…Շվեդական Կալմար քաղաքում գտնվող եւ համանուն լենի (մարզի) ամենահեղինակավոր տեղական լրատվամիջոցը համարվող «Բարոմետր» թերթի խմբագրությունում հանդիպում էր մեդիայի օրենսդրության եւ էթիկայի տեսաբան Յորան Անդերսոնի հետ։ Այս մարդը հետաքրքիր է նրանով, որ տարեկան բազմաթիվ հանդիպումներ է ունենում դպրոցների, գիմնազիաների, բուհերի ուսանողների, ուսուցիչների, դասախոսների հետ՝ հիմնականում բացատրելու, թե ինչպես է աշխատում մեդիան, ներկայացնում է օրենսդրական եւ էթիկական միջավայրը, որում նրանք գործում են, որպեսզի իր ունկնդիրները՝ ներկա եւ ապագա ընթերցողներն ու ընդհանրապես՝ մեդիայի սպառողները կարողանան կողմնորոշվել այսօրվա տեղեկատվական հոսքերի մեջ։
Երկար նախաբանս միայն ու միայն նրա համար էր, որպեսզի այս շատ հետաքրքիր մարդու բերած օրինակը կարդալով՝ չմտածեք, թե պատահական մեկի մասին եմ խոսում։
Եվ ահա, երբ Յորանը խոսում էր ու օրինակով ներկայացնում Շվեդիայում լրատվամիջոցների աղբյուրների եւ ընդհանրապես, այսպես կոչված, ինֆորմատորների պաշտպանության մասին, տողերիս հեղինակն անմիջապես հիշեց հայրենի դատախազության վերջին տխրահռչակ հայտարարությունը (տե՛ս ), որով այս, ամոթ էլ է ասել՝ փաստաթղթի հեղինակներն ըստ էության սպառնում էին լրատվամիջոցներին։
Այդ հայտարարությանը մենք արդեն անդրադարձել ու դրա հեղինակներին իրենց տեղը ցույց ենք տվել (տե՛ս ), սակայն այս օրինակն անպայման ուզում ենք ներկայացնել՝ զուտ համեմատության համար (ի դեպ, օրինակը հետաքրքիր է երկու առումներով)։
Եվ այսպես. տեղական մունիցիպալիտետներից մեկի ղեկավար տիկինը վարչակազմի նիստի ժամանակ հաստատման է ներկայացնում մի որոշման նախագիծ, որով ծովափնյա տարածք պետք է հատկացվեր մի մեծահարուստի՝ ինչ-որ շինարարություն իրականացնելու համար։ Վարչակազմի անդամներից մի քանիսը առարկում են՝ բերելով իրենց փաստարկները, թե այդ տարածքներում օրենքով արգելված է շինարարությունը, հղում են կատարում համապատասխան փաստաթղթերին եւ այլն։ Սա հենց առաջին հետաքրքիր պահն է. պատկերացրեք մեզ մոտ որեւէ համայնքի ավագանու նիստ, որտեղ ավագանիները առարկում են համայնքի ղեկավարի առաջարկած որոշմանը (մեկ-երկու բացառություններ կան, սակայն համայնքապետերի առաջարկած նախագծերն ի վերջո ընդունվում են)։
Ինչեւէ։ Այս կինն իբրեւ վերջին «փաստարկ» ասում է, թե այդ մեծահարուստը շատ նշանավոր անձնավորություն է, որի շնորհիվ լիքը մարդ աշխատանք ունի, հետեւաբար պետք է նրա համար բացառություն անել եւ հատկացնել այդ հողակտորը։ Այս «փաստարկը», որ կարող էր աշխատել Հայաստանի նման երկրներում, Շվեդիայում տխմարություն է համարվում. ուրեմն դուք խտրականությո՞ւն եք դնում մարդկանց միջեւ, հա՞, ուրեմն որ մեծահարուստ է, առավելությո՞ւն ունի, այսինքն՝ եթե հասարակ մեկը լիներ դիմողը, դուք կմերժեիք՝ հղում անելով օրենքին, իսկ մեծահարուստի համար բացառությո՞ւն եք անում…
Բնականաբար, որոշումը չի հաջողվում ընդունել տալ։ Սակայն այս պատմությունը շարունակություն է ունենում, եւ դա է կարեւորը. վարչակազմի անդամներից մեկը այս ամբողջ խոսակցությունը գաղտնի ձայնագրած է լինում եւ փոխանցում է տեղական ռադիոյին։ Պարզ է, որ Շվեդիայում մեծ սկանդալ է բարձրանում, տիկնոջ խոսքը հաջորդ օրվա բոլոր լրատվամիջոցների քննարկման գլխավոր թեման է դառնում, եւ ի վերջո՝ այս կինը ստիպված է լինում հրաժարական տալ…
Այս ամբողջ պատմության մեջ, հատուկ շեշտեց Յորանը, ամենից հետաքրքիրն այն է, որ վարչակազմի ղեկավարը փորձ չարեց անգամ պարզելու, թե ով էր իրականացրել գաղտնի ձայնագրությունն ու փոխանցել ռադիոյին։ Որովհետեւ նման փորձ կատարելու դեպքում նա, ինֆորմացիայի աղբյուրները պաշտպանող օրենսդրությանը համապատասխան, կարող էր ենթարկվել պատասխանատվության։
Կարդացեք նաև
Շվեդիայում ոչ ոք իրավունք չունի լրատվամիջոցներից պահանջելու իրենց խորհրդապահական աղբյուրների բացահայտում, ինչ գաղտնիք էլ որ հրապարակված լինի։ Սակայն լրատվամիջոցներն էլ իրենց պայմանն են դնում. տեղեկությունը հաղորդողը չի կարող ինկոգնիտո լինել թերթի համար։ Թերթը պիտի իմանա նրա ով լինելը, ապա հրապարակի նրա հաղորդած տեղեկությունը, սակայն այդ անունը երբեք չի բացահայտի։
Դե, իսկ հիմա հիշեք հայրենի դատախազության տխրահռչակ հայտարարությունը, որի մասին մեր համեստ կարծիքն արդեն գրել ենք, եւ համեմատեք սրա հետ։
Այս օրինակը գուցե ե՛ւ լրագրողների, ե՛ւ աշխարհի փորձին ծանոթ տեսաբանների համար է սովորական, սակայն վախենամ՝ այդպես էլ ուսանելի չդառնա Հայաստանի դատախազության աշխատակիցների համար եւ չհասնի ամենուրեք դավադրություն փնտրող դատախազներին ու քննիչներին։
Թե՞ վերջապես տեղ կհասնի, պարոն Կոստանյան, եւ դուք կդադարեք ձեր սլաքներն ուղղել լրատվամիջոցների ու խոսքի ազատության դեմ։
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կալմար, Շվեդիա
«Առավոտ» օրաթերթ
12.06.2014