«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանձնաժողով չէ, այն վերածվել է Նազարյանի դուքյանի»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հոսանքի սակագնի թանկացմանը, այսպիսի կարծիք հայտնեց է Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման ղեկավար Կարեն Թումանյանը:
Նրա համար զարմանալի է այն պատճառաբանությունը, թե նման իրավիճակ է առաջացել Հայաստանի էլեկտրական ցանցեր կազմակերպության վատ կառավարման արդյունքում: Այս առիթով նա ասաց. «Բա որ վատ կառավարման արդյունք էր, ինչպե՞ս են հանրային քննարկման առարկա դարձնում: Մի հատ նախագահին նամակ ես գրում, որ հարցը կարգավորվի»:
Պարոն Թումանյանը նաև նշեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր կազմակերպությունում մարդիկ կան, որ երկու-երեք միլիոն դրամ աշխատավարձ են ստանում: Կամ որ մի տեղ են գնում ասենք՝ Ռուսաստան, պետք է ամենաշքեղ հյուրանոցներում ապրեն:Կարեն Թումանյանը վրդովված նշեց. «Բա դրանցի հետո ճեղքվածք չառաջանա՞: Գուցե կազինոյում այդ կազմակերպության ղեկավարը տարվի: Այդ դեպքում է՞լ պետք է էլի հոսանքը թանկացվի: Աշխարհում նման բան չեք տեսնի»:
Պարոն Թումանյանն առաջարկում է քաղաքացիներին ուղղակի չմուծել բարձրացված սակագնով հոսանքի վարձերը:
Կարդացեք նաև
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն այլ առաջարկ ունի. «Ավելի գրագետ կլինի դիմել ՍԴ, պահանջել պարզել, թե թանկացումն ինչի հիման վրա են անում»: Այնուհետև ասաց. «Բոլոր խմբակցություններին առաջարկելու եմ, որպեսզի նրանց միջոցով դիմենք ՍԴ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