Լրահոս
Օրվա լրահոսը

11-րդ «Ոսկե ծիրանի» ֆիլմերը բարոյական ճգնաժամի մասին են

Հունիս 13,2014 14:53

11-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերը եւ ժյուրիի կազմն արդեն հայտնի են: Այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը, ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ հայկական ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը ներկայացրին, թե ինչ է սպասվում հայ կինոսիրողին:

Պարոն Ստամբոլցյանը ներկայացնելով միջազգային խաղարկային մրցույթը, նշեց, որ կան եւ անվանի, եւ սկսնակ, բայց արդեն միջազգային մրցանակների արժանացած ռեժիսորների ֆիլմեր: Օրինակ, «Օսկարի» կրկնակի նոմինանտ Ռիչարդ Լինքլեյթերը՝ իր «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմով, որը նկարել է շուրջ քսան տարի, կամ սկսնակ ռեժիսոր Միրոոսլավ Սլաբոշպիցկին, որի «Ցեղը» Կաննում ստացավ կինոքննադատների սահմանած գլխավոր մրցանակը: «Ուկրաինացի ռեժիսորի այս ֆիլմը խուլուհամրերի մասին է, այն նկարահանվել է առանց խոսքի»,-ասաց պարոն Ստամբոլցյանը:
Նրա ձեւակերպմամբ, «Ոսկե ծիրանի» այս տարվա ֆիլմերը բարոյական ճգնաժամի մասին են. «Ի տարբերություն անցյալ տարվա՝ դեպրեսիվ տրամադրությամբ ֆիլմերի, այս տարվա ֆիլմերն այդքան դեպրեսիվ չեն լինի, բայց կերեւա միտումը, որ առկա է ամբողջ աշխարհում: Խոսքը բարոյական չափանիշների կորստի մտահոգության մասին է»:

Միջազգային խաղարկային ժյուրին կղեկավարի իտալացի հանրահայտ կինոքննադատ, պրոդյուսեր Մարկո Մյուլերը: Միքայել Ստամբոլցյանը փաստեց, որ նա կինոաշխարհի երեք համբավավոր մարդկանցից մեկն է, որպես տնօրեն աշխատել է բոլոր հայտնի կինոփառատոներում, մասնավորապես ութ տարի ղեկավարել է Վենետիկի կինոփառատոնը: Հենց Մարկո Մյուլերն է հարավասիական կինոն բերել Վենետիկի փառատոն, բացահայտել չինական կինոն:

Ժյուրիի կազմում է նաեւ հունաստանցի մեր հայրենակից Պետրոս Մարկարիսը, որը գրող է եւ սցենարիստ: Նա նաեւ վարպետության դասընթաց կանցկացնի՝ «Ոսկե ծիրանի» շրջանակում:

Արա Խանջյանը ներկայացրեց 12 վավերագրական ֆիլմերը եւ միջազգային վավերագրական մրցույթի ժյուրին, որը կնախագահի իտալացի ռեժիսոր Երվանդ Ջանիկյանը: Երեւանում նախատեսված է նաեւ Ջանիկյանի «Բարբարասոների երկիր» ֆիլմի պրեմիերան: Պարոն Խանջյանը հակիրճ խոսեց մի քանի ֆիլմի մասին: Խորհուրդ տվեց բոլորին ու մասնավորապես կրթության ոլորտի ներկայացուցիչներին՝ անպայման դիտել շվեյցարական «Գրատախտակը» մրցանակակիր ֆիլմը, ասաց, որ անչափ հետաքրքիր է «Կանայք եւ ուղեւորը»: Սա էլ պատմում է հասարակաց տանը տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ հավաքարարների աչքերով:

Րաֆֆի Մովսիսյանն էլ խոսեց «Հայկական համայնապատկերի» մասին, նշելով, որ 120 -ից ավելի ֆիլմերից ընտրվել է 18-ը: Նրա խոսքով՝ արդեն ներքին բաժանում կա, եւ վավերագրական, խաղարկային կարճամետրաժ ֆիլմերն առանձին կմրցեն: Նա հայտնեց, որ արդար են գտնվել ընտրություն կատարելիս ու ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա հայկական կինոարտադրանքն ավելի լավն է, քան «դրսինը»: Ֆիլմերի հիմնական մասը պրեմիերաներ էին:

Դառնալով «Ոսկե ծիրանի» բացմանը, որը փարաջանովյան շունչ ունի, Միքայել Ստամբոլցյանը լրագրողներին տեղեկացրեց, որ փառատոնը կբացվի մեծանուն արվեստագետի վերականգնված «Նռան գույնով»: Հայաստան կժամանեն ոչ միայն Փարաջանովի այրին, այլեւ նրա հետ աշխատած մարդիկ, այդ թվում՝ երկու լուսանկարիչ՝ Կիեւից եւ Թբիլիսիից: Կլինեն նաեւ կինոքննադատներ, որոնք կմասնակցեն Փարաջանովին նվիրված կլոր սեղանին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30