Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ո՞վ է Դմիտրի Կիսելյովը, որ մեր պետության խորհրդարանում իրեն նման խրատներ կարդալու իրավունք վերապահի. «Հայոց աշխարհ»

Հունիս 13,2014 12:06

Շատ ավելի հետաքրքրական է, թե Դմիտրի Կիսելյովն առհասարակ ինչ գիտե, ինչ կարգի տեղեկատվության է տիրապետում Հայաստանում ռուսերենի տարածվածության, գործածության, ռուսական մշակույթի ներկայության կամ բացակայության առումով:

Ըստ էության, չի տիրապետում որեւէ լուրջ տեղեկատվության, այլապես գոնե կիմանար, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ռուսերենը տակավին դասավանդվող առարկա է: Եվ դա, ի դեպ, ճիշտ մոտեցում է: Հետեւաբար այստեղ ռուսական դպրոցի խնդիր չկա:

Իսկ այդպիսի, այսինքն՝ ռուսական դպրոցներ կարող են լինել եւ, որքան հայտնի է, կան ազգային փոքրամասնության, տվյալ պարագայում՝ ռուսների համար, իրենց ազգային լեզվով ուսումնառություն ստանալու իրավունքին համապատասխան: Հետաքրքիր է, իսկ միգուցե Դ.Կիսելյովն ու նրա տեղացի համախոհները ազգայնականության դրսեւորո՞ւմ են համարում այն, որ Հայաստանում հայերը խոսում են հայերեն: Թե՞ դեռ այդտեղ չեն հասել:

Մտացածին ու կեղծ է հնչում նաեւ մտահոգությունը «ռուսական մշակույթի վերանալու…» կամ, առավել եւս, երկրորդական լինելու առումով: Հայաստանում, ընդգծենք, առաջնայինը միայն հայ մշակույթն է, չնայած դասակարգումն այս հարցում էլ անհեթեթ եւ արհեստական մի բան է:

Է՛լ ավելի արհեստական եւ քննադատելի է ռուսերենին, այսպես կոչված, «երկրորդ պետական լեզվի» կարգավիճակ տալու հարցը, որ առիթ-անառիթ օրակարգ են բերում կամ այդ երկրի տարբեր ներկայացուցիչներ, կամ Հայաստանում ռուսական շահերն արտահայտող ու սպասարկող զանազան տեղացի գործիչներ: Կա Հայաստանում Սլավոնական համալսարան (ինչպես կան Ամերիկյան, Ֆրանսիական համալսարաններ), եւ դրանով կարելի է բավարարվել:

Հետաքրքիր է, ի դեպ, եթե Հայաստանում ռուսերենի իմացության ու գործածման իմաստով վիճակն այդքան վատ է, ովքե՞ր եւ ուսումնառության ի՞նչ լեզվով են ուսանում Սլավոնական կամ Հայ-ռուսական համալսարանում:

Կարճ ասած, տխրահռչակ «ռուսական մեծապետական շովինիզմը» Հայաստանում ելույթներ ունենալու լավագույն տարբերակը չէ: Ավելին՝ չգիտեմ, թե ինչ առաքելություն է ստանձնել Կիսելյովը, բայց նրա նման մի երկու-երեք գործիչը բավական է, որ ակտիվ հասարակության հարթության վրա հայ-ռուսական հարաբերությունները սրվեն: Այսինքն՝ բերեք նման մեկ-երկու քարոզիչ, ու այլեւս հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու ինչ-որ գրանտային ծրագրեր կամ իրականացնողներ պետք չեն, եթե այդպիսիք կան:

Ամենակարեւո՛րը: Դմիտրի Կիսելյովը, ամեն դեպքում, իր պետության շահերի տեսանկյունից է ելույթ ունենում: Տողերիս հեղինակին, ու վստահաբար, էլի շատ-շատերին ավելի շատ վրդովեցնում ու տխրեցնում է այն, որ մեր իսկ պետության խորհրդարանում, այսինքն՝ հիմնական պետական կառույցներից մեկում, օտար լեզվով նման «քարոզներ» են հնչել, ու ներկաներից որեւէ մեկը տվյալ հյուրին, ինչպես ասվում է՝ տեղը չի դրել: Ի վերջո, այդ ո՞վ է Դմիտրի Կիսելյովը, որ մեր պետության խորհրդարանում իրեն նման խրատներ կարդալու իրավունք վերապահի:

Իրականում սա ազգային ինքնասիրության ու արժանապատվության հարց է: Իսկ ովքեր դա չեն ընկալում, թող նեղություն տան ու մտածեն, ի վերջո, Հայաստանը Ռուսաստանի դաշնակի՞ցն է, թե՞ գաղութը: Մենք դաշնակցի տարբերակի կողմնակիցն ենք։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30