Բալասանյանի մոտից, բարձրաձայն լացում էր: Նշենք, որ Գյումրու քաղաքապետը բոլորին հուսադրում էր, հանգստացնում, ինչ-որ տեղ վատ զգում անօթևանների համար, նրանցից ներողություն խնդրում, սակայն սա էլ չէր մեղմում շիկացած մթնոլորտը:
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնը ստանձնած անձնավորության վիճակը նախանձելի չէ. կառավարությունը տարիներ շարունակ վթարային շենքերի բնակիչների հարցը չի լուծում, մեղավոր է դուրս գալիս քաղաքապետը, Վարդան Ղուկասյանը ժամանակին մենամարտում է «Պինգվին ՍՊԸ» տնօրինության հետ` նրանց շուկայում վարձակալությամբ տրամադրված տարածքը միաժամանակ տրամադրելով նաև 14 առևտրականների, այս հարցում դարձյալ մեղավոր է դուրս գալիս Սամվել Բալասանյանը, չնայած որ կոնֆլիկտը դատարանում է:
Մի խոսքով, որքան էլ գյումրեցիները ընդունեն կամ չընդունեն Սամվել Բալասանյանին, մեկ անձի համար այսքան հոգսերը անչափ շատ են … Փաստացի Գյումրին ունի բյուջե չունեցող քաղաքի ղեկավար ու այնպիսի բնակիչներ, որոնց 90 տոկոսը բողոքավոր են, պրոբլեմների ու թշվառության մեջ թաղված:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իսկապես նախանձելի չէ Բալասանյանի վիճակը, ես շատ եմ քննադատում իրեն, բայց մեղք է իրականում, բիզնեսների փողերն էլ է վերջացել, ինչ ուներ դրել է քաղաքի վրա ու հիմա չգիտի էլ ինչ անի: Ոչ երանի քեզ Բալասանյան