Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների եւ չլրագրողների տարբերությունը

Հունիս 13,2014 10:19

Եթե Եվգենի (ոչ Դմիտրի) Կիսելյովը գար Հայաստան եւ, հյուրընկալվելով Ազգային ժողովում, կարծիք արտահայտեր հայ-ռուսական հարաբերությունների մասին, դա կդառնա՞ր համընդհանուր քննարկման առարկա: Եթե «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը որեւէ մեկիս պատմեր, որ Երեւանում երիտասարդ տաքսիստը չի կարողացել իր հետ ռուսերեն շփվել, մենք դրա մեջ կտեսնեի՞նք «մեծապետական շովինիզմ»: Իհարկե՝ ոչ:

Ինչո՞ւ: Որովհետեւ հիշյալ մարդիկ լրագրողներ են: Իսկ մենք՝ լրագրողներս, պետք է ներկայացնենք միայն ինքներս մեզ եւ մեր լրատվամիջոցները: Հենց որ մենք սկսում ենք ներկայացնել որեւէ իշխանություն, ընդդիմություն, կուսակցություն, տնտեսական խումբ, որեւէ պետություն կամ պետական գերատեսչություն, մենք դադարում ենք լրագրող լինելուց, եւ մեր ամեն մի գրած կամ արտասանած բառ ընկալվում է որպես տվյալ խմբի կամ տվյալ պետության տեսակետ:

Դմիտրի Կիսելյովը լրագրող չէ, նա Կրեմլի ագրեսիվ, կացնային քարոզչության ներկայացուցիչ է, ըստ էության, պետական չինովնիկ է, ընդ որում՝ իր իրական կարգավիճակով ավելի բարձր է, քան ռուսաստանյան շատ-շատ պետական այրեր, համարյա «Ճշմարտության նախարար» (եթե հիշենք Ջորջ Օրուելի հայտնի վեպը): Նա հաստատ Պուտինի գաղտնի հրամանագրով պարգեւատրված այն 300 «լրագրողներից» մեկն է, որոնք, ՌԴ նախագահի կարծիքով, «օբյեկտիվ են լուսաբանել» Ղրիմի իրադարձությունները:

Ոչ մի իսկական լրագրողի դատողություններ ՀՀԿ-ական պատգամավորները չէին լսի նման ուշադրությամբ: Եթե Դմիտրի Կիսելյովը լրագրող լիներ, նրանք այդպիսի հնազանդությամբ չէին ընկալի հյուրի «ղեկավար ցուցումները», թե ինչպես մենք պետք է կազմակերպենք մեր ներքին կյանքը: Իսկ այս դեպքում միանգամայն պարզ է ռուսաստանյան չինովնիկի գլխավոր ուղերձը` ուզո՞ւմ եք անվտանգություն, պետք է ընդունեք նաեւ մեր տոտալիտար մշակույթը: Ոչ թե ռուսական մշակույթը, որը հրաշալի ժողովրդավարական ավանդույթներ ունի, այլ այսօրվա Կրեմլից եկող քաղաքակրթական ազդակները:

Չեմ ուզում այստեղ քննարկել Կիսելյովի մտքերը, դրանք գրեթե ամեն օր կրկնվում են ռուսաստանցի տարբեր մակարդակի պաշտոնյաների, գաղափարախոսների եւ քարոզիչների կողմից: Ավելի լավ է` եւս մեկ անգամ դառնամ լրագրողների եւ չլրագրողների տարբերությանը: Ինձ, օրինակ, դժվար է խոսել իմ ադրբեջանցի գործընկերներից շատերի հետ, որովհետեւ նրանք սովորաբար գալիս են մեզ հետ շփվելու որպես իրենց պետության ներկայացուցիչներ եւ ունեն ինչ-որ «պարտադիր ծրագիր»` «20 տոկոս գրավյալ տարածք, մեկ միլիոն փախստականներ» եւ այլն:

