ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ՀՀԿ-ն քննարկել է քառյակի ներկայացրած 12 կետերը, ավելին, դրանց մեծամասնությունը արդեն իսկ ընդգրկված է կառավարության ծրագրում: «Ոչ մի կետ անպատասխան չի մնա: Մենք կողմնակից չենք ժամկետներ տալուն եւ այլն, բայց բոլոր կետերը կքննարկվեն եւ պատասխան կստանան»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
Լրագրողները տեղեկացրին, որ մինչ այդ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել էր, որ եթե իշխանությունն ընդունի այդ 12 կետերից երկուսը՝ 100%-անոց համամասնական ընտրակարգը եւ ընտրացուցակները հրապարակելը՝ ՀՀԿ-ն կփլվի: Ի պատասխան Վ. Բաղդասարյանն ասաց, որ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ պարբերաբար տարբեր խմբակցությունների կողմից օրենսդրական առաջարկներ են լինում եւ իրենք ասել են, որ պետք է սպասել Սահմանադրական բարեփոխումներին, քանի որ սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է նաեւ երկրի կառավարման մոդելի ընտրություն: «Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, եւ դեպքերից էլ չեմ ուզում առաջ ընկնեմ, բայց ասեմ, որ այդ հարցն էլ՝ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու, ցուցակները հրապարակելու հարցն էլ կքննարկվի»,-ասաց նա:
Կիսելյովի վերաբերյալ հարցին էլ կարճ կապեց՝ «Ես լուրջ չեմ վերաբերվում Կիսելյովին»: Իսկ այն, որ վերջինս «Համմերով» մինչեւ ԱԺ աստիճաններ էր հասել՝ Բաղդասարյանն «անընդունելի» համարեց: Նույնքան «անընդունելի» համարեց նաեւ պատգամավորների՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկելը: Եվ ասաց, որ խմբակցությունում խստորեն դրել է այդ հարցը, բայց չգիտեր՝ նման բան իր «անընդունելի» համարելուց հետո էլի եղե՞լ է, թե չի եղել:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև