Մասնագիտությամբ նկարիչ Արթուր Սարգսյանը տեղեկանալով,
որ ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետի անուն-ազգանունը նույնպես Արթուր Սարգսյան է, որոշում է «օգտվել»:
Նա իր «ձեռքն է գցում» տասնյակ գործարարների, ներդրողների: Գումարներ է ստանում նրանց դրած բիզնեսը «ծաղկեցնելու», շահույթներ ստանալու համար:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տուժող Արմեն Միրզախանյանը պատասխանելով հնչած հարցերից մեկին, թե՝ «Ձեր մոտ կասկած չառաջացա՞վ, որ կառավարության աշխատակիցն ինչո՞ւ է տաքսիով ման գալիս, բնակվում վարձով», պատասխանեց՝ ոչ. «Մինիստրի նման հագնվում, դուրս էր գալիս: Գաիշնիկները, երբ կանգնեցնում էին այն մեքենան, ուր նստած էր նա, չեստ էին տալիս, ասում՝ անցիր ընկեր Սարգսյան: Քաղաքի ճարտարապետն էլ էր ճանաչում նրան: Բացի դա, ես տեսել եմ՝ նա կառավարության անդամի վկայական ուներ: Իսկ մի անգամ էլ հարցրել եմ, թե ինչու է վարձով բնակվում Ավանում, ասաց՝ ընտանեկան խնդիրներ ունի»:
Տուժողը մի անգամ էլ հարցրել էր, թե ինչու է տաքսիով ման գալիս մեր սիրելի կառավարության իրավաբանական վարչության պետը, նա ասել էր՝ այդպես պետք է, կոնսպիրացիայի նպատակով է: Հետեւեց դահլիճից ռեպլիկը՝ կոնսպիրացիայի վարչության պետն էր:
Այս տուժողն ասաց, թե եղել է կառավարության աշխատակցի օֆիսներից մեկում, մետաղների ներմուծման նպատակով ներդրումներ է արել: Առաջին գումարը, որ տվել է Արթուր Սարգսյանին, բանկի մեջտեղում էր, եւ հարկ չի համարել ստացական ստանալ 19 000 դոլարի համար:
Կարդացեք նաև
Բացի այդ, ինքն ու հայտնի մարդը ծանոթացել են 2008թ. սեպտեմբերին, իր ընկերոջ՝ Էդգարի միջոցով:
Ըստ գործի նյութերի, Արթուր Սարգսյանը, որպես կառավարության իրավաբանական վարչության պետ եւ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող մետաղագործական ընկերությունների հետ համատեղ ծրագիր իրականացնող, Ա. Միրզախանյանից ստանում է 5.719.000 ՀՀ դրամ գումար, իսկ մեկ այլ տուժողից՝ Հ. Գասպարյանից՝ 85 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Արթուր Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով տուժողները 9-ն են: Անցյալ տարվա մարտի 6-ին Արթուր Սարգսյանը հայտնաբերվել է: Մինչ այդ գտնվել է փախուստի մեջ:
Տուժողների մեջ են «Վալենսիա», «ԷԳԱ», «Եվրոպա», «Մեգըզինս ֆոր փիփլ» եւ այլ ընկերություններ:
Արթուր Սարգսյանը «ԷԳԱ» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Գասպարյանին հավատացրել էր, թե իր ընկերությունը գովազդային վահանակներ է տեղադրում եւ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, կնքել էր պայմանագիր, եւ հափշտակել 16. 600.000 ՀՀ դրամ գումար: Ա. Սարգսյանը մեկ այլ դրվագով էլ հողատարածքներ ձեռք բերելու խոստումներ էր տվել եւ տուժողներ Մանուկ Բաբայանից եւ Արամայիս Բեգլարյանից հափշտակել է 4000-ական դոլար գումար: Ինչպես տեղեկացրել ենք, Արթուր Սարգսյանը հայտնել էր, թե իրեն հովանավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, այդ իսկ պատճառով «Եվրոպա» ՍՊ ընկերության նախկին գործադիր տնօրեն Արթուր Մանուչարյանը վստահել էր նրան, եւ տարաժամկետ վճարման պայմանով նրա հետ կնքել էր 8.400.000 ՀՀ դրամի պայմանագիր:
Սարգսյանն ասել էր, որ Դավիթ Սարգսյանը հովանավորում է «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման շինարարական աշխատանքները, եւ այդ մասին նա ասել էր «Մետալլես» ՍՊ ընկերության ղեկավար Արտյոմ Առուստամյանին: Մերօրյա սինյոր Պապագատտոն այս ստի դիմաց կնքված փոխառության պայմանագրով՝ ստացել էր 22.500.000 դրամ գումար:
«Դուետ իդեալ» ՍՊ ընկերությունից էլ փայ է ունեցել կառավարության կեղծ աշխատակիցը:
Արթուր Սարգսյանը գազալիցքավորման ճնշակայան կառուցելու թույլտվության համար ընկերությանը տրամադրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի կեղծ ստորագրությամբ կառավարության կեղծ որոշում: Ըստ կառավարության կեղծ որոշման՝ «Դուետ Իդեալ» ՍՊ ընկերությանը թույլատրվել է Էրեբունի համայնքի Արցախ-Էրեբունի փողոցների հատման հատվածում կառուցել ավտոգազալիցքավորման ճնշակայան, արժեքն էլ` քառասուն միլիոն դրամ:
Տուժողներից յուրաքանչյուրի համար երաշխիք է եղել Արթուր Սարգսյանի՝ կառավարության աշխատակից լինելը եւ «բիզնես» ունենալը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.06.2014