Ես գերադասում եմ նաեւ չբանավիճել այստեղի, հայաստանցի կուսակցական քարոզիչների հետ` ինձ հետաքրքիր է անհատի, անհատականության մտածելակերպը, անկախ նրանից` դրա հետ համաձայն եմ, թե ոչ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Հետաքրքիր հարց եք բարձրացնում: Հնարավո՞ր է լինել հարյուր տոկոս չեզոք և արդյո՞ք պետք է ձգտել չեզոքության լրագրության մեջ: Օրինակ, չեզոքություն անհրաժեշտ է պահպանել գիտական ուսումնասիրության մեջ, երբ հարկավոր է հավատարիմ լինել ճշմարտությանը, որքան էլ այն հակասի իմ գիտելիքներին ու ձևավորված պատկերացումներին: Սակայն, լրագրողը ուզի թե չուզի ներգրավված է հասարակական կյանքում և մարդկային հարաբերություններում, որտեղ չեզոքություն դրսևորելը հաճախ կարող է լինել ձեռնտու, իսկ երբեմն նույնիսկ անբարոյական: Ասածիս վառ օրինակ են մեր տռրահռչակ համանախագահները, որոնք միշտ կոչ են անում հայերին ու ադրբեջանցիներին շփման գծում դրսևորել զսպվածություն: Նույնը ֆուտբոլում՝ մրցավարի չեզոքության փորձերը երբեք լավ արդյունքի չեն հանգեցնում: Սակայն լավ մրցավարը դա աննկատ մրցավարն է, որը նաև համարձակություն ունի ջրի երես հանել դաղալին:

    • Վալոդ says:

      Ավելացնեմ, որ այսօրվա ագրեսիվ ռուսական պրոպագանդան սեփական դեգրադացիան ու անկումը շղարշելու լավացույն միջոցն է:

  2. Կարեն says:

    Հայ-ռուսական բարեկամության խմբի ոչ հարգարժան անդամներ: Մի ցածրացրեք մեր կարգավիճակը: Մենք Ռուս ցարի վասալներն ենք՛ ոչ թէ ճորտերը: Նսեմացմում եք մեր կարգավիճակը,ՈՐ ԻՆՉ ԱՆԵՔ:Իսկ եթե լուրջ՛, ապա ինչպես եք նայելու ձեր հարազատների աչքերի մեջ: Չեք տեսնում որ չափ ու սահմանը անցել եք:

  3. Արա says:

    Այն որ ռուսերեն լեզուն Հայաստանում նահանջ է ապրում և դուրս է մղվում դա իրոք փաստ է, ընդ որում դա միայն վատ է, որովհետև մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը Հայաստանում բնակչության գերակշիռ մասը անկախ կրթական մակարդակից գոնե խոսակցական մակարդակով գիտեր երկրորդ լեզու, իսկ ներկայիս երիտասարդների մեծամասնությունը երկրորդ լեզվի համարյա չի տիրապետում, նույնիսկ ֆիլմերը կամ հաղորդումները չեն հասկանում: Իսկ Կիսելյովի իրավիճակը փոքր-ինչ հասկանում եմ, քանի որ հարևան Վրաստանում շատ եմ հանդիպել երիտասարդների որոնց հետ ոչ բառ չեմ կարողացել հաղորդակցվել, նրանք չգիտեին ռուսերեն, չգիտեին նաև իմ իմացած (պարզագույն դպրոցական սկսնակ մակարդակի) անգլերենը և այդ պահերին ես ինքս անկախ այս պատմությունից, մտածել եմ որ դա նորմալ չէ, երբ նույնիսկ ցածր կրթական մակարդակի անհատը երկրորդ լեզվի չի տիրապետում: Ինձ համար ցանկալի կլիներ, որ Հայաստանում ապագայում այդ երկրորդ լեզուն լիներ անգլերենը և կիսելյովների հարցին տաքսիստը անգլերեն պարզաբանումով տար պատասխան:

  4. Զավեն says:

    Բավական է այդ տաքսիստները մեզ խայտառակեն,ուր է նայում Գագիկ Բեգլարյանը!!!!!Պետք է տաքսու լիցենզիա տրամադրել միայն նրանց, ով հրաշալի տիրապետում է ռուսերենին և պուտինյան Ռուսաստանի պատմությանը:Պետք է նաև հայ “հերիտիքոս” եկեղեցին փոխարինել ուղղափառոով:

  5. Կարո Մելիքյան says:

    Ռուսները,հավանաբար շատ հեռվից էն սկսել՝սկզբում հայերի մի մասին,եթե ոչ մեծամասնությանը՝ռուսերենը տիրապետեցնեն,հետո քաղաքացիություն « նվիրաբերեն» եւ անձնագրեր բաժանեն, իսկ հետո հեռվից պաշտպանեն «իրենց» քաղաքացիների շահերը խոցքով,այնուհետեւ անցնեն գործի՝ցանկացած միջոցներով (լեզուս չի բռնում ասեմ ինչ միջոցներով)։

