Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի՞թե կարելի է հրաժարվել սեփական պատմության մի ժամանակահատվածից՝ նույնիսկ եթե այն մերժելի կամ անդուր է

Հունիս 13,2014 13:34

«Միկոյանի արձանի տեղադրման հակառակորդները օգնում են ադրբեջանական քարոզչությանը» հոդվածի կապակցությամբ

Մեր ժամանակների նորագույն շրջանի ամենանշանավոր գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի անվան, գործունեության, վաստակի շուրջ վերջերս բուռն քննարկումներ են ընթանում։ Եվ այդ քննարկումների հանրագումարային արդյունքը ամփոփվում կամ արտահայտվում է մեկ հիմնական խնդրում՝ կանգնեցնե՞լ Միկոյանի արձանը հանրապետության մայրաքաղաքում, թե՝ ոչ։ Այլ կերպ ասած՝ արժևորե՞լ թե՞ չարժևորել մեր պատմության ոչ վաղ անցյալի մի կարևոր ժամանակահատվածը՝ մեր հայազգի հայրենակցի անվան տեսքով, թե՞ ոչ։

Միանգամից ասենք, որ մենք կողմ ենք Միկոյանի արձանի տեղադրման նախաձեռնությանը։ Ու եթե կողմ ենք, ապա, բնականաբար, պարտավոր ենք որոշակիորեն հիմնավորել մեր այս դիրքորոշումը խնդրո առարկայի շուրջ։ Կողմ ենք, որովհետև խորհրդային ժամանակների ավելի նշանավոր և բարձրաստիճան կուսակցական-պետական գործիչ, քան Միկոյանն էր, մենք չենք ունեցել։ Իսկ դա նշանակում է, որ հզոր Միության կազմում գտնված փոքրիկ Խորհրդային Հայաստանը, իր քաղաքացիներով հանդերձ, ժամանակին առավել հպարտությամբ էր նայում Կարմիր Մոսկվային, քան 15 հանրապետություններից շատերը։

Եվ վերջապես, մի՞թե հպարտություն չէր (և՝ է), որ Կարիբյան ճգնաժամի օրերին Գրոմիկո և Կոսիգին ունեցող ԽՍՀՄ-ը ամերիկյան աշխարհամաս ուղարկեց կոմպրոմիսների (փոխզիջումների) վարպետ Անաստաս Միկոյանին, ոչ թե այլ գործչի, և աշխարհը զերծ պահեց հավանական միջուկային պատերազմից։

Իսկ նրա նվիրումն իր պարտականություններին և անձնականը հետին պլան մղելու հատկանիշները (Միկոյանը Կուբայում ստացավ իր տիկնոջ մահվան բոթը, բայց չընդհատեց բանակցությունները և չվերադարձավ ԽՍՀՄ) մի՞թե պետական այրի բարոյական կերպարի վառ օրինակ չէ երեկվա և վաղվա տարատեսակ աստիճանավորների և բոլորիս համար։

Կամ մի՞թե հպարտանալու առիթ չէ բոլորիս համար, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թշնամու թիկունքում գործել է Միկոյանի անվան պարտիզանական ջոկատ և այլն։

Մի խոսքով՝ թե՛ դրական, թե՛ բացասական, թե՛ դեմ, թե՛ կողմ հիմնավորումներ ու պատճառաբանումներ շատ կարելի է բերել։ Արդյունքում՝ մեր ընդդիմախոսները կարող են ասել, որ արձանը չկանգնեցնելը, մերժելը նույնպես արժևորման ձև է։ Իհարկե, ձև է։ Բոլորի կարծիքն էլ հասկանալի է, բոլորի դիրքորոշումն էլ՝ հարգանքի արժանի։ Բայց մի՞թե կարելի է հրաժարվել սեփական պատմության մի ժամանակահատվածից, եթե նույնիսկ այդ ժամանակահատվածը ինչ-ինչ պատճառներով մերժելի կամ անդուր է մեզ համար։

