Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում Բրազիլիայի ազգային հավաքականը Սան-Պաուլուի «Կորինտիանս» մարզադաշտում տանտիրոջ կարգավիճակում 3:1 հաշվով պարտության մատնեց Խորվաթիայի ընտրանուն:
Ընդհանուր առմամբ խփվեց չորս գոլ ու բոլորի հեղինակներն էլ բրազիլացիներն էին: Հաշիվը ինքնագոլով բացեց Մարսելոն՝ 0:1: Այնուհետեւ, Նեյմարը դուբլով առաջ մղեց իր թիմին՝ երկրորդ գոլը խփելով 11 մետրանոցից: Իսկ հանդիպման 90-րդ րոպեին Օսկարը դրեց հանդիպման վերջակետը:
Խաղից հետո հավաքականների գլխավոր մարզիչները գլխավորապես անդրադարձան ճապոնական մրցավարական խմբի գործողություններին:
Նիկո Կովաչ. «Դա խայտառակ մրցավարություն էր աշխարհի առաջնության համար»:
Խորվաթների գլխավոր մարզիչը համաձայն չէ իր թիմի դարպասին մրցավար Յուիտի Նիսիմուրայի նշանակած 11 մետրանոց հարվածին: «Եթե 11 մետրանոց կար, ուրեմն մենք պետք է ոչ թե ֆուտբոլ, այլ բասկետբոլ խաղանք: Դա խայտառակություն էր: Մրցավարը երկու օրենք ուներ. մեկը մեր համար, մյուսը՝ Բրազիլիայի: Խայտառակ մրցավարություն էր աշխարհի առաջնության համար», – հայտարարել է Կովաչը:
Լուիս Ֆելիպե Սկոլարի. «Մեկ աստիճան բարձրացանք՝ մնաց վեցը»
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը խորվաթների նկատմամբ տարած հաղթանակը գնահատել է կամային: Նրա համոզմամբ «Հանդիպման ելքը վճռեց իր սաների որակյալ խաղը, այլ ոչ թե գլխավոր մրցավարի վիճելի որոշումները: Իսկ 11 մետրանոց կա՞ր: Իմ կարծիքով կար: Այդպիսի բարդ խաղում մրցավարությունը խոսակցությունների թեմա անպայման պիտի դառնար», – հայտարարել է Սկոլարին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի