Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորի փեսան մինչեւ Վերնիսաժի կրակոցնե՞րն էր մարմնական վնասվածք ստացել

Հունիս 13,2014 13:07

Վերնիսաժի գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը չի ցանկանում ասել, թե գործով մեկ այլ մեղադրյալ Ներսես Մելքոնյանը իր պաշտպանյալին մարմնական վնասվածքներ հասցրե՞լ է, թե՞ ոչ:

«Դրա վերաբերյալ դեռ մեկնաբանություն չեմ անի »,- Aravot.am-ին ասաց պարոն Սարգսյանը՝ բացատրելով, որ իր լռությունը պայմանավորված է նախաքննության շահերով:

Հիշեցնենք, որ Ներսես Մելքոնյանի փաստաբան Արմեն Խաչատրյանը երեկ դժգոհում էր, որ քննչական մարմինն առանց պարզելու եւ համապատասխան ապացույցներ ձեռք բերելու, որ գործով մեկ այլ մեղադրյալ Գոռ Առաքելյանի մարմնական վնասվածքներն առաջացել են դեպքի ընթացքում, այդ արարքը վերագրել է Ներսես Մելքոնյանին:

Հետո պարոն Սարգսյանը վստահեցրեց՝ իր պաշտպանյալը իր հետ վիճաբանողներին սպանելու դիտավորություն չի ունեցել. «Բոլոր վնասվածքները հասցված են գոտկատեղից ներքեւ, մեղադրանքի որոշման մեջ նշված է, որ իրար դեմ կանգնած վիճաբանում են, դրանից հետո կրակել է: Եթե դեմ դիմաց վիճաբանողին կրակում է, ով չի հասկանում, որ սպանության դիտավորություն ունեցող մարդը գոտկատեղից վերեւ՝ ավելի կենսական օրգանների վրա կկրակեր»:

Մեր հարցին, թե ինչ հարցի շուրջ է իրականում վիճաբանությունը եղել եւ արդյոք վեճի իրական պատճառը համապատասխանում է լրատվամիջոցներով տարածված տեղեկություններին, պարոն Սարգսյանը կրկին հրաժարվեց պատասխանել:

Նա չցանկացավ նաեւ ասել, թե ինչու է վիճաբանության ժամանակ իր պաշտպանյալը սկսել կրակել. «Որոշ հարցեր եք տալիս, որոնք թե պաշտոնական մարտավարությունից, թե նախաքննական գաղտնիքից ելնելով այս պահին ճիշտ չեմ համարում մեկնաբանել: Որոշակի փուլում այդ հարցին կանդրադառնանք: Իսկ թե ինչու է կրակել, որոշ լրատվամիջոցներ բավականին ճիշտ էլ մեկնաբանություն տվել էին»:

Պարոն Սարգսյանը չցանկացավ նաեւ ասել, թե ինչու մինչեւ հիմա Գոռ Առաքելյանը ցուցմունք չի տվել, միայն ասաց՝ այլ, այլ պատճառներ ունի, որոնք այս պահին չի ցանկանում նշել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30