Սակայն չի կարելի մոռանալ, որ խորհրդային տարիների մի ժամանակահատվածում (հատկապես 70-ականներին) մենք այնքան էլ վատ չենք ապրել։ Ինչո՞ւ մատնանշել միայն վատը և այդ վատը խտացնել այս կամ այն դրվագի և անձի մեջ։ Իսկ հարգանքը մեր պապերի և հայրերի ապրած կյանքի նկատմա՞մբ…

Ինչևէ։ Միայն մեր ընդդիմախոսներին ցանկանում ենք հավատացնել, որ խորհրդային շրջանի նկատմամբ կարոտախտով չենք տառապում, սակայն ցանկանում ենք լինել հնարավորինս անկողմնակալ։ Այնպես որ՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը՝ Միկոյանի արձանը կանգնեցնելու մասին, համարում ենք բարոյական։

Չէ՞ որ կան երկրներ, որոնց սահմանադրություններն արգելում են ոչնչացնել արձանները, որովհետև դրանք այդ երկրների պատմության տարբեր ժամանակահատվածների արտահայտիչներն են։

(Եթե չենք սխալվում, Իտալիայում, այդ երկրի սահմանադրությանը համապատասխան, առանձին հատուկ վայրում պահպանվում են թե՛ Ներոնի, թե՛ Մուսսոլինիի արձանները։ Մի՞թե չէր կարելի ժամանակին ինչ-որ վայրում պահել մեր հրապարակում երբեմնի կանգնած Կիրովի արձանը՝ Մերկուրովի արվեստի գլուխգործոցներից մեկը։ Կամ՝ չի՞ եկել արդյոք նորից ժամանակը մեր քաղաքի Վարդանանց փողոցին վերադարձնել իր նախկին՝ Շահումյան անվանումը։ Սա, իմիջայլոց։ Սա զուտ հարգանքի տուրք կլիներ մեր պատմությանը, ուրիշ ոչինչ)։

Իսկ ինչ վերաբերվում է մեզ՝ լոռեցիներիս, ապա մեր երկրին ու ժողովրդին Հովհան Օձնեցի, Սիմոն Զավարյան, Հովհաննես Թումանյան, ԽՍՀՄ հերոսներ տված բնությունը տվել է նաև Անաստաս և Արտեմ Միկոյան երևելիներ, ինչը միայն հպարտության զգացումներ է առաջացնում, ոչ թե հակառակը։

Շարունակելով մեր միտքը՝ միայն կարող ենք ավելացնել (ոչ ավելորդ անգամ), որ երիցս ճիշտ էր թե՛ Կարեն Դեմիրճյանի, թե՛ Վազգեն Սարգսյանի, թե՛ Անտոն Քոչինյանի, թե՛ շատերի արձանները կանգնեցնելն ու գործը և հիշատակը հարգելը։ Դա, նորից ենք կրկնում, մեր անցյալի ու ներկայի բարոյական արժևորման արտահայտչաձևն է և դեպի ապագան գնալու հստակ ուղենշված անցաթուղթ։

Իսկ ինչ վերաբերում է Միկոյանի արձանի խնդրին, ապա մենք այն կարծիքին ենք, որ Լոռու մարզկենտրոնում նրա արձանը վաղո՜ւց պետք է կանգնեցված լիներ։ (Նրա հուշարձանը մեր մարզում տեղադրված է իր ծննդավայր Սանահինում՝ երկաթուղային կայարանում, Միկոյան եղբայրների թանգարանի, ինչպես նաև միջնակարգ դպրոցի բակում, Կուրթանի միջնակարգ դպրոցի բակում (1947-1948 թթ.): Գյուղի կոլտնտեսությունը Ա. Միկոյանի անվամբ անվանակոչելու կապակցությամբ կառուցվել է նաև հուշաղբյուր):