  6. Աբո says:

    Դմիտրի Կիսելյովը՝ պրոֆեսոնալ լրագրող- քիլեր է:Նա ստանում է պատվեր և մեծ գումար, ու կատարում է իր գործը:Ինձ չի թվում,թե նրան հետաքրքրում է մեր կարծիքը:

  7. Ռուբեն Պարսամյան says:

    Աբոյի դիտարկումն անաչառ է,մեզ իրար են խառնում,ստուգելու համար,թե ինչ կասենք:Իրենց ծրագրերն իրագործելու համար սպիտակ արջը տասնյակ ծրագրեր ունի;

  8. Զավեն says:

    Բայց մյուս կողմից Կիսիելյովի հայտարարությունը դա արջի ծառայություն էր Պուտինի համար:Չեմ կարծում,որ Պուտինին դուր է եկել,որ ինչ-որ մի ենթակա մրջյուն փորձում է խոսել Ռուսաստանի անունից:Պարզապես նա մի պահ գերագնահատել է Ռուսաստանի և հատկապես իր դերը հայերի համար:Չեմ կարծում,որ նախապես ծրագրավորված ելույթ է եղել:

  9. Hayk says:

    Պ Աբրահամյան: Այսօրվա Հայաստանում բոլոր «շուխուրներ»@ կազմակերպում եք դուք–լրագրողներդ, ձեր «թայֆայով», կոնկրետ ցուցումներով, հաճախ բոլորդ օգտագործելով նույն բառեր@: Ու էդ ամբողջն ուղղված է «հակառուսական» տրամադրություններ տարածելու ձեր «միակ ու սուրբ» միսիային: Դուք «կուլ եք տալիս» շատ ավելի վիրավորական մտքեր-երբ դրանց հեղինակներն «ռուս» չեն: Համոզվելու համար բավական է միայն թերթել ձեր արխիվներ@((((((……… Ամենեւին էլ հպարտանալու առիթ չէ ռուսերենի չիմացություն@, եւ ես չեմ կասկածում,որ անձամբ Ձեր երեխաներ հաստատ 100% -ով տիրապետում են ռուսաց լեզվին:Բայց ասեմ, որ անպտուղ են ձեր ջանքեր@: Մարդիք հաճախ գաղթում են հատկապես երեխաներին “ռուսական կրթություն” տալու պատճառով:

  10. Hayk says:

    Скоро без владения русского языка, люди не смогут найти работу в России,если даже будет свободный въезд! Тогда вместо “наших”, эти рабочие места займут другие—ведь сейчас везде проблема “безработицы”! Вот истинная причина этой всей “шумихи”!! Наивные люди!

  11. Hayk says:

    Շուտով Ռուսաստանում առանց ռուսերենի իմացության հնարավոր չի լինի աշխատանք գտնել, եթե նույնիսկ «ազատ մուտքի» ռեժիմ լինի: Ահա այդ ժամանակ էլ, մերոնցից շատերին կփոխարինեն ուրիշներ, չէ որ այսօր աշխատանքի պրոբլեմ կա ամենուրեք: Ա՛յ թե ինչ իրական նպատակ ունեն այս «արհեստական աղմուկներ@»: Միամիտ ժողովուրդ:

  12. Աբո says:

    Հարցը՝ լեզվի իմացության մասին չէ:Ես նույնպես գտնում եմ,որ ցանկալի իմանալ թե ռուսերեն,թե անգլերեն,մարդիկ վիրավորվեցին,երբ առաջարկվեց ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու,բայց մյուս կողմից 70 տարի դա եղել է և ոչ մի վնաս հայ ազգին չի տվել:Իզրաելում այժմ ել ռւսերենը պետական լեզու է:

  13. Alvard says:

    Շատ լեզուների տիրապետելը շատ լավ բան է, բայց եկեք հասկանանք մի բան. պետության ինքնիշխանության կարևորագույն տարրերից մեկն էլ հայաֆիկացումն է: Շատ լեզուներ սովորենք, բայց բարձր պահենք մեր ազգային դիմագիծը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30