Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ լեզու չի կարող մոնոպոլ դեր ունենալ այսօրվա պայմաններում»

Հունիս 13,2014 15:05

Ըստ ԿԳ նախարարի՝ պահանջարկը պետք է բնական լինի
եւ ոչ թե պարտադրվի

Երեկ Երեւանում հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության նիստի ժամանակ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության փոխտնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարեց, որ Հայաստանում ռուսաց լեզուն կորցրել է իր դերը, որ Հայաստանում չկան ռուսական դպրոցներ եւ այլն: Եվ այդ մասին նա խոսեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսակցության համատեքստում:

Թե որքանո՞վ էր համադրելի Ղարաբաղի հարցը Հայաստանում ռուսական դպրոցներ չլինելու հարցի հետ, եւ արդյոք Հայաստանում ռուսաց լեզուն կորցրե՞լ է իր դերը՝ այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Ըստ Ա. Աշոտյանի՝ Հայաստանում ռուսերենի դերը բարձրացնելու, ռուսաց լեզուն տարածելու համար կա բավականաչափ քաղաքական կամք, կա հետաքրքրություն, կա պահանջարկ, սակայն չկա կարիք եւ ցանկություն՝ բացելու պարտադիր ուսուցման ռուսական դպրոցներ: «Ռուսաց լեզուն՝ որպես պարտադիր ուսուցման առարկա եւ առաջին օտար լեզու, սկսած երկրորդ դասարանից անցնում են բոլոր հանրակրթական դպրոցներում, այն դեպքում, երբ անգլերեն կամ այլ օտար լեզու անցնում են երրորդ դասարանից: Վերջին զարգացումները հաշվի առնելով՝ ռուսաց լեզվի պահանջարկը կա մեր քաղաքական, տնտեսական ոլորտներում, ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը հաշվի առնելով՝ ռազմատեխնիկական ոլորտում եւ այլն: Ռուսերենի դերը մեծ է մշակութային հաղորդակցության համար, ռուս մշակույթին բնագրով ծանոթանալու համար: Սակայն պետք է նկատել, որ որեւէ լեզու չի կարող մոնոպոլ դեր ունենալ այսօրվա պայմաններում: Պետք է հաշվի առնել այն պահանջարկը, որը կա օբյեկտիվ իրականության մեջ: Իմ աշխատանքի ընթացքում դեռ չի եղել դեպք, որ Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ դեսպանների կամ կրթության ոլորտի պատասխանատուների հետ զրույցներում լինի որեւէ խոսակցություն անգլերենի դերը Հայաստանում մեծացնելու վերաբերյալ: Դա ինքնըստինքյան այդպես է, պահանջարկը ձեւավորում է շուկան: Լեզվի նկատմամբ հետաքրքրությունը կամ պահանջարկը պետք է բնական լինի եւ ոչ թե ինչ-ինչ պատճառներով դրդված պարտադրվի: Ռուսական պետությունը պետք է ստեղծի իր երկրի հանդեպ մեծացող պահանջարկ, որպեսզի լեզվի ընտրությունը բնական լինի»:
ԿԳ նախարարը հիշեցրեց, որ Լեզվի մասին օրենքում արված համապատասխան փոփոխությամբ ներկայումս Հայաստանում հնարավորություն կա միեւնույն օտար լեզվով մինչեւ չորս դպրոց բացելու: Եվ այդ շրջանակներում արդեն երկու անգլալեզու դպրոց կա՝ «Քվանտը» եւ Դիլիջանի միջազգային դպրոցը: Նախարարը տեղեկացրեց, որ չինական կառավարության պատվիրակության հետ բանակցությունների արդյունքում Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց, որի համար չինական կողմը մոտ 10 մլն դոլար է պատրաստ ներդնել: Ծրագրեր կան արաբական երկրների հետ՝ արաբերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ բացելու համար եւ այլն: Բայց ռուսական կողմից այս ուղղությամբ որեւէ հստակ քայլեր դեռ չեն արվել: Հիշեցնենք, որ օրենքով նման դպրոցները կարող են լինել կամ մասնավոր, կամ միջպետական պայմանագրի շրջանակներում: Իսկ ընդհանրապես՝ այսօր Հայաստանում 60 դպրոցներում կան ռուսերենի դասավանդմամբ դասարաններ: Ճիշտ նույնքան դպրոցներում էլ ռուսերենն անցնում են խորացված ուսուցմամբ: Մեր հարցին՝ իսկ ինչպիսի՞ն է վիճակը Ռուսաստանում, չէ՞ որ այնտեղ հայկական մեծ համայնք է ապրում՝ ավելի քան երկու միլիոն մարդ, ըստ ՌԴ վերջին մարդահամարի՝ հայերը Ռուսաստանում բնակվող յոթ ազգերից են, որոնց թիվն անցնում է մեկ միլիոնից, ու չնայած դրան՝ չունեն սեփական լեզվով կրթվելու հնարավորություն: Այս հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում է Ռուսաստանի մի շարք քաղաքների, որտեղ հայկական հոծ բնակչություն կա՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ռոստով եւ այլն, հայերենի դասավանդման հնարավորության հարցը. «Բայց այդ հարցը դեռեւս չենք կարողանում լուծել: Լինելով Ռուսաստանում ապրող ամենամեծ թվաքանակն ունեցող ժողովուրդներից մեկը՝ մենք չենք կարողանում լուծել ազգային լեզվով դասավանդման հնարավորությունը»:

Եվ այդուհանդերձ, անկախ այս ամեն ինչից՝ որքանո՞վ է ճիշտ Լեռնային Ղարաբաղի հարցը կամ որեւէ այլ քաղաքական հարց կապել ռուսաց լեզվի տարածվածության հետ Հայաստանում (կամ հակառակը՝ ՌԴ-ում հայերենի դասավանդման հարցի ձգձգման հետ): Մեր այս հարցին ի պատասխան՝ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Հայ-ռուսական հարաբերություններում ամենակարեւորն այն է, որ դրանք խարսխված են ընդհանուր արժեքների, ընդհանուր շահերի վրա, եւ միմյանց հանդեպ մեղադրանքների շարադրանքը ամենափակուղային մոտեցումն է: Դա մի կողմից՝ ոչնչի չի բերում, մյուս կողմից՝ այս ճանապարհը էմոցիոնալ է, գայթակղվելու հավանականությունը մեծ է: Մենք հարյուրամյակների ընդհանուր պատմություն ունենք անցյալում, մենք միասին կառուցելիք ապագա ունենք, եւ այս հարաբերությունների պարագայում ամենաճիշտ մոտեցումը իրար հետ խնդիրներին լուծումներ տալն է, ոչ թե իրար հանդեպ կուտակված դժգոհությունների, չարված գործերի կամ պահանջների շարադրանքը: «Բա դուք սա չարեցիք», «բա մենք սա արեցինք» ձեւակերպումը ամենահեշտն է հայրենասիրական տեսանկյունից, բայց ռազմավարական տեսանկյունից դա փակուղային մոտեցում է, որովհետեւ ոչ մի խնդիր դրանով չի լուծվում»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Գ.- Ի դեպ, Արմեն Աշոտյանը, օգտվելով առիթից, շնորհավորեց ռուս ժողովրդին հունիսի 12-ին նշվող Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն եւ խաղաղություն:

«Առավոտ» օրաթերթ
12.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30