Ինչ անենք, որ նա իր դարի, իր կուսակցության և տիրող մթնոլորտի արգասիքն էր և չէր կարող զերծ մնալ նաև տհաճագործությունից։ (Հիշենք նաև, որ Անաստաս Միկոյանի որդիները՝ 16-ամյա Վանոն և 14-ամյա Սերգոն, վեց ամսով բանտ նետվեցին Լյուբլյանսկում, ապա նաև աքսորվեցին Տաջիկստան ֆանտաստիկ մի մեղադրանքով՝ «անդամություն մանկական հակախորհրդային կազմակերպության, որը ծրագրում էր պետական հեղաշրջում»։ Ըստ որում, նրանց ստիպել էին ստորագրել մեղադրանքը։ Միկոյանը հասկանում էր, որ դա իրեն ուղղված նախազգուշացում էր, ու երեխաները չէին թիրախը. առանց Ստալինի թույլտվության քաղբյուրոյի անդամի երեխաներին չէին համարձակվի աքսորել)։

Չէ՞ որ Սուվորովն էլ առաջին հերթին ցարական գեներալ էր և կատարում էր նաև ապստամբություններ ճնշելու հրամաններ, հետո նոր այդ ամենին զուգահեռ փառք ու հաղթանակներ էր պարգևում իր հայրենիք Ռուսաստանին։ Ի՞նչ է, այսօր ռուսների սերունդները չմեծարե՞ն նրան, որովհետև ապստամբություննե՞ր է ճնշել: (Լոռում հարկավոր է կանգնեցնել նաև Հովհան Օձնեցու և Սիմոն Զավարյանի արձանները)։

ԳԵՎՈՐԳ ՉԱՏԻՆՅԱՆ

Պատմաբան, բանաստեղծ, Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ, ազատամարտիկ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. MIka says:

    Կարիբյան ճգնաժաը հարթել են բոլորովին այլ մարդիկ… Իսկ Միկոյանի դերը այդ ամբողջ պատմության մեջ եղել է երիտասարդ Ֆիդել Կաստրոյին հանգստացնելը, ով ռադիոյով էր լսել, որ ՍՍՀՄ-ն ատոմային մարտագլխիկներ չեն տեղադրում Կուբայում և սաստիկ վրդովվել էր… Նա իսկի ԱՄՆ էլ չի գնացել այդ ժամանակ…

    Չի կարելի կեղծել պատմությունը և միկոյանին վերագրել Հայաստանում կատարված ամեն մի դրական բան: Փաստաթղթերը դա չեն ապացուցում: Ուզում եք ասել, որ միկոյանը չլիներ, ապա Հայաստանում որևէ ներդրում չէր կատարվելու՞՛: Հետո և ամենակարևորը, նա մարդասպան է, իսկ մարդասպաններին չեն մեծարում,անկախ ինչքան էլ լավ բան արած լինի: Ի դեպ, Ադոլֆ Հիտլերն էլ է շատ բան կառուցել: Մի հատ էլ արձան եկեք նրան դնենք:
    «…Էն ինչ որ եղել է նույնիսկ աստված չի կարող փոխել բայց պատմաբանները՝ կարող են:»

  2. MIka says:

    Կարիբյան ճգնաժամի հետ կապված. Աշխարհի ճակատագիը որոշվել է 1962թ. հոկ. 26 -ին, ամերիկացի լրագրող Ջոն Սքալլիի (John A. Scali of ABC News) և KGB գործակալ Ալեքսանդր Ֆեկլիսովի ( Alexander Feklisov) հանդիպման ժամանակ:

    Ի դեպ, Միկոյանը Կուբա է մեկնել միայն նոյեմբերի սկզբին, երբ Կարիբյան ճգնաժամն արդեն վերջացած էր (Կարիբյան ճգնաժամը եղել է 14-28 հոկտեբերի 1962թ.) և Խրուշչևը տվել էր գրավոր հավաստիացում հրթիռների Կուբայից դուրս բերման մասին (թվագրված 27 հոկտեմբերի 1962թ. ) Միկոյանի դերը Ֆիդել Կաստրոյի վրա մատ թափ տալն է եղել, որ ջահելը իրեն լավ պահի և չընկնի ոտերի տակ: Կենսագրություն մի հորինեք մենք պատմություն լավ գիտենք!!!

  3. Լեւոն Մելքումյան says:

    Ինձ թվում է ձեր արձանն էլ պիտի կանգնացնել որտեղ հարկն է